Սովածներից միշտ վախեցել եմ
Advertisement 1000 x 90

Սովածներից միշտ վախեցել եմ

Արտաշես Քալանթարյանի ինքնահարցազրույցը:

Ներածության փոխարեն

– Ինչո՞ւ ինքնահարցազրույց…

– Որովհետև ոչ մի լրագրողի հետաքրքիր չէ ինձ հետ հարցազրույց անցկացնել, ու, անկեղծ ասած, իրենց հասկանում եմ:

– Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես խոսելը:

– Իմաստ չունի: Պարզապես հետևում եմ ՀՀ նախագահի թեկնածու Ա. Մելիքյանի պատգամին` ՄԻ ԼՌԵՔ: Ի վերջո, արտաքին գործերի նախարար է եղել, աշխարհ տեսած մարդ է: Որ ասում է` ուրեմն մի բան գիտի:

– Իսկ վստա՞հ ես, որ ինքանահարցազրույցդ կկարդան:

– Իհարկե… ոչ: Բայց ես դրան սովոր եմ: Տասը տարի «Ոզնիում» գրել եմ, ու Գլավլիտից բացի ոչ ոք գրածներս չէր կարդում: Բայց այս անգամ վստահ եմ, որ երկու հոգի կկարդան:

– Ովքե՞ր են նրանք:

– Մեկը` դու, մեկն էլ` ես: Դա ավելի քան բավարար է:

2. Հարցազրույցի փոխարեն

– Պարոն Քալանթարյան…

– Կարելի է պարզապես՝ Ալիկ:

– Լավ, այդպես զրույցն ավելի մտերմիկ կլինի: Ալիկ` Ձեր կարծիքով…

– Կարելի է պարզապես «դու»-ով:

– Թող այդպես լինի: Ալիկ, այսօր Հայաստանում ավելանում է գործազրկությունը, միգրացիան, արտաքին պարտքը, աղքատությունը…

– Այո, բայց փոխարենը նվազում է կենսամակարդակը, դրամի իրական արժեքը, սպառողական զամբյուղը, բնակչության թիվը… Որոշ բաներ ավելանում են, որոշ բաներ` նվազում… Մի խոսքով հավասարակշռությունը պահպանվում է:

– Այնուամենայնիվ, ո՞րն է դրա պատճառը, պատասխան ունե՞ս:

– Ես հինգ տարբերակ կներկայացնեմ, չորսը` հավանական, մեկը անհավանական: Ընտրիր, որն ուզում ես: Հավանականներն են`

1. Մասոնները

2. Հրեաները

3. Հարևանները

4. Այլմոլորակայինները

– Իսկ անհավանակա՞նը:

– Ինքներս ենք մեղավոր: Բայց, ինչպես արդեն նշեցի, դա խիստ անհավանական է, չԷ՞ որ հայերն արիացի են, Երևանը` Հռոմից 30 տարի հին է, իսկ մեր էպոսն էլ` աշխարհի էպոսների նախահայրը:

– Ի դեպ` էպոսի մասին, նախագահի թեկնածուների մեջ է նաև հայտնի էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Ի՞նչ ես կարծում, քանի տոկոս կհավաքի:

– Կարծում եմ` Չակ Նորիսի չափ:

– Իսկ Արամ Հարությունյա՞նը:

– Չակ Նորիսից ավելի, անվավերից` պակաս:

– Իսկ Հայրիկյա՞նը: Ասում են, մահափորձից հետո վարկանիշը կտրուկ բարձրացել է: Ինչպե՞ս կարող է այն ավելի բարձրացնել…

– Կարիք չկա, ի վերջո` անկախության խորհրդանիշ է… Վերջապես` մարդ է, թող ապրի…

– Ի դեպ` մահափորձի մասին, Հայրիկյանը մատնանշում է ռուսական գործոնը, ռուսական իմպերիալիզմի գործակալական ցանցը…

– Ոչինչ, ամեն մարդ ազատ է իր համար «մասոններ» ընտրել:

– Անդրիաս Ղուկասյանի մասի՞ն ինչ կարծիքի ես: Խեղճ տղան արդեն որերորդ օրն է` հացադուլ է անում:

– Սովածներից ես միշտ վախեցել եմ` թե մարմնով և թե հոգով սովածներից: Կարծում եմ` փորձությունների մեծ մասը սովածների ձեռքի գործն է… Բայց ոչինչ, կարևորը ընտրությունները կարծես չհետաձգեցին, մի երկու շաբաթից` կուտի… Էլ չեմ ասում, որ եթե հանկարծ հրաշք լինի ու նախագահ դառնա` ոնց կուտի…

– Անձամբ ճանաչո՞ւմ ես…

– Ոչ, ու առաջին հայացքից` կարծես կարգին մարդ է: Բայց մեկ է` կուտի. ավանդույթներ կան, սովորություններ, ազգային առանձնահատկություններ…

– Ուրեմն` ընդդիմադիրներից մնում են Րաֆֆին ու Հրանտը…

– Րաֆֆիին շատ եմ հարգում, իսկական՝ քաղաքի տղա է, առանց թիկնապահի զբոսնում է, բոլորին ձեռքով բարևում է, վարսավիրանոց է գնում… Պարզապես «ընդդիմադիր» տերմինն է այսօր վարկաբեկվել, ու ինքը վատ ժառանգություն է ստացել:

– Իսկ Բագրատյա՞նը:

– Ժողովուրդը Բագրատյանին չի ընտրի, ավելի ճիշտ կլինի` Բագրատյանն իր համար նոր ժողովուրդ ընտրի:

– Ուրեմն կհաղթի Սերժ Սարգսյա՞նը…

– Ոչ:

– Բա ո՞վ…

– Ինչպես միշտ, կհաղթի օլիգարխներ + քրեական աշխարհ + վարչական ռեսուսներ կոալիցիան:

– Ինչպե՞ս ես վերաբերում ընտրակաշառքներին:

– Դրական. դա օգնում է եկամուտների բաշխման անհավասարությունը նվազեցնել:

– Իսկ ինքդ ընտրակաշառք վերցրե՞լ ես:

– Ոչ, ես չեմ ծախվում: Այսինքն՝ այն գումարով, որ առաջարկում են, չեմ ծախվում, իսկ այն գումարը, որով ծախվում եմ` չեն առաջարկում:

– Այդ դեպքում իմաստ ունի՞ ընտրությունների գնալ:

– Անշուշտ: Մեր հարևանները պնդում են, որ մենք մազոխիստ ենք, ինչո՞ւ հիասթափեցնենք նրանց:

3. Վերջաբանի փոխարեն

Իրականում, ամեն ինչ այդքան վատ չէ, ինչպես պատկերել եմ ինքնահարզազրույցում:

ԱՄԵՆ ԻՆՉ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՎԱՏ Է:

Տեքստը՝ alexanderblok.com-ից