Պաշտոնական վարկածով կորոնավիրուսից մահացած անձանց հարազատների մոտ կա կուտակված վրդովմունք, զայրույթ,- այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Վերլուծելով պաշտոնական վարկածով կորոնավիրուսային վարակից մահացածների հարազատների և ազգականների հետ մեր զրույցները, արձանագրեցինք այն հանգամանքը, որ այդ ոլորտում առկա են մի շարք իրավական և սոցիալական խնդիրներ։ Թեև բոլոր դեպքերն ունեին բնութագրիչ անհատական առանձնահատոկություններ, սակայն ունեին նաև ընդհանրություններ և միասնական գծեր, – տեղի ունեցած մամուլի ասուլիսում նշել է փաստաբանը։
Ըստ նրա՝ պաշտոնական վարկածով կորոնավիրուսային վարակի դեպքում հիվանդանոց տեղափոխված, այնուհետև մահացած անձանց կորոնավիրուսի դրական թեստերը նրանց ազգականներից որևէ մեկը չի տեսել։ «Հիվանդանոց կամ վիրաբուժական բաժանմունք տեղափոխվելուց հետո, իրենց հարազատի հետ նրանցից ոչ մեկը ոչ մի տեսակի կապ չեն ունեցել, ներառյալ՝ տեսակապ կամ հեռախոսազանգ։ Մահացածների հարազատները կամ ազգականները՝ բոլորն անխտիր, չգիտեն, թե երբ և որ ժամին է վրա հասել իրենց հարազատի կենսաբանական մահը։ Բոլոր դեպքերում հարազատները հստակ չգիտեն, թե ինչի հետևանքով է առաջացել իրենց ազգականի մահը և որն է հանդիսացել մահվան պատճառը։ Բոլոր դեպքերում մահանալուց հետո նրանք հիմնականում իրենց ազգականին կամ հարազատին չեն տեսել, իսկ դագաղը նրանց է հանձնվել փակ կնիքված վիճակում։ Որոշակի դեպքերում նրանք նույնիսկ թաղմանը չեն մասնակցել։ Սա ֆանտաստիկայի ժանրից չէ, այլ արձանագրված և փաստաթղթավորված իրականություն»,- նշել է փաստաբանը։
Անդրադառնալով պաշտոնապես կորոնավիրուսային վարակից մահացած անձանց հետ առնչվող անտրամաբանական փաստաթղթավորումներին և դեպքերին, փաստաբան Վահան Հովհաննիսյանը նկատել. «Եղել են նաև արտառոց այնպիսի անհատական դեպքեր, երբ անձի ազգականի կամ հարազատի մոտ արձանագրվել է կորոնավիրուս, նա տեղափոխվել է հիվանդանոց և հետագայում մահացել, դրանից հետո անձի ընտանիքը միանգամից մեկուսացման չի ենթարկվել, այսինքն, պետությունը նրանց այդպիսի պահանջ չի ներկայացրել։ Ունենք դեպք, երբ անձը անձամբ է կատարել վճարումները կորոնավիրուսի պատճառով հիվանդանոց տեղափոխված իր հարազատների և ազգականների բուժման համար։ Ունենք նաև այնպիսի դեպք, երբ անձը ինսուլտի ախտանիշներով տեղափոխվել է նյարդաբանական բաժանմունք, սկզբնապես բացասական կորոնավիրուսային թեստով, իսկ հիվադանոցում գտնվելու երրորդ օրը նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, այսինքն, հարազատների կարծիքով նա կորոնավիրուսով վարակվել է հենց հիվանդանոցում։ Գրեթե բոլորի հարազատների մոտ կուտակված է դժգոհություն, վրդովմունք, զայրույթ, որը գալիս է այս անորոշությունից, անգիտությունից, որովհետև երբևիցե որևէ դեպքով որևէ պետական մարմին կամ պաշտոնատար անձ այդ մարդկանց գրավոր պաշտոնական փաստաթղթային որևէ իրազեկում չի տվել, թե ինչի՞ հետևանքով և ե՞րբ է վրա հասել իրենց հարազատի մահը»։
Ասուլիսի ընթացքում փաստաբան Վահան Հովհաննիսյանը հրապարակեց պաշտոնական վարկածով կորոնավիրուսային վարակից մահացած անձանցից մեկի պահպանված եղանակով կենսաչափական տվյալներից մեկը, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, կորոնավիրուսից մահացած անձի մահվան պետական վկայականում որպես մահվան պատճառ առկա էին եղել միայն հետևյալ տվյալները՝ «Մահվան պատճառը – ըստ ՀԴՄ – 10 դասակարգիչ ՈԻՕ 7.2»: Պատկերացրեք, որ սա կորոնավիրուսից մահացած անձանցից մեկի մահվան պաշտոնական վկայականն է՝ «ըստ ՀԴՄ – 10 դասակարգիչ ՈԻՕ 7.2»։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ասուլիսի ընթացքում հիշեցրել է, որ 2020 թվականի հունիսի 1 –ին ինքը հանդես էր եկել իրավական հայտարարությամբ, ըստ որի, ՀՀ-ում կտրոնավորումից մահացած անձ դատավարական քրեաիրավական առումով գոյություն չունի, հետևաբար ՀՀ-ում ոչ մի պաշտոնատար անձ երբևիցե չի կարող քրեական հետապնդման և պատասխանատվության ենթարկվել կորոնավիրուսի հետևանքների, այդ ոլորտում տեղի ունեցած բացթողումների և խախտումների համար։ Որպես իրավական դիրքորոշում հիմնավորում նշված է այն հանգամանքը, որ, եթե տեղի չի ունենում դիահերձում, ապա հնարավոր չէ պարզել կորոնավիրուսի և մահվան միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը. «Քրեադատավարական նորմերով նախատեսված է, որ քրեական գործում մի շարք հանգամանքներ կարող են հաստատվել միայն և բացառապես որոշակի ապացույցների ներքո։ Մասնավորապես նախատեսված է, որ մահվան պատճառը և մարմնական վնասվածքների բնույթն ու ծանրության աստիճանը կարող են հաստատվել ոչ այլ կերպ, քան միայն և բացառապես դիակի սովորական դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքում։ Եթե մենք չունենք մահվան պատճառները փաստող այն միակ ապացույցը, ինչպիսին է՝ դիակի դատաբժշկական փորձաքննությունը, հետևաբար հնարավոր չէ նաև հավաստել, որ մահը վրա է հասել կորոնավիրուսի հետևանքով»,- ասուլիսի ընթացքում նշել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։