Կաննի ընտրված ֆիլմերի ցանկում է Հայաստանի ֆիլմը՝ Արցախի օդանավակայանի մասին. media.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կաննի ընտրված ֆիլմերի ցանկում է Հայաստանի ֆիլմը՝ Արցախի օդանավակայանի մասին. media.am

Կինոռեժիսոր, վիզուալ արտիստ Նորա Մարտիրոսյանի ֆիլմը ամենահեղինակավոր ու ազդեցիկ Կաննի միջազգային կինոփառատոնի պաշտոնական ցանկում է:

«Երբ քամին հանդարտվի» («Si le vent tombe», «Should the Wind Drop») խաղարկային ֆիլմը Ֆրանսիայի, Բելգիայի, Հայաստանի համատեղ արտադրություն է, և սա առաջին անգամ է, երբ Հայաստանը ներկայացնող ֆիլմը հատել է պաշտոնական սելեկցիայի բարդագույն ոլորաններն ու միանգամից հայտնվել Կաննի տարվա ընտրված լավագույնների ցուցակում, 58 ֆիլմերի շարքում:

Թեև տարիներ առաջ, դեռևս հեռավոր 1966-ին, Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը նույնպես եղել է Կաննի հիմնական մրցույթում, բայց այն ժամանակ ֆիլմը ներկայացնում էր ոչ թե Հայաստանը, այլ Սովետական միությունը:

Իսկ հիմա Նորա Մարտիրոսյանի ֆիլմը այն կարգավիճակում է, որ վստահ կարելի է ասել՝ պատնեշներ (նաև բյուրոկտարական-փառատոնային) այլևս չկան: Կաննի մրցույթում հայտնվելն արդեն այն պիտակն է ու որակի այն նշանը, որը ֆիլմի հետագա առաջխաղացման համար բացում է գրեթե բոլոր դռները:

Հետաքրքիր է, որ 2020-ին հայ ռեժիսորը կարողացավ նման, իրոք աննախադեպ հաջողության հասնել նաև համավարակի շնորհիվ: Կյանքը փոխվում է, փառատոններն էլ՝ հետը:

Կաննի փառատոնը համավարակի պատճառով փոխել է իր կարգն ու իրար միացրել բոլոր անվանակարգերը (մրցութային, արտամրցութային, «Հատուկ հայացք» և այլն), որոշելով, որ գլխավոր մրցանակներ ու ժյուրի պետք չեն, և փառատոնը սատարելու է բոլոր ֆիլմերին, որոնք պաշտոնապես ընտրված են:

Իսկ դա նշանակում է, որ հետագայում միջազգային դիստրիբյուտորները կարող են «official selection» պիտակը հավասարապես օգտագործել բոլոր ընտրված ֆիլմերի դեպքում՝ առանց հաշվի առնելու մրցանակներ ստանալու փաստը: Մրցանակներ պարզապես չեն լինելու:

2020-ին Կաննի փառատոն չի լինի ոչ ֆիզիկապես, ոչ էլ վիրտուալ:

Փոխարենը Կաննը դառնալու է կամուրջ, որը հեշտացնելու է իր ֆիլմերի ընտրանու ճակատագիրը: Օրինակ, փոխանցելով դրանք ավելի ուշ անցկացվող այլ փառատոններին կամ նպաստելով դրանց ցուցադրությանը կինոթատրոններում, արդեն համավարակից հետո:

Նախկինում Կաննի փառատոնը սահմանափակում էր իր ընտրած ֆիլմերի հետագա մասնակցությունն այլ փառատոններին, հիմա այդ արգելքը հանվել է:

«Երբ քամին հանդարտվի» ֆիլմը շատ քիչ մարդ է դիտել (այստեղ ֆիլմից կարճ հատված է): Եվ քանի դեռ ֆիլմի պրոդյուսերները հույս ունեն մասնակցելու աշնանը նախատեսված փառատոններին, լավագույն դեպքում հայաստանցիները այն կդիտեն նոյեմբերին՝ «Ոսկե ծիրան» փառատոնի ժամանակ:

Բայց դա չի խանգարում խոսելու այս իրոք ֆենոմենալ հաջողության մասին, որը տեղի ունեցավ թե՛ շնորհիվ, թե՛ ի հեճուկս կինոարտադրության տրամաբանության:

Օդանավակայան` առանց թռիչքների

«Երբ քամին հանդարտվի» ֆիլմը Արցախի մասին է: Ըստ Նորա Մարտիրոսյանի՝ Ղարաբաղը թեմա է, որը օգնում է արտահայտել փիլիսոփայական հայացք, թեև իհարկե, ամեն ինչը սկսվում է քաղաքականությունից:

ֆիլմը պատմում է ֆրանսիացի աուդիտոր Ալենի մասին, որը ժամանում է Արցախ՝ ուսումնասիրելու օդանավակայանը և եզրակացնելու, արդյո՞ք հնարավոր է այն վերաբացել: Ալենը հանդիպում է Էդգար անունով տղային, որն օդանավակայանի մոտակայքում տարօրինակ բիզնես է կազմակերպել:

Մտերմությունը տղայի հետ և ծանոթությունը բնակիչների կյանքին, օգնում են Ալենին բացահայտել, թե ինչ է իրականում նշանակում մեկուսացած երկիր, որտեղ օդային հաղորդակցությունը օդի պես է անհրաժեշտ: Եվ օդի պես անորսալի է:

«Ղարաբաղն ինքնին օդանավակայան է, այն կա, այստեղ է, բայց դեռ պատրաստ չէ «թռիչքի»։ Ես սկսեցի կառուցել ֆիլմն այդ մտքի շուրջ։ Եվ հետաքրքիր էր. հստակ իմանալով, որ օդանավակայանը չի գործում՝ ամեն անգամ, կողքով անցնելիս, նայում էի՝ կարո՞ղ է ինքնաթիռ է վայրէջք կատարել։ Ամբողջ ֆիլմն այդ հույսի նուրբ թելի մասին է։ Եթե շատ հավատաս, կարող է և ստացվի»,- ասել էր Նորա Մարտիրոսյանն իր հարցազրույցում:

Բնականաբար, ֆիլմի հաջող ընթացքը հակազդեցություն է առաջացրել Ադրբեջանում, որը բողոքի նամակներ էր գրել թե՛ ֆիլմին իր մասնակցությունը ցուցաբերած «Եվրիմաժին», թե՛ Կաննի փառատոնի ընտրական հանձնաժողովին: Բոլոր այդ բողոքները անտեսվել են հեշտությամբ, քանի որ քաղաքականությունն ու արվեստը թեև անբաժան են, բայց նրանց բաժանող գծերը անտեսանելի են դառնում առաջին հերթին արվեստի բաղադրիչի, պատմության կառուցվածքի շնորհիվ:

«Ես չէի ուզում անել քաղաքական ֆիլմ»,- ասաց Նորա Մարտիրոսյանը «Ոսկե ծիրանի» կազմակերպած օնլայն զրույցի ժամանակ: Եվ հատուկ շեշտեց, որ ֆիլմ նկարելու նպատակը քաղաքական ակցիան կամ վրեժ լուծելու ցանկությունը չէ: Ինչպես նաև պոլիտկոռեկտ լինելու մղումը:

Ֆիլմը հյուսվում է ավելի նուրբ նյութերից՝ ավելի թեթև ու պակաս լոզունգային: Եվ հենց այդ նուրբ նյութերից կառուցված ֆիլմերը ունեն շանս՝ հաջողության:

«Հաճախ թեթեևությունը բարդ է: Մեծ վարպետները գիտեն, թե ինչպես լինել թեթև. Օրինակ, դա գիտեր Փելեշյանը», – ասաց նա:

Օդը հաղորդակցություն է, չգործող օդանավակայանը՝ այլաբանական օդափոխության արգելք, որը սպասում է աուդիտորի դատավճռի:

«Ես չեմ ասում, ով է ճիշտ և ով է սխալ, միայն փաստեր են: Ոչ մի կարծիք չեմ հայտնում, ուղղակի հիմնվում են փաստերի վրա: Իսկ փաստերի վրա հիմնվելով, չես մտածում պոլիտկոռեկտության կամ վրեժ լուծելու մասին: Չեմ ասում, լավ է, թե վատ, ասում եմ՝ այդպես է: Ֆիլմի նպատակը շատ պարզ է՝ ուզում եմ, որ փաստը լսելի լինի դրսում: Ես ընդամենը պատմում եմ աբսուրդ իրավիճակի մասին: Բայց քանի որ իմ պերսոնաժները «քաղցր» են, իհարկե, ծագում է համակրանք»,- ասաց նա:

Եվ պատմեց, որ Կաննի ընտրող կոմիտեի անդամներից շատերը անգամ չգիտեին, որ ընդհանրապես կա Ղարաբաղ: Նրանք պարզապես հավանել էին ֆիլմը.

«Ֆիլմը հարց ու վրեժ լուծելու ձև չէ»

«Ֆիլմով հաշիվներ չես փակում: Ինձ թվում է, որ վրեժ լուծող ֆիլմերը հաջող չեն»,- կարծում է Նորան:

Ամբողջությամբ՝ media.am