Գլոբալ տաքացումը կարող է նպաստել «ուղեղը խժռող» ամեոբաների տարածմանը
Advertisement 1000 x 90

Գլոբալ տաքացումը կարող է նպաստել «ուղեղը խժռող» ամեոբաների տարածմանը

Երկրագնդի հյուսիսային տարածաշրջաններում տարածվում է Naegleria fowleri վտանգավոր ախտածինը, որը հայտնի է որպես «ուղեղը խժռող ամեոբա»: Անցյալում այս ախտածինը բնակվում էր ԱՄՆ հարավային նահանգների տաք քաղցրահամ ջրամբարներում: Բայց վերջին շրջանում իրավիճակը սկսել է փոխվել գլոբալ տաքացման պատճառով: Այս մասին նախազգուշացնում են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) մասնագետները:

Մասնագետները վերլուծել են վերջին 40 տարում առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտի դեպքերը, հայտնում է LiveScience պարբերականը: Պարզվել է, որ ամեն տարի գրանցվում են գրեթե նույնքան նոր ինֆեկցիաներ, սակայն փոխվում է աշխարհագրությունը. Naegleria fowleri միկրոօրգանիզմի բնակության տարածքը գլոբալ տաքացման հետևանքով տեղափոխվում է հյուսիս:

Ամեոբային մենինգոէնցեֆալիտը անչափ վտանգավոր ինֆեկցիա է, որը գրեթե միշտ մահվան ելք է ունենում: Այն զարգանում է ջրի հետ քթով օրգանիզմի մեջ ախտածինի ընկնելու հետևանքով: Օրգանիզմի մեջ հայտնվելով՝ ախտածինը արագ հասնում է մինչև գլխուղեղ և սկսում հյուսվածքները քայքայել: Գաղտնի շրջանը սովորաբար տևում է մի քանի օրից մինչև 2 շաբաթ:

Որպես կանոն, Naegleria fowleri կարելի է գտնել ջրի Ցելսիուսի 45 աստիճան ջերմաստիճանով լճացած ջրամբարներում: Ինֆեկցիայի պոտենցիալ աղբյուր կարող են լինել նաև լողավազանները:

med.news.am