Վիրուսներից և բակտերիաներից սմարթֆոնն անվտանգ դարձնելու, սակայն միևնույն ժամանակ այն չվնասելու համար կարելի է դա ախտահանել սպիրտ պարունակող անձեռոցիկներով: Իսկ ջրածնի պերօքսիդը հարմար չէ հեռախոսն ախտահանելու համար: Այդ կարծիքով է կիսվել Ռոսպոտրեբնադզորի Մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Լեբեդևը (Ռուսաստան):
«Ավելի լավ է հեռախոսը մշակել սպիրտ պարունակող անձեռոցիկներով. դա չի վնասի հեռախոսը: Կարելի է նաև օգտագործել ցանկացած ախտահանիչ, ավելացնել այն անձեռոցիկի վրա և սրփել գաջեթը: Հեռախոսն ախտահանելու համար պետք չէ օգտագործել ջրածնի պերօքսիդ, որն ախտահանիչ միջոց չէ, ուստի դրա օգտագործումն անօգուտ է»,-ասել է Լեբեդևը:
ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ մասնագետը նշել է, որ մարդը չի կարող մշտապես իր մոտ պահել սմարթֆոնը և հաճախ թողնում է դա ամենատարբեր վայրերում: Հեռախոսները նույնպես հաճախ փոխանցվում են միմյանց, ինչի հետևանքով դրանց վրա կարող են հայտնվել վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ կորոնավիրուսի հարուցիչներ:
Համաճարակաբանի խոսքով՝ հեռախոսը պարտադիր պետք է սրփել աշխատանքային օրվա վերջում: Դեռ ավելին, բջջային հեռախոսի ախտահանումը միայն այսօրվա խնդիր չէ. այն պետք է մաքրել մշտապես: