Կոստան Զարյան. profil.am
Advertisement 1000 x 90

Կոստան Զարյան. profil.am

Հայ գրող, բանաստեղծ, արձակագիր, արվեստաբան, գրականագետ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Կոստան Զարյանը ծնվել է 1885 թվականի փետրվարի 2-ին  Շամախի քաղաքում։

1890 թվականին՝ հոր մահվանից հետո, Եղիազարյանների ընտանիքը տեղափոխվել է Բաքու, որտեղ Կոստանն ընդունվել է ռուսական գիմնազիա։ Այնուհետև ավագ եղբայրը նրան տարել է Փարիզ, տեղավորել Սեն-Ժերմեն քոլեջում, որն ավարտելուց հետո Կոստան Զարյանն ապրել է Կովկասում և մեկնել Բելգիա` ուսումը շարունակելու նպատակով։ Բելգիայում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1910-1913 թվականներին Զարյանն ապրել է Վենետիկում, որտեղ էլ Մխիթարյան միաբանների մոտ սովորել է հայերեն։

Առաջին գիրքը՝ «Երեք երգերը» գրվել է իտալերեն (նույնը հայերեն լեզվով լույս է տեսել 1931 թվականին)։

1914 թվականին, երբ Պոլսում Հեթանոսական շարժմանն էին ներգրավված հայտնի մտավորականներ, Պոլսում Կոստան Զարյանը Դանիել Վարուժանի, Հակոբ Օշականի, Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ միասին հիմնել է «Մեհեան» հանդեսը, որը լույս է տեսել 7 համարով՝ 1914 հունվարից մինչև հուլիս։ 1922 թվականին Պոլսում լույս է տեսել Զարյանի հայերեն լեզվով առաջին գիրքը՝ «Օրերի պսակը», իսկ աշնանը Զարյանն ընտանիքով հաստատվել է Երևանում։ 1922-1924 թվականներին համեմատական գրականության պատմություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում: Սակայն 1924 թվականին  կրկին մեկնել է Եվրոպա։

1925 թվականին Փարիզում հիմնել և խմբագրել է արվեստի, գրականության և փիլիսոփայության «Բաբելոնի աշտարակ» ամսագիրը (ֆրանսերեն)։ Ապա մեկնել է Իտալիա։ Բոստոնի «Հայրենիք» ամսագրում լույս են տեսել նրա «Անցորդը և իր ճամփան» (1926-1928), «Բանկոոպը և մամութի ոսկորները» (1931-1933), «Երկիրներ և Աստվածներ» (1935-1938), «Կղզին և մի մարդ» (1955 թվական) գործերը։ 1944-1946 թվականներին հայագիտություն է դասավանդել Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում։ 1946 թվականին Նյու Յորքում հիմնել և խմբագրել է «Հայկական քառամսյակ» անգլերեն հանդեսը։ 1952-1954 թվականներին արվեստի պատմություն է դասավանդել Բեյրութի ամերիկյան համալսարանում: 1961 թվականին ներգաղթել է Հայաստան:

Տիգրան Մանսուրյանը Զարյանի մի շարք բանաստեղծությունների հիման վրա ստեղծել է վոկալային երաժշտություն:

Կոստան Զարյանը վախճանվել է 1969թ. դեկտեմբերի 11-ին Երևանում:

Հրապարակախոսություն
Լեզուն և արյունը

Հարցազրույց
Արվեստ ճակատագիր է

profil.am