Advertisement 1000 x 90

«Ակնհայտ է, որ Շուշիի եկեղեցու հրետակոծությունը հրեշավոր պատերազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի»,- այսօր հայրենիք մեկնելուց առաջ հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Segodnya.ru» կայքի գլխավոր խմբագիր, ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը, որի բուժման գործընթացն արդեն ավարտվել է:

Հիշեցնենք, որ մեր ռուս գործընկերը ծանր վիրավորվել էր Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծության հետևանքով:

Ասուլիսի սկզբում նա իր շնորհակալական խոսքն ասաց «Էրեբունի» բ/կ-ի ղեկավարությանը` Հարություն Քուշկյանին, Միքայել Մանուկյանին ու իրեն վիրահատող ու բուժող բժիշկներին, ովքեր փրկել են իր կյանքը, նշեց, որ պատերազմի 44 օրերն ու դրա ելքը նաև իր համար են ցավալի եղել:

Հարցին, թե ո՞րն է ելքը ստղծված իրավիճակից դուրս գալու, լրագրողն ասաց, որ նախ պետք է վերջ դնել երկրում հասարակության պառակտված վիճակին:

«Արցախյան իրադարձություններով պայմանավորված այս ապակազմակերպված վիճակը բացասաբար է ազդում մարդկանց տրամադրությունների վրա, բայց իմ կարծիքով, մեծ կոնսոլիդացնող դեր պետք է ունենա Հայ Առաքելական եկեղեցին, Ամենայն Հայոց կաթողիկոսը` մարդկանց քաոսից ու ապակայունացումից զերծ պահելու համար»,- ասաց Յուրի Կոտենոկը` հավելելով, որ չի անդրադառնա երկրի ներքաղաքական վիճակին, բայց այնուամենայնիվ, ցանկանում է ասել, որ որևէ «Մայդան» ձեռնտու չէ հայ ժողովրդին»:

Ըստ նրա` Հայաստանի համար ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումն ու խորացումն է:

«Մենք բոլորս գիտենք, որ ընկերներն աղետի ժամանակ են երևում, և երբ սկսվեց 2-րդ Ղարաբաղյան պատերազմը, ՌԴ-ն խաղաղապահ կոնտինգենտ մտցրեց: Մենք հասկանում ենք, որ շատ հարցեր կան նաև նրանց գործունեության հետ կապված, բայց ամեն դեպքում հենց Ռուսաստանը կանգնեցրեց այն սարսափելի սցենարը, որը կարող էր իրականանալ, և այն տարածքները, որոնք պահպանվել են այժմ, բարեբախտաբար, պահպանվել են»,- ասաց Յուրի Կոտենոկը` նշելով նաև, որ Ռուսաստանը նաև հսկայական ծավալների մարդասիրական օգնություն է հասցնում Արցախ:

Լրագրողի կարծիքով` Հայաստանն իրավասու է խորացնել Ռուսաստանի հետ իր ռազմաքաղաքական համագործակցությունը, միգուցե նոր միութենական պայմանագիր կնքել միութենական պետության շրջանակներում, և, ի վերջո, Հայաստանում կարելի է նաև հանրաքվե անցկացնել ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացման նպատակով: Կան տարբերակներ, բայց աներկբա է, որ իրական օգնություն Հայաստանին կարող է միայն Ռուսաստանը հասցնել:

«Պետք է նաև հասարակությանը զերծ պահել ապակառուցողական ու պարտվողական տրամադրություններից: Պետք է, իհարկե, քննություն տարվի, թե ինչու Արցախում տարածքներ թողնվեցին: Շատ հարցեր կան ռազմական ղեկավարությանը, և Հայաստանը, անշուշտ, պետք է վերակազմավորի իր Զինված ուժերը, նոր ու ժամանակակից ռազմական տեխնիկայով հագեցնի իր զինանոցը, քանի որ Արցախում տեղի ունեցածը ցույց տվեց, որ Հայաստանին ու Արցախին նետված մարտահրավերին դիմագրավելու համար բանակն ակնհայտ խնդիրներ ուներ»,- ասաց Յուրի Կոտենոկը:

Վերջինիս պնդմամբ` այն, ինչ այժմ տեղի է ունենում Արցախում ու սահմանակից տարածքներում, 44 օր տևած իրադարձությունների տրամաբանական շարունակությունն է:

«Կարծում եմ, իրավիճակը վերահսկողությունից դուրս է, իսկ իրադարձությունները կայծակնային արագությամբ են զարգանում, և, ցավոք, ադեկվատ լուծումներ մենք չենք տեսնում: Դրանից օգտվելով էլ` Ադրբեջանը միակողմանի կերպով է լուծում տարածքների հարցը, հաղթողի դիրքերից, այնինչ հասկանալի է, որ դեմարկացիան պետք է իրականացվի քաղաքակիրթ եղանակով»,- ասաց Յուրի Կոտենոկը` նկատելով, որ այդ խնդրի լուծմանը կարող է օգնել ՌԴ Անվտանգության ֆեդերալ ծառայության ղեկավարի այցը Հայաստան, որը հենց այդ նպատակով էլ գալիս է:

Ըստ լրագրողի` տարակուսելի է այն հանգամանքը, որ, թեև Արցախի պաշտպանության բանակը չեն ցրել, և այն կարծես թե գոյություն ունի, բայց միասնական հրամանատարություն չկա, և որոշ տեղերում ջոկատները մնացել են առանց կապի միջոցների:

«Արցախ ՊԲ-ի գրծառույթը սահմանագծերի պահպանությունն է, բայց ինչպե՞ս է պատահում, որոշակի հատվածներում մարդիկ են կորչում, որից հետո տեղեկատվություն է ստացվում, որ հարյուրավոր մարդիկ հայտնվել են շրջափակման մեջ: Սա, անկասկած, «բարդակ» է», և հենց այս անկազմակերպ վիճակն էր պարտության պատճառը»,- նշեց լրագրողը` ընդգծելով, որ պետականաշինության մեջ կազմակերպվածությունը շատ կարևոր դեր ունի, իսկ Արցախը, թեպետ չճանաչված, բայց պետություն է:

Խոսելով գերիների վերադարձի մասին` Յուրի Կոտենոկը դատապարտեց Ադրբեջանի գործելակերպը:

«Որովհետև այն կադրերը, որ մենք ենք տեսնում, թե ինչպես են ադրբեջանցիները վարվում ռազմագերիների և ոչ միայն նրանց, այլև քաղաքացիական անձանց նկատմամբ, խայտառակություն է: Այդպես չեն անում: Քաղաքակիրթ երկիրը չի կարող իրեն այդպես պահել: Դա իսկական բարբարոսություն է, և դա, ինչպես նաև Ադրբեջանի այլ գործողություններ, պետք է դատապարտվեն համաշխարհային հանրության կողմից»,- ասաց նա:

Յուրի Կոտենոկն ասաց նաև, որ իր` Արցախ ժամանման պատճառն այն քրիստոնեական սրբավայրերը պաշտպանելն էր, որոնք գտնվում են մարտական գործողությունների գոտում, և հենց այդ պատճառով էլ նախ գնացել են Շուշիի` Սուրբ Ամենափրկիչ տաճարը, ուր և ենթարկվել են հրետակոծության:

«Իրավիճակը սփոփիչ չէ: Արցախում տեղի է ունեցել հայկական կողմի ռազմական պարտություն: Եթե Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական կողմին հաջողվեց պաշտպանել իր սահմանները, իր պատմական հայրենիքը, ամիսներ ու տարիներ շարոունակվող սխալների շղթան, պաշտպանությանը պատշաճ կերպով պատրաստ, կազմակերպված չլինելը, հստակ ռազմական հրամանատարության բացակայությունը հանգեցրին ռազմական պարտության»,- նշեց լրագրողը` հավելելով, որ պետք է եզրակացություն անել կատարվածից, այլ ոչ թե ունենալ պարտված բանակի հոգեբանություն, որովհետև բանակը շատ դեպքերում սխրանքներ է գործել, իրեն պահել շատ արժանապատիվ, ցուցաբերել հերոսական վարքագիծ:

Լրագրողի խոսքով` բոլոր չճանաչված պետություններից ամենաշահեկան դիրքն ուներ Արցախը, և ազատագրված 7 շրջանները նրա համար անվտանգության բարձիկի դեր էին կատարում, սակայն ռազմական գործողությունները բացառող նորմալ երկխոսության բացակայությունը հակառակորդ կողմի հետ մեծ մասամբ հանգեցրեց նրան, ինչ տեղի ունեցավ: Այս պարագայում, ըստ նրա, պետք է նորմալ հարաբերություններ ձևավորել ռուս խաղաղապահ ուժերի հետ, որովհետև այս պահին նրանք են Արցախի անվտանգության երաշխավորը, և Ադրբեջանը չի կարող դրա հետ հաշվի չնստել, որովհետև խաղաղապահների վրա հարձակումը կնշանակի հարձակում այլ պետության վրա:

«Պատմամշակութային և կրոնական նշանակության ողջ ժառանգությունը, որը մնացել է Արցախում, պետք է գտնվի խաղաղապահ ուժերի պաշտպանության ներքո:  Այնտեղ պետք է դրվեն անցակետեր, քանի որ հակառակ դեպքում մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք պոկում խաչերը, ջարդում տապանաքարերը, պղծում շիրիմները»,- եզրափակեց Յուրի Կոտենոկը: