Կորոնավիրուսի մաշկային ախտանիշները. Ի՞նչ է հայտնի դրանց մասին
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսի մաշկային ախտանիշները. Ի՞նչ է հայտնի դրանց մասին

COVID-19 պացիենտներից ոմանք մաշկի կայուն ախտանիշներ են ունեցել, որոնք պահպանվել են նույնիսկ ապաքինումից հետո` մինչև մի քանի ամիս: Այս մասին պատմում են ԱՄՆ Մասաչուսեթսի հիվանդանոցի գիտնականները, հայտնում է EurekAlert! – ը:

Վերոհիշյալ հետազոտողները վերլուծել են COVID-19-ի մաշկային դրսևորումների գրեթե 1000 դեպք: 90 դեպքերում ցանի և եղնջացանի ախտանիշները տևել են միջինը համապատասխանաբար 7 և 4 օր, առավելագույնը՝ 28 օր: Պապուլոսկվամոզ ցաները՝ թեփուկավոր պապուլաների և պզուկների տեսքով, սովորաբար պահպանվել են 20 օր, առավելագույնը՝ 70 օր:

Ոտքերի և ձեռքերի մատների այտուցը, որը ցրտահարության ախտանիշներ է հիշեցնում (դրանք անվանում են COVID-մատներ) պահպանվել են մոտավորապես 10 օր, ընդ որում՝ վեց դեպքերում դրանք տևել են 60 օր, իսկ երկու պացիենտի մոտ` 130 օր:

Գիտնականների խոսքերով՝ կորոնավիրուսային վարակը կարող է առաջացնել մաշկի նախկինում անհայտ ախտանիշներ, այդ թվում՝ ոտքերի մատների վրա: Ավելին, վիրուսը կարող է օրգանիզմում երկար բորբոքում հրահրել՝ ազդելով տարբեր օրգանների վիճակի վրա: Այս իմաստով, մաշկը կարող է լինել պաթոլոգիական պրոցեսների ցուցիչ, որոնք կարող են շարունակվել ապաքինվելուց նույնիսկ 4-5 ամիս անց:

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ մաշկային ցանը COVID-19 կորոնավիրուսային վարակի ձգձգվող ընթացքին բնորոշ ևս մեկ ախտանիշ է: Չնայած շատերը հիվանդության որևէ դրսևորումներ չեն ունենում (կամ մեղմ ախտանիշներ են ունենում), վերջերս ավելի ու ավելի շատ դեպքեր են գրանցվել, երբ պացիենտները մի քանի ամիս տառապել են հիվանդության հետևանքներից: Այս ախտանիշների թվում են երկարատև շնչարգելությունը, գլխացավերը և հոտառության կորուստը: Հետազոտողները առաջին անգամ հայտնաբերել են հիվանդների նոր ենթախումբ, որոնց մոտ COVID-19-ի երկարատև ընթացքը ազդում է մաշկի վրա:

Գիտնականները դեռ չգիտեն COVID-19-ի հետ կապված ոտքերի մատների այտուցի ճշգրիտ պատճառը: Կարելի է ենթադրել, որ այս ախտանիշը կարող է պայմանավորված լինել հենց վարակի հետ: Կարծիք կա նաև, որ մաշկային երևույթներ առաջացնող մեխանիզմը կարող է ընդհանուր լինել որոշ աուտոիմուն հիվանդությունների, օրինակ՝ կարմիր գայլախտի հետ, այսինքն ունենալ բորբոքային բնույթ. Այս դեպքում իմունային բջիջները շարունակում են ակտիվ լինել նույնիսկ վիրուսի բացակայության դեպքում և գրոհում են մարմնի հյուսվածքների վրա:

Բացառված չէ նաև, որ կորոնավիրուսը հիվանդի օրգանիզմում ինչ-որ տեղ կարող է թաքնվել՝ հերպեսի վիրուսի նման: Սակայն գիտնականները դեռ չեն ապացուցել, որ SARS-CoV-2-ն ունակ է դրան:

med.news.am