Եվրոպական կառույցների հետ համագործակցությամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է հզորացնել օդի աղտոտվածության մոնիտորինգի ենթակառուցվածքերը: Դրանից բացի, նախատեսվում է ունենալ համապատասխան բջջային հավելված, որն առցանց ռեժիմով քաղաքացիներին կհաղորդի օդի աղտոտվածության տվյալներ՝ ըստ հանրապետության տարածքների: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը նշեց, որ «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակում նախատեսվում է բավական լայն միջոցառումների ցանկ:
«Մենք առաջարկել ենք, որ արդեն նախատեսված միջոցառումներին հավելյալ իրականացվի Հայաստանի Հանրապետության մթնոլորտային օդի աղտոտվածության համար մոնիտորինգի համալիր կարիքների գնահատում: Օրինակ, հասկանանք, թե Երևանում ինչ հզորությամբ, ինչ մոնիտորինգի կայաններ պետք է տեղադրվեն, որպեսզի մենք պատշաճ մշտադիտարկում իրականացնենք ու հասկանանք օդի աղտոտվածությունը՝ տարբեր արտանետումներով: Դա անելու ենք և՛ Երևանի, և՛ Հայաստանի ամբողջ տարածքի համար»,- ասաց Իրինա Ղափլանյանը:
Ունենալով այդ հետազոտությունը ֆինանսական տարբեր աղբյուրներից հնարավոր կլինի գումարներ ստանալ, որպեսզի ձեռք բերվեն համապատասխան սարքավորումներ, դրան զուգահեռ ունենալ հավելված, որ քաղաքացիներն ուղիղ ռեժիմով ստանան տեղեկատվություն այն մասին, թե օդի աղտոտվածությունն ինչ ցուցանիշներ ունի Հայաստանի տարածքում:
«Դա շատ կարևոր է, այս նախաձեռնությունը Հայաստանում նախադեպ չունի: Արդեն հաստատվել է տեխնիկական առաջադրանքը և աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը, որը Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալությունն է: Նախատեսվում է, որ վերջնական փաթեթը, այդ թվում քարտեզը, տվյալներն այն մասին, թե որտեղ, ինչ հզորությամբ կայան պետք է ստեղծվի, կունենանք մինչև տարեվերջ»,- ասաց Իրինա Ղափլանյանը:
Հաշվի առնելով, որ ընդհանուր ծրագիրը երկար ժամանակ է պահանջում մինչ վերջնական արդյունքը, արդեն այս ամառ մի բաղադրիչով հնարավոր կլինի ունենալ սարքավորում ու դրան կից բջջային հավելված: Իրինա Ղափլանյանը տեղեկացրեց, որ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ Երևանի քաղաքապետարանի համար հատկացված դրամաշնորհի շրջանակում նախատեսվում է մեկ կայանի ստեղծում, որը հնարավորություն կտա կատարել փոշու մասնիկների՝ PM 2.5 և PM 10-ի հետազոտություն, ինչը մինչև այժմ Հայաստանում չի արվել:
«Գիտենք, որ որպես կանոն փոշին Երևանի օդի աղտոտման ամենամեծ աղբյուրներից մեկն է, հաշվի առնելով, որ ծանր արդյունաբերություն մայրաքաղաքում չունենք: Փոշին գալիս է տրանսպորտից, շինարարությունից, քարհանքերից: Այժմ նախաձեռնել ենք ունենալ փոքր սարք փոշու մասնիկներն ուսումնասիրող, այն կտեղադրվի Երևանի կենտրոնում և կգործարկվի իր հավելվածին կից»,- հավելեց նախարարի տեղակալը:
Աննա Գզիրյան