յս պատմվածքը, որն ունի վիպական շրջանակ, Արմինե Տեր–Ղևոնդյանի առաջին գրվածքն է՝ մանկության շրջանից մինչև հասուն տարիները սյուժեով, բայց այնքան կառուցիկ ու ամբողջական, որ կարծես նրա հերթականը լինի: Երբեմն այսպես պատահում է ոչ գրողների հետ, բառերի շնորհալի գործածությունը հեղինակին դարձնում է գրող: Թվում է՝ Արմինեն իր համար է գրել, որ միայն ինքը կարդա և դարձյալ վերապրի իր ապրած կյանքի մտքերն ու հուզմունքները, կասկածանքներ, մենակություն, տագնապներ, փնտրի իր Ես–ը, նմանվի շատերին և միաժամանակ լինի նրանցից տարբեր և ուրիշ: Հատկապես այս «տարբեր–ուրիշը» պատմվածքում մի սևեռուն գաղափար է՝ բնորոշ հատկապես մտածող–հոգևոր մարդկանց, շատերից քչերին:
Ուրախ եմ, որ Արմինեին հանդիպեցի իր պատմվածքում: Այսուհետև, նա գուցե ոչինչ չգրի, կարող է և գրել, չգիտեմ: Կարծում եմ՝ ընթերցողն էլ այստեղ նրան կտեսնի և կժպտա:
Նորայր Ադալյան
****
Սոնան ես եմ
Նվիրում եմ ծնողներիս
Память воскрешает всё, кроме запахов.
Но зато ничто так полно не воскрешает прошлого, как запах, когда-то связанный с ним.
Владимир Набоков[1]
-Մա՛մ, էս տարի է՞լ ենք գնալու Լոռի Բերդ:
Սոնան գիտեր, որ անիմաստ հարցով միայն քչփորում է իր իսկ ցավոտ վերքը: Մայրը անկեղծ զարմանքով բարձրացրեց հոնքերը.
-Հաա՜, բա ի՞նչ… ինչո՞ւ… չե՞ս ուզում:
Սոնան չասաց. «Ո՛չ, չե՛մ ուզում, դրա փոխարեն ուզում եմ գոնե մի տարի արձակուրդին մի ուրիշ տեղ գնամ»: Չասաց, քանի որ ամեն ինչ ընդունում էր այնպես, ինչպես որ իրեն հրամցվում էր: Կարծում էր՝ ոչինչ հնարավոր չէ փոխել, և ոչ միայն ա՛յս հարցում, այլև ընդհանրապես իրեն շրջապատող աշխարհում:
Տարբեր աշխարհների հատման կետում
Տանը հյուրեր հազվադեպ էին ունենում: Հայաստանում ազգականներ համարյա չունեին, քանի որ բոլորը հայրենադարձության տարիներին[2] ինչպես եկել էին, այնպես էլ առաջին իսկ հնարավորության դեպքում երկրից հեռացել:
Սոնան ուրիշներից տարբեր լինելն առաջին անգամ զգաց այն տարիքում, երբ կարող էր ինքնուրույն գնալ ընկերուհու կամ հարևանի տուն, երբ վերջապես դուրս եկավ իրենց նեղ, չափազա՛նց նեղ ընտանեկան միջավայրից: Իմացավ, որ կարելի է ցույց տալ, որ ինչ-որ բան դուր չի գալիս, երբ լսեց, թե ընկերուհին ինչպես է մորն ասում. «Էս ճաշը չե՛մ սիրում, չե՛մ ուտի»: Անկախ նրանից, որ իրենց տան ճաշերն ինքը սիրում էր, մինչ այդ չէր պատկերացրել, որ չսիրելու դեպքում կարելի է ասել. «Ես սա չե՛մ ուտի»: Զարմանքով պարզեց, որ օդանցքը, խոհանոցը և պահարանը ուրիշների տներում դառնում էին ֆոռտչկա, կուխնյա և գարդիրոբ:
Տան մեծերը հաճախ արևմտահայերեն էին խոսում, որոշ իրերի տրվում էին դրանց ֆրանսերեն անվանումները. ապակեղենի դարակներին՝ բյուֆե, լվացարանին՝ լավաբո, կրծկալին՝ սութիեն: Բոլորի տներում նույն սովետական ոճով կահույքն էր, նույնատիպ իրեր, որ կարողացել էին «տակից ճարել»: Իսկ իրենց տանը գործածում էին ներգաղթելիս իրենց հետ բերած կահույքը, եգիպտական ուղտի բրդից կարպետները, ձեռագործ սփռոցներն ու սպասքը՝ պատճառաբանելով, որ դրանք ավելի որակյալ են ու ճաշակով, և… մանավանդ որ «տակից ճարելու» բացարձակ ոչ մի հմտություն չունեին:
Ներսի ու դրսի միջև տարբերությունը առավել սուր էր զգացվում հատկապես ճաշերի առումով: Մի անգամ, երբ Սոնան հարցրեց, թե ինչո՞ւ իրենք ուրիշների տան ճաշերից չեն ունենում, մայրը վստահ պատասխանեց.
-Ինչի գրեչկան կամ վերմիշելը ճա՞շ են: Դրանք ի՞նչ ուտելու բան են:
Չնայած իր զբաղվածությանը՝ մայրը չէր զլանում ամեն օր ժամեր ծախսել ծանր ու մեծ ճաշեր եփելու համար: Գիտնականի բծախնդրությամբ խստորեն պահպանում էր սերնդեսերունդ իրեն փոխանցված ճաշատեսակների պատրաստման բոլոր կանոնները: Դրանց մեծ մասը գուցե և բուն հայկական չէին, այլ միջինարևելյան էին, բայց իրենք դրան էին սովոր և դա էին սիրում: Երբ սովետական տարիներին Սոնան դրսում իրենց տան ճաշերից մի քանիսի անուններն էր տալիս՝ քյուֆթելի յախնի, իչլի քյոֆթե, բալջան բյորեի, ղարնի յարըխ, իմամ բայընդը, թաբուլէ, լսողները պլշած նայում էին երեսին:
Ընտանիքը տարբերվում է էր նույնիսկ հայրենադարձների նեղ շրջանակում: Իրենց հետ նույն քարավանով[3] եկած ընտանիքների մեծ մասն անմիջապես ընդունեց տեղացիների նիստուկացը, նոր միջավայրում արագ կողմնորոշվելով՝ շատերը մտան պարտիայի շարքերը, երեխաներին տեղավորեցին ռուսական դպրոցներում: Սրանց ժառանգներն այլևս չէին հասկանում արևմտահայերեն և ո՛չ մի բառ, և մեղավոր չէին, որ տգիտորեն այն անվանում էին ախպարերեն: Սրան հակառակ՝ Սոնայենց տանը չէր խրախուսվում սովետական իրականության որևէ դրսևորում՝ պիոներական ճամբար գնալը կամ մոսկովյան հեռուստաալիքներ դիտելը:
***
Հայրը մեծ ցավ էր ապրում և ուղղակի վիրավորվում էր՝ իմանալով, որ հերթական ընտանիքը որոշել է Հայաստանից արտագաղթել:
-Հետո ՞… իսկ այնտեղի՞ց ուր եք գնալու: Լսե՛ք, դուք հա՞յ եք, թե ՞ քոչվոր թափառական ցեղ:
Ինքը գաղթ երևույթը չէր ընդունում իր ողջ էությամբ: Իր նախնիները 17-րդ դարի վերջում Նոր Ջուղայից գաղթել էին Մարաշ[4], որտեղ մնացել էին երկու դարից ավելի՝ շատ հայտնի ու հարգված ընտանիք լինելով քաղաքում: Թուրքիայում իրավիճակը սրվելու հետ տեղափոխվել էին Եգիպտոս, այնտեղից՝ Հայաստան:
Նախորդ սերունդների հետ պատահածներն իր տնօրինությունից դուրս էին եղել, և հիմա վերջապես ինքն էր որոշում կայացնողը, որ իր ընտանիքը այլևս ո՛չ մի տեղ չի տեղափոխվելու:
***
Երևանի Նոր Արեշ թաղամասում հեռավոր ազգականներ ունեին: Շատ ջերմ, բարեսիրտ, հասարակ բանվոր մարդիկ էին: Շատերի պես իրենց ապրուստը թողել, եկել էին Հայաստան, սակայն երաժշտական ճաշակը մնացել էր նույնը: Մանկուց թուրքականն էին լսել, միայն դա՛ գիտեին: Սրանք Սոնայի հորը շատ էին սիրում, նաև անչափ հարգում էին՝ որպես իրենց միջի ամենաուսյալի: Մի անգամ այս մարդկանց տանը թոռան մկրտության առիթով խնջույք է լինում, ու տանտերը հյուրերին զգուշացնում է. «Մեր քավորը շատ կուլտուրական մարդ է, հայտնի պրոֆեսոր է: Տեսեք հա՜, ձեզ ավելորդ բաներ թույլ չտա՛ք»: Ուրախության թեժ պահին երաժիշտները սկսում են նվագել ու երգել թուրքերեն մեղրածոր երգեր: Բոլորը վայելում են, գերազանց տրամադրություն է: Մեկ երգ, երկու երգ… երրորդին Սոնայի հայրը պոռթկում է.
-Վա՛յ, թքե՛մ ես ձեր երեսին, Հայաստան եկա, որ նորե՞ն թուրքերեն լսեմ:
Եվ մինչ կուլտուրական պրոֆեսորը հայհոյախառն թքել-մրելով դուրս էր գնում, կինն էլ վազում էր հետևից, թե՝ «Ամո՛թ է, հանգստացի՛ր», տանտերերը փորձում էին արդարանալ. «Ախր, Արա՛մ ջան, մենք ի՞նչ անենք, որ հայերեն ուրախ երգեր չկան»:
Ամեն անգամ սա հիշելիս Սոնան ամաչում էր կատարվածի համար, ամաչում էր մինչև այն օրը, երբ արդեն մեծ տարիքում ներկա եղավ երևանյան մի ճոխ հարսանիքի: Հանկարծ անդրադարձավ, որ մեր լուսավոր դարում, երբ համաշխարհային ողջ երգացանկը բոլորին հասանելի է, և կա լայն ընտրություն, մի քանի ժամ անընդմեջ հյուրերը, երանության ժպիտը դեմքներին, խամաճիկի շարժումներով պարում էին հայերեն բառերով մուղամի կլկլոցի տակ: Զգաց, որ համբերությունն ու հանդուրժողականությունը լրիվ սպառվել են, է՛լ չգիտեր՝ կատաղությունի՞ց, թե՞ անասելի բարձր ձայնից ականջները սեղմվեցին, և մի գերագո՜ւյն ճիգ գործադրեց, որ երգչի ձեռքից չվերցնի բարձրախոսն ու ամբողջ դահլիճով մեկ չգոռա՛.
-Վա՛յ, թքե՛մ ես ձեր երեսին: Հայաստանում եմ ապրում, որ սա՞ լսեմ:
***
Տարբեր լինելը Սոնայի համար ճնշող էր: Երբեմն ես տարբեր չե՛մ, ես բոլորի նման եմ դերը խաղալու չստացված փորձերն ավելի էին բարդացնում վիճակը: Շատ կուզեր, որ ներսի ու դրսի միջև ո՛չ մի տարբերություն չլիներ: Նույնիսկ կուզեր, որ օր ու գիշեր գրամեքենայով պատմագիտական հոդվածներ գրող հայրը, ուրիշների նման կուրծքը բաց մայկայով, հարևանների հետ դրսում նարդի խաղար:
Սոնան անկախ իր կամքից հայտնվել էր մի մեծ աշխարհում, որտեղ պետք է ապրեր բոլորի հետ, լիներ դրա մի մասնիկը: Բայց պարզվել էր, որ այստեղ կան տարբեր փոքրիկ աշխարհիկներ: Դրանց մեջ ընտրություն կատարելու դաժան առաջադրանքը ծանր էր զարմացած աչքերով շուրջը նայող Սոնայի համար: Ո՞րն է սրանցից լավը կամ ճիշտը, ո՞րն է իրականը, ո՞րն է հարազատը, որտե՞ղ ինքն իրեն ավելի հանգիստ ու պաշտպանված կզգա: Միտքը մի վայրկյան անգամ չէր հանգստանում: Սոնան հոգնում էր այդ պայքարից և ի վերջո, ուժասպառ ու բոլորից նեղացած՝ քաշվում ինքն իր մեջ: Բայց միայնության մեջ երկար չդիմանալով՝ նորից ընկնում էր հորձանուտը: Ամեն անգամ, երբ թվում էր, թե կայացրել է ճիշտ որոշումը՝ սա՛ է իրենը, մյուս աշխարհիկն աչքին ավելի գունավոր ու փայլուն էր երևում: Շփոթության մեջ անվերջ լողում էր մեկից մյուսը, և դրանից միայն խորանում էր միշտ սխալված լինելու բարդույթը:
Ի՞նչ կա էդ ծովափերում
Մի անգամ լսեց, որ մայրը հեռախոսով մեկին ասում էր.
-Ստեփանավանի կողքի գյուղն է, շատ հարուստ դամբարանադաշտ կա, հենց իմ մասնագիտական դարաշրջանն է: Ամեն ամառ մեկ ամիս պեղում եմ: Բոլորս միասին գնում ենք, այնտեղ էլ մերոնք հանգստանում են: Հազար անգամ էդ կեղտոտ ծովափերից լավ չէ՞: Ո՞ւմ է պե՜տք… ծովում՝ մժեղի պես լիքը, ափին՝ իրար կողք խցկված… Ի՞նչ հաճույք են ստանում, չեմ հասկանում: Դեռ իրենց կոտորելով էլ գնում են:
Սոնան լուռ լսում էր ու չէր համաձայնվում: Տանել չէր կարողանում էդ Լոռի Բերդը: Կարծես իրեն հալածող անխուսափելի ճակատագիր լիներ… ճակատի խարան: Մի՞թե հնարավոր չէ ապրել բոլորի նման: Ճիշտ է, եթե իր ընկերուհիներն էլ ամռանը գնային գյուղ կամ Հայաստանում մի ուրիշ տեղ, գուցե չմտածեր, որ միայն ինքն է հիմար ձևով անցկանցում իր ամառները: Իրեն թվում էր, որ էդ Լոռի Բերդի պատճառով ոչ միայն արձակուրդը, այլև իր ողջ կյանքը սխալ ձևով էր անցնում: Սոնային չէր հետաքրքրում այն, որ ընկերուհիներն ամեն տարի սևծովյա նույն գյուղն էին գնում, կամ որ հանգստի պայմաններն այն էին, ինչ սովետական տուրիզմը կարող էր առաջարկել միջին քաղաքացուն: Կարևոր էր, որ վերադառնում էին զվարճալի պատմություններով, հասակակիցների հետ ուրախ ժամանց և պատանեկան արկածներ ապրած: Ինքը լսում էր, և… ուրիշներից տարբեր լինելու բարդույթը խորանում էր: Երանի էր տալիս եղբորը, որն արդեն մեծ էր, անկախ և կարող էր ընկերների հետ ճանապարհորդել:
Քանի դեռ Սոնան փոքր էր, շատ չէր սրտնեղում, բայց դեռահասության տարիքում ամեն բան սրվեց, ու մի օր էլ լացակումած պոռթկաց.
-Բոլորը արձակուրդին ի՜նչ տեղեր են գնում: Մենակ ե՛ս եմ սենց «դոձիկի» նման մամա-պապայի հետ էդ ապուշ գյուղը գնում:
Ծնողները չէին կարող տեսնել իրենց անուշիկ աղջկա արցունքները: Որոշեցին այդ տարի ծովափ տանել իրեն… իհարկե, Լոռի Բերդից հետո: Գնացին, նույն սովետական տուրիզմի ոչ լավագույն պայմաններում մի շաբաթ մնացին, բայց քանի որ չստացվեց իր պատկերացրած ուրախ ժամանցը հասակակիցների հետ, ու քանի որ նորից «մամա-պապա» միջավայրում էր, հիասթափությունը մեծ եղավ, ու բարդույթն ավելի խորացավ: Սրան ավելացավ խղճի խայթը, որ ծնողները դժվարությամբ աշխատած իրենց վերջին փողը ծախսեցին իր քմահաճույքը կատարելու համար… և այլևս ծովի մասին խոսք չարեց:
Գյուղական հովվերգություն
Լոռի Բերդ հասնելուն պես դժգոհությունը նվազում էր: Գյուղի տանը, որտեղ սենյակ էին վարձում, իրեն հասակակից աղջիկ կար: Լուսինեն գյուղի դժվար կյանքով թրծված էր ու խիստ աչքաբաց, դրանով էլ Սոնայի ճի՛շտ հակապատկերն էր: Սա Սոնայի գլուխը լցնում էր տարբեր հնարովի պատմություններով, ու ինչ սուտ փչում էր, հալած յուղի պես էր ընդունվում: Սոնան բնազդաբար հասկանում էր դա, բայց ուրախ-զվարթ դեռահաս լինելով՝ նման բաներին բոլորովին կարևորություն չէր տալիս ու արագ մոռանում էր:
Տարբեր աշխարհներում մեծացող աղջիկները հետաքրքիր ձևով լեզու էին գտնում իրար հետ: Սոնան հաճույքով օգնում էր Լուսինեին գեղջկական գործերում: Բոլորովին չէր խորշում գոմ մտնելուց, երբ պետք էր լինում հորթուկների առաջ խոտ լցնել: Մի անգամ նույնիսկ գյուղի գառներին երկուսով սար տարան ու ամբողջ օրը մնացին այնտեղ, օրվա վերջում էլ հոտը ապահով հասցրին գյուղ: Տնամերձի կարտոֆիլի մարգերն էին միասին բահով քանդում, խոտի դեզին փռված՝ կրծում էին հարևանի այգուց թռցրած և չոր ճյուղերով կրակի վրա խորոված սիմինդրը[5]: Սոնան երկար մնում էր պառկած ու դիտում երկինքը: Լուսինեն ձանձրանում էր.
-Էս ա՛խչիկը սկի մի երկինք տե՛հած[6] չկա: Վե՛ր, վե՛ր, էթանք տուն:
***
Երբ հերթական դամբարանից գտածոները տեղափոխում էին տան բաց պատշգամբը, այս անգամ Լուսինեն էր, օգնելու պատրաստ, թևերը քշտում: Բանվորները դույլերով բերում էին խոնավ սևահողին խառնված մեծ ու փոքր հուլունքներ՝ հանված մի պճնամոլ կնոջ կամ գուցե իշխանուհու դամբարանից: Դրանք հետո առանձնացվում էին հողից, ջրի մեջ ժամերով լվացվում, և արդեն լիովին մաքուր ու չոր հուլունքները ասեղ-թելով շարվում էին երկար շարերով: Աղջիկները սերդոլիկից և գունավոր ագաթից հուլունքների շարերը մի քանի տակ վզներին էին փաթաթում, համապատասխան կեցվածք ընդունում և խնդրում Սոնայի հորն իր «Զենիթ» լուսանկարչական ապարատով իրենց անմահացնել, որ հետո լուսանկարներով ապացուցեին, թե իրենք ինչ կարևոր դեր են ունեցել այդ մեծ գործում: Հուլունքների հետ միասին ոսկուց զարդերը, օբսիդիանից նետասլաքները, թռչունների ու եղջերուների բրոնզե արձանիկները, դաշույնները, ձիասանձերն ու զարդարուն խեցեղենը զգուշորեն դասավորում էին շոկոլադի (բոմբոներկայի)՝ ամբողջ տարվա ընթացքում հավաքված դատարկ տուփերի մեջ: Հատկապես վատ պահպանված իրերը ամենայն երկյուղածությամբ նախապես պատվում էին բամբակով՝ պաշտպանելու համար վերջնականապես փշրվելուց: Այս ամենը մարդու և ձիու ոսկորների հետ միասին ավելի մեծ արկղերում կապկպելուց հետո Սոնայի հայրը բանվորների օգնությամբ դրանք տեղավորում էր բեռնատարի թափքի մեջ: Եվ մինչ ընտանիքը ավտոբուսով վերադառնում էր Երևան, ինքը նույն ճանապարհն անցում էր բեռնատարի թափքի մեջ՝ հետևելով, որ մեքենայի ցնցումներից արկղերն իրար չզարնվեն, և իր կնոջ պեղած բացառիկ գտածոները ապահով հասցնի հիմնարկ:
***
Գյուղացիների չարքաշ կյանքը մի փոքր փոխվում էր, երբ գյուղի ակումբ «կինո» էին բերում: Մայրամուտին, երբ գյուղական օդը դառնում էր թավշյա, և տների մրոտ փոքր լուսամուտներից սկսում էին երևալ աղոտ լույսերը, Սոնան ու Լուսինեն, ժակետներն ուսերին, տնից դուրս էին գալիս ու միանում ակումբ գնացող երիտասարդներին: Միայն Սոնան էր ժամին հետևում. «Աֆիշի վրա ժամը ութ էր գրված: Արագացրե՛ք, գնալո՞ւ ենք, թե՝ չէ»: Շուրջը ոչ ոք չէր շտապում: Բոլորը գիտեին՝ մինչև գյուղի ողջ անասունը արոտավայրից չգար, չկթվեր ու չտեղավորվեր, կինոն չէր սկսվի:
Շատ էր սիրում գյուղի իրենց տնեցիներին: Ընդհանրապես, բարդույթների պատճառով իրեն թվում էր՝ իրենից բացի բոլորը շատ լավն են: Եվ ինչքան իրենից տարբեր, այնքան ավելի լավը: Հակառակ իր բավականին բարետես արտաքինին՝ վստահ էր, որ բոլոր հավաքույթներում ինքը ամենավատ տեսքն ուներ:
Երբ մի անգամ մայրն ասաց. «Ինչո՞ւ ես Լուսինեին սիրտդ բացում, մի՞թե չես զգում, որ քեզ նախանձում է», Սոնան շա՛տ վիրավորվեց:
-Անպայման պիտի մի վատ բան ասես: Ինչի՞ս պիտի նախանձի:
-Բայց ինքը դա չի էլ թաքցնում: Հենց մենակ այն, որ դու քաղաքում լավ պայմաններում ես ապրում, ինքը՝ էս թրիքի մեջ… Իսկապե՞ս չես զգում:
Սոնան լրջորեն նեղսրտեց այդ խոսակցությունից: Դրանից շատ տարիներ հետո, երբ արդեն հիսունն անց էր, ֆեյսբուքով գտավ Լուսինեին, որն արդեն վաղուց Հայաստանում չէր ապրում: Համակարգչի էկրանի մեջ իրար տեսան (երկուսն էլ հրաշալի տեսք ունեին), և երբ վերջապես արցունքները չորացան, Լուսինեի առաջին խոսքերը եղան. «Սո՜ն, հիշում ե՞ս, ո՜նց էի ես քեզ նախանձում»: Սոնան հանկարծակիի եկավ նման անկեղծությունից և… ոչինչ չասաց: Բայց եթե պատասխաներ, պիտի ասեր. «Չէ՛, չե՛մ հիշում, քանի որ երբե՛ք էլ չեմ իմացել»: Հիշեց մոր ասածը, և նորից տարբեր լինելու, այս անգամ հիմարության հասնող միամիտ լինելու հին ու մոռացված բարդույթը խեղդեց:
***
Լոռի Բերդի մի կողմում հարթ դաշտերն էին, մյուս կողմում՝ ձորը, որը ձգվում էր գյուղի ամբողջ երկայնքով: Օր չկար, որ տղաները չիջնեին ձոր՝ լող տալու կամ պարզապես օրվա մեջ մի անգամ այնտեղ լինելու համար: Աղջիկները, իհարկե, չէին լողում, այլ մի քարի նստում, արևածաղկի սերմ էին չրթում՝ ուղիղ ջրի մեջ: Կանայք ձորում լվացք էին անում կամ նոր խուզած բուրդը դնում ջրի միջի մեծ քարերի վրա ու փայտե թիակով ծեծում այնքան, մինչև փափկեր ու կեղտից մաքրվեր: Ծանր թիակը դմփոցով իջնում էր բրդի վրա, հարվածի ձայնը արձագանքում էր ձորով մեկ, բայց ականջի համար հաճելի էր: Ձորի հենց պռնկին միջնադարյան բերդն էր[7], որտեղ հաճախ ավտոբուսներով տուրիստներ էին բերում: Ձորը խորն էր, կային հատուկ կածաններ, որոնցով կարելի էր իջնել, հասնել ջրին: Հեռվից դեռ ձայնը չէր լսվում, բայց երբ մոտենում էիր, ջրի խշշոցը մտքերդ ցրում էր և ստիպում, որ լսես միայն իրեն ու երկա՜ր լսես: Մեդիտացիայի պես մեկ էլ զգում էիր, որ մոռացել ես ամեն ինչի մասին, ու ներսդ խաղաղվել է:
Շատ հաճախ՝ ցերեկվա տապին, երբ տանտերերը հնձի էին լինում, ծնողները՝ պեղավայրում, Սոնան գիրքը ձեռքին նստում էր այգում: Մեկ էլ օդը կանգնում էր, ու լիակատար լռություն էր տիրում: Այդ պահերին Սոնան մենակությունից ճզմվում էր: Աչքին ո՛չ գովերգված գյուղական տեսարաններն էին գալիս, ո՛չ մաքուր օդը: Ո՞ւմ են պետք էդ «բիձայական» բաները էս ունայնության մեջ:
Բայց սիրում էր, երբ տանտերերը երեկոյան հավաքվում էին, ուրիշ գյուղերից էլ հյուրեր էին լինում: Նրանց խոսակցությունները խիստ տարբեր էին Երևանում իրեն շրջապատող թեմաներից, դրանով իսկ՝ հետաքրքիր: Երևանում Սոնան ստերիլ անոթի մեջ էր պարփակված: Իրենց հյուրերը հիմնականում տեղացի կամ արտասահմանից եկած գիտնականներ էին, խոսում էին քաղաքականությունից, ազգային խնդիրներից կամ այլ բարձր թեմաներից, որոնք Սոնային թվում էին սինթետիկ, իրական կյանքի հետ կապ չունեցող: Գյուղում կենցաղային զրույցներով փորձում էր լրացնել բնական շփման պակասը, որ ուներ առօրյայում՝ ապրելով պահպանողական, ծայրահեղ բարեկիրթ ու խիստ նորմերի միջավայրում:
Միայն երբեմն ապշում էր, որ գյուղում բոլորին հայտնի է, թե ո՛ւմ երեխան ո՛ր հարևանից է: Ամուսնական դավաճանությունները գաղտնիք չէին մնում և առանձնապես չէին էլ պախարակվում:
Մի օր տանիրուհին պատմեց, որ իր տղաներից մեկը Ուկրաինայում ծառայելիս մի լեհ աղջկա հետ է կապվել, որից երեխա է ունեցել: Սոնայի հարցին, թե՝«Բաաա՜… հետո՞, ի՞նչ եղավ այդ երեխան», տանտիրուհին հանգիստ ժպտալով ձեռքը թափ տվեց. «Դեեե՜, տղես էնա հետ էկավ… էդ ըրեխեն[8] էլ… հե՛չ, ի՞նչ տի ըլեր»: …Սոնան այլայլվեց, ու ամեն անգամ սա հիշելիս ցնցվում էր: Այդ պատմությունից հետո սկսեց ուրիշ աչքով նայել գյուղացիներին: Այլևս չէր կարծում, որ՝ լավն են, քանի որ իրենից տարբեր են: Սկսեց նեղվել այդ մթնոլորտում, կատաղության աստիճան վրդովվում էր՝ տեսնելով, որ տղամարդիկ կարող են տան վերջին փողը ծախսել խմիչքի վրա, հարբել ու գալ տուն՝ կնոջ հերն անիծել: Որ այդ նույն կանայք իրենց ամուսիններին ներում էին ԱՄԵՆ ԻՆՉ, ներում էին… աններելին:
Խավարը
Չզգաց՝ ինչպես վերջացավ այդ կրկնվող ամառների շղթան: Ամուսնությունը, հոր կորուստը, անկախությունն ու երեխան պատահեցին համարյա միաժամանակ՝ մի երկու տարվա ընթացքում: Մթությունը, հոգսը, ցուրտը, հացի ու նավթի հերթերը հզոր ալիքով սրբեցին որևէ հիշողություն: Անանցանելի հոծ գիծ քաշվեց «առաջվա» և «հիմայի» միջև, ու թանձր խավարի մեջ մնացին բոլոր դեպքերը, վայրերն ու դեմքերը:
Հեղափոխությամբ ծնվածը
Սոնան բացեց աչքերը, հասկացավ, որ լույսը բացվել է: Բոլորը քնած են: Ինքը չի կարողանում շարժվել: Ցրտից սառել, կծկվել է: Աչքը գցեց կողքի մանկական սայլակի կողմն ու տեսավ նորածնի՝ սայլակի եզրից վեր բարձրացած մերկ ոտքերն ու ձեռքերը: Այսինքն՝ գիշերվա բարուրը[9] քանդե՜լ է, Աստվա՜ծ գիտի՝ քանի ժամ է մերկ մնացել ցրտի մեջ: Մտածեց. «Կապրի՞…»: Վախեցավ նայել սայլակից ներս: Բայց ճիգ գործադրեց, որ դուրս գա վերմակի տակից ու ի վերջո, մոտեցավ սայլակին: Երեխան, համարյա մերկ պառկած, թաթիկներով խաղում էր, ու երբ հայացքն ընկավ Սոնայի դեմքին, հրճվանքով լայն ժպտաց:
Լույսը
Լույսը վերջապես «վառվեց», կյանքն աշխուժացավ, գունավորվեց: Նոր ժամանակներն իրենց հետ բերեցին նոր ճամփաբաժաններ՝ հավատարիմ մնալ հին ապրելաոճի՞ն, թե՞ ընդունել նոր կյանքի պարտադրող օրենքները, ո՞րն է ճիշտը՝ ազգային, այսպես կոչված, «ավանդակա՞նը», թե՞ եվրոպական, այսպես կոչված, «առաջադեմը»:
***
Ստերիլ անոթի մեջ մեծանալով՝ Սոնան զերծ մնաց կյանքի՝ ուրիշների համար պարզունակ, իր համար խրթին հմտություններից: Օրինաչափ էր, որ մարդիկ իրենց մեծ ու փոքր շահի համար միշտ օգտվում էին նրա կյանքի փորձի պակասից: Սոնան դա հասկանում էր, բայց քանի որ փոքրուց սովոր էր ամեն ինչ ընդունել այնպես, ինչպես որ իրեն հրամցվում էր, լուռ տանում էր իր խաչը՝ կարծելով, որ դա մյուսներից տարբեր լինելու գինն է: Սակայն, ի վերջո, ուժեղ կամքը Սոնայի մազերից բռնեց ու ցավեցնելով ճահիճից դո՛ւրս քաշեց, չթողե՛ց, որ խեղճանա ու կործանվի:
Անցավ ևս մի քանի տարի: Քանդված բարուրի մեջ սառած փոքրիկը արդեն պատանի էր: Մարդ արարածին մինչև իր վերջին շունչն ուղեկցող հոգսը, անորոշությունը, հիասթափությունը Սոնայի կյանքում գեղեցիկ փաթեթավորվեցին լավ աշխատանքով, բարեկեցիկ կյանքով և… ամենամյա ծովափնյա հանգստով:
Եվ այդ ժամանակ էր, որ սկսվեցին երազները:
Հոտի ամենազոր հիշողությունը
Սոնան երկար ժամանակ նույն երազն էր տեսնում: Ինքը Լոռի Բերդի իրենց տանն է, ավելի ճիշտ՝ տան նկուղում: Հենց սկզբից քթին էր խփում նկուղի հոտը, որն իրեն միշտ հաճելի է եղել: Սիրում էր նկուղում լինել: Նկուղը տարբերվում էր տան մյուս սենյակներից, որոնք հնի արժեք չունեին, բայց նորի արժեք էլ չունեին: Նկուղում գյուղական շունչ կար, որ Սոնային շատ ռոմատիկ էր թվում: Հատակը շատ անհարթ էր, մեծ պնղձե կաթսաների մեջ ռաժան, խնոցու կարագ, չեչիլ ու ուրիշ համով պանիրներ կային, որոնց անունները չգիտեր: Մի լայն տախտակ էր պարաններով կախված ցածր առաստաղից, որի վրա միշտ հաց կար: Սոնան սիրում էր գյուղական ուտելիքը: Բայց միայն ուտելու համար չէ, որ գալիս էր նկուղ: Այստեղ իրեն զգում էր իրականությունից դուրս, մշտապես կայուն զովից ու անդորրից հոգին ներդաշնակվում էր: Ինքն իր վրա զարմանում էր, որ չէր ամաչում քիթը խոթել պղնձե կաթսաների մեջ՝ շրխկոցով բացել-փակելով կափարիչները: Սա այն եզակի տեղերից էր, որտեղ իրեն ազատ էր զգում:
Տարիներ շարունակ նույն երազը գալիս ու հպվում էր աչքերին, հետզհետե դառնում ավելի իրական: Նույնիսկ արթնանալուց հետո դեռ միառժամանակ նկուղի հոտը քթին էր:
Անսովորը
Մի առավոտ Սոնան զարթուցիչի ձայնից արթնացավ, նստեց մահճակալի մեջ, քնատ հայացքով նայեց լուսամուտից դուրս և հասկացավ, որ աշխատանքի չի գնալու: Անսովորը սովորաբար սողոսկում է մարդու ուղեղն անսպասելիորեն. ուղեղում մի բան չխկում ու մարդուն մղում է առաջ:
Հասավ ավտոկայան, գտավ Ստեփանավանի երթուղայինն ու նստեց: Հազիվ էր մեքենան շարժվել, Սովորականը՝ ողջամտության տեսքով, սկսեց խելքի բերել Սոնային.
-Հո խելա՞ռ չես: Ո՞ւր ես գնում՝ մեն-մենակ: Չգիտես էլ՝ էդ տանը հիմա ո՞վ կա, կամ ընդհանրապես մարդ կա՞, թե՞չկա:
-Հերի՛ք եղավ, գնում եմ մեկընդմիշտ վերջ տամ այս մղձավանջին ու բոլորի պես հանգիստ ապրեմ:
Սովորականը մի վերջին փորձ արեց.
-Կարող է այնտեղ արդեն ուրիշ մարդիկ են ապրում: Մտածո՞ւմ ես՝ քեզ ո՛նց կընդունեն: Տհաճ պատմության մեջ ես ընկնելու:
Բայց Անսովորի ակնկալիքը խլացրեց ողջամտության ձայնը, և Սոնան շարունակեց հանգիստ նստած հետևել պատուհանից երևացող տեսարաններին:
Ձորը
Անցումային տարիներն անողոք էին եղել Ստեփանավանի հանդեպ. քաղաքի գույնը լրիվ վրայից գնացել էր, մնացել էր «տակի» ժանգը:
Փողոցի անկյունում ազատ տաքսի կար, բայց Սոնան ծիծաղելի համարեց տաքսիով գնալը: Նույնիսկ մտածեց, որ եթե հիմա իր աչքերը կապեն, ինքը ուղիղ կգնա-կկանգնի իրենց տան դռանը: Ու ոտքով ճամփա ընկավ:
Համարյա հասել էր կամրջին. քայլերն արագացրեց, որ մի՛ վայրկյան շուտ ներքև նայի: Արդեն կամրջի վրա էր… աչքերի առաջ բացվեց ձորը: Ձորը… ՁՈՐԸ ԿԱ, մի՛շտ է եղել: Երկար ու անհագ նայում էր ջրին, ապառաժ քարերին, ու ձորը լցվում էր աչքերի մեջ: Ձորն իր տեղում է՝ խորն ու կայուն: Միա՛կ կայունը: Ինքն իրեն թույլ տվեց, որ փղձկա, որպեսզի կարոտը դուրս հորդի… կարոտը, որի գոյության մասին իմացավ միայն հիմա՝ կամրջի վրա կանգնած:
Բզկտված գյուղը
Շարունակեց քայլել:
Լսել էր, որ թավ կանաչի մեջ թաղված, պտղատու հսկա ծառերով գյուղի այգին, որը գյուղացիները բաղ էին կոչում, վերացրել են, որպեսզի փախստականների համար տնակներ տեղադրեն: Սոնան դա շատ ծանր էր տարել: Հաճախ պատկերացնում էր, որ մարդիկ իրենց ձեռքով կտրել են իրենց հոր, հորեղբոր, պապի տնկած առողջ ծառերը, ու այդ մտքից գյուղ գալու ցանկությունն իսպառ վերանում էր: Լսել էր նաև, որ երկրաշարժից հետո նոր թաղամաս է կառուցվել, ու գյուղը տարածվել է դեպի քաղաքի կողմը: Անցնելիս տեսավ այդ անճաշակ, նորաոճ համարվող շինություններն ու խանութները: Այդ պահին իրեն այդտեղ օտար ու ավելորդ զգաց:
Հեռվում երևաց գյուղի հին մասը: Սոնան լարվեց ու մի պահ վարանեց: Մի՞թե կգնա, կմտնի երազի մեջ… Ու ոտքերը տարան իրեն: Քայլ առ քայլ մոտենում էին ծանոթ, չափազա՜նց ծանոթ տների ուրվագծերը: Մինչև գյուղ հասնելը դեռ պիտի անցներ դաշտերի մոտով: Որքան ավելի էր մոտենում, այնքան ուժգնանում էր հարազատ վայրում գտնվելու զգացումը: Դաշտի կողմը նայելով՝ հանկարծ տեսավ դամբարաններից հանված հսկա սալաքարերը: Փաստորեն սրանք է՛լ են այսքան տարի մնացել իրենց տեղում: Մտավ դաշտ ու մոտեցավ դամբարաններին: Փոսերը լցվել էին հողով ու բուսականությամբ, բայց ահռելի քարերը ո՛նց կային, այնպես էլ մնացել էին: Նստեց մի քարի վրա և ուզեց չշտապել: Ո՞ւր է շտապում, թող մտքերը հանգիստ հոսեն:
Ոսկի որոնողները
Երեք-չորս հազար տարվա դամբարանների վրա մի մետրի չափ հողի շերտ էր գոյացել: Հանգուցյալին իր ունեցվածքով թաղել էին քարաշեն դամբանում, վրան էլ ծածկել հսկա սալաքարերով: Բանվորներ էին պետք՝ հողածածկույթն ու սալաքարերը հեռացնելու համար: Գյուղի տղաներն ուրախանում էին Սոնայենց գալու առիթով. գոնե օրավարձով մի քիչ կաշխատեն՝ անգործ թրև գալու փոխարեն: Համ էլ ընկերովի աշխատելիս կարելի էր անվերջ ծաղրել իրար ու գյուղի հայտնի շաշերին[10], գլուխ գովել՝ հորինած դեպքեր պատմելով իրենց միակ միջազգային փորձից՝ բանակային փառապանծ անցյալից:
Գյուղում բոլորն ունեին իրենց, այսպես կոչված, էվել[11] անունները: Որպեսզի բահն ու քլունգը ամեն օր հետները քարշ չտային, բանվորները դրանք թողնում էին դաշտին ամենամոտ տան բակում: Տանտերը արտաքնապես շատ նման էր Ֆիդել Կաստրոյին[12], դրանով էլ հենց կնքվել էր իր էվել անունը: Սոնան վստահ էր, որ մարդու անունը Կաստրո է, երբեք չէր լսել, որ նրան այլ կերպ անվանեին: Այդ օրերից չորս տասնամյակ անց, երբ արդեն Սոնայի տղան, որը ճակատագրի հեգնանքով հնագետ էր դարձել և պեղում էր այդ նույն դամբարանադաշտում, օրվա վերջում բանվորների հետ գործիքները տանում, դնում է այդ նույն Կաստրո՛յանց դռանը: Տեսնում է՝բակում մի փոքրիկ գանգրահեր աղջիկ է վազվզում: Հարցնում է. «Դու ո՞վ ես»: Սա էլ խրոխտ պատասխանում է. «Ես Կաստրո՛յի թո՛ռն եմ»:
Դաշտի այն մասը, որտեղ պեղում էին, Հաբեթի հնձելավայրն էր: Հաբեթը, իհարկե, ամեն տարի ժպիտով ողջունում էր դաչնիկներին, բայց ներքուստ դժգոհ էր, որ բացված փոսերի պատճառով իր խոտի տարածքը կրճատվում է: Մի օր գյուղամիջում ասել էր այդ մասին, և խոսքը եկել, տեղ էր հասել: Սոնայի մայրը զարմացել էր՝ դա լսելով.
-Էս գտածոները իրենց կորած-մոլորած գյուղի անունը աշխարհով մեկ հայտնի են դարձնում[13]: Քանի՞ բուռ խոտ է կորցնում, որ դեռ էդ մասին խոսում է:
Սոնան ընդունում էր, որ մարդը տուժում է իրենց պատճառով, և իրեն վատ էր զգում:
Լոռվա այս կողմերի գյուղացիք գերեզմանաքար պատվիրելիս դիմում էին միայն լոռիբերդցի հայտնի քարտաշ Պավլեին: Սակայն երբ գալիս էր վճարելու պահը, պատվիրատուն պետք է իմանար մի կարևոր հանգամանք: Ուստա Պալվեն դրամական արժույթի իր ուրույն, խիստ անձնական պատկերացումն ուներ, որը տարբեր էր միջազգայնորեն ընդունված որևէ միավորից: Վարձատրություն ասելով՝ Պավլեն հասկանում էր 3 ռուբլի 70 կոպեկանոց պոլլիտր[14] և մեկ տուփ գավադեն[15], որն արժեր 1 ռուբլի 35 կոպեկ: Եթե մի ինչ-որ միամիտ փորձեր արված գործի դիմաց նրան հինգ կամ տասը ռուբլիանոց թղթադրամ տալ, Պավլեն ուշունց[16] տալով նրան դուրս կվռնդեր. չի ուզում վճարել, հետն էլ փորձում է իրեն հիմարացնել:
Գյուղի բնակիչները խորապես վստահ էին, որ պեղումների նպատակը ոսկի գտնելն էր: Բա էլ ի՞նչ իմաստ ուներ էդ տանջանքը: Մի առավոտ գերանդիներն ու եղանները ուսներին ճանապարհի եզրով հնձի շտապող գյուղացները ուրախ-ուրախ ձեռքով են անում դաշտում պեղող խմբին: Մեկը բղավում է. «Հըըը՜, ո՞նց եք, ո՛սկին քթել եեե՞ք»: Ընդհանուր ծիծաղի միջից բանվորներից մեկն էլ կանչում է. «Հաաա՜, հաաա՜, ա՛պո ջան, քթել ե՜նք, է՛նա մի ցելա՛ֆոն էլ դո՛ւ բի, մըխելի[17] հետդ տա՜ր»:
Ոսկու թեման այնպես էր գրավել գյուղացիների երևակայությունը, որ դրա շուրջն առասպելներ էին հյուսվում: Այդ պատճառով էլ, երբ պեղելու ընթացքում մայրը հողի մեջ ոսկյա իրեր էր նկատում, ավելորդ գայթակղություն չառաջացնելու համար բանվորներին ազատ էր արձակում. «Այսօր բավական է աշխատենք»: Մի անգամ էլ որդու հետ մի երկտող էր ուղարկել ամուսնուն. Il y a d’or ici, viens vite pour transporter![18]: Կրկնակի ապահովության համար, համենայն դեպս, երկտողը ֆրանսերենով էր գրել:
Պեղումները մեծ իրադարձություն էին գյուղի միալար, տանջալից կյանքում: Տղամարդիկ իրենց պարտքն էին համարում գալ, կանգնել պեղվող դամբարանի գլխին և ցուցադրել պատմությունից ու ընդհանրապես աշխարհի մասին իրենց ունեցած, ավելի հաճախ՝ չունեցած գիտելիքները: Սոնան զվարճանում էր՝ տեսնելով եղբոր զսպված ժպիտը հերթական հանճարեղ միտքը լսելիս. «Սա հաստատ թուրքի գյոռ կըլի», կամ՝ «Սա ի՛սկը Նիկոլի վա՛խտվայա»:
Նոր իրականություն
Արևը նստում էր: Մի քիչ զովացավ ու քամի խաղաց: Քարին նստած Սոնան ծանոթ բուրմունք զգաց. քամին մեղմորեն երեսին խփեց ուրցի հոտը: Սիրտը լցվեց. մանկությունից ի վեր այդ հոտը չէր զգացել: Ծաղկած ուրցի հոտը… Սոնան ուզում էր, որ քամին չդադարի, թե չէ հանկարծ հոտը նորից անվերադարձ կկորչի: Զգաց նաև իրեն քաջ ծանոթ երիցուկի հոտը: Դաշտից եկող բույրերը պարուրել էին իրեն ու թեթև ճոճում էին: Սոնան սկսեց կորցնել իրականության զգացումը: Գլուխը դատարկվել էր, ինքն իրեն չէր զգում, միտքը պոկվեց իր սովորական ուղեծրից: Սոնան մտածեց, որ միտքն իրեն տեղափոխում է անցյալ, բայց դա անցյալը չէր: Մի բոլորովին նոր իրականության մեջ հայտնված Սոնան տեսավ, որ շրջապատող գույները խտանում են, ինքն իրեն զգում է կայուն, գետնին պինդ կպած, ու հաստատվո՛ւմ է իր գոյությունը, ամրագրվո՛ւմ է իր գոյությունը:
Ո՞վ ես
Հետո Սոնան պիտի մտներ գյուղ, սիրտը պիտի սկսեր անտանելի բաբախել: Նորից իրեն պիտի զգար իրականությունից դուրս, իր կյանքից դուրս, անծանոթ ֆիլմի մեջ: Ոտքերը չզգալով՝ պիտի հասներ իրենց տան դարպասին: Արդեն լրիվ շնչակտուր՝ պիտի ձեռքի ափով անհամբեր հրեր-բացեր դարպասի դուռն ու… կանգներ: Աչքի առաջ պիտի գար նույն պատկերը, ինչ տեսել էր վերջին անգամ այստեղից հեռանալիս. դիմացից ձգվող ոտքի հողաշեն ճանապարհը՝ երկու կողմերում այգին, ճանապարհի վերջում՝ տունը: Պատկերն ամբողջացնում էր բակում կանգնած ծերացած տանտիրուհին. ամուսինն ու տղաները մահացել էին, աղջիկները արտագաղթել, լրիվ միայնակ էր: Սոնան սկսեց դանդաղ մոտենալ, տեսնում էր նրա հարցական հայացքը. դեմքին գրված էր. «Ո՞վ ես»: Սոնան մոտենալով բացատրում էր, ամեն քայլի հետ նորից կրկնում՝ Ես եմ՝ Սոնան, …Սեդայի աղջիկը, …ես եմ` Սոնան: Ծեր կինը ճանաչեց նրան միայն վերջին վայրկյանին, երբ Սոնան արդեն լրիվ մոտեցել էր իրեն. ապշած ճչաց, ձեռքերը խփեց ծնկներին, ու… արցունքների միջով գրկախառնվեցին:
****
Սոնան անհարմար զգաց բացել տալ նկուղի կողպած դուռը: Մի պահ կանգնեց անկյունները սարդոստայնով պատված դռան առջև, հետո դեմքով պինդ հպվեց փայտե դռան ճեղքին ու… որսաց նկուղի հոտը, ներս ծծեց խոնավությանը խառնված չոր խոտի բույրը: Փակ աչքերով երկար շունչ քաշեց, փորձեց առհավետ տեղավորել նկուղի հոտն իր հիշողության մեջ, որպեսզի ծաղկած ուրցի ու դաշտային երիցուկի բույրերի հետ միասին ընդմիշտ մնա այնտեղ՝ հաստատելո՛ւ համար իր գոյությունը, ամրագրելո՛ւ համար իր գոյությունը:
Վերջին երթուղայինը
Օրվա վերջին երթուղայինը պատրաստվում էր մայր մտնող արևի շողերի միջով շարժվել դեպի Երևան: Սոնան խաղաղ հայացքով հետևում էր տեղավորվող ուղևորներին: Այդ պահին սո՛ւր զգաց տարբեր լինելու հաճույքը: Միաժամանակ ինքն իրեն ամուր գրկելու ցանկություն ունեցավ, որպեսզի թույլ չտա, որ իր միջից մի մասնիկ անգամ լքի իրեն, որ իր հետ մնան բոլոր աշխարհիկները… որ չխախտվի իր ամբողջականությունը: Դրա՜նք՝ մեծ աշխարհի մեջ այդ տարբեր աշխարհիկնե՜րը, որ ամբողջ կյանքում չարչարել էին իրեն, բզկտել միտքն ու հոգին՝ ամեն մեկը Սոնային եսասիրաբար իր կողմը քաշելով, ստիպելով, որ մշտապես մեղքի զգացում ապրի այն բանի համար, որ պիտի չափի ու չափվի՛, կիսվի՛… դատի ու դատվի՛:
Ներքուստ հրճվանք էր ապրում, որ կարողացավ արթմնի մտնել երազի մեջ ու ռեժիսորի նման փոխել երազի սցենարի վերջաբանը, որ դաշտերից փչող հովը վերջապես խաղաղություն բերեց բոլոր աշխարհիկներին, որ դրանք իրար ձեռք բռնեցին ու շարվեցին Սոնայի սրտում բացված արև-ծաղկաբաժակի շուրջը՝ վերածվելով արևածաղկի մուգ դեղին թերթիկների …ու ձայնակցեցին Սոնայի հոգուց ճառագող կանչին՝ Ե՛ս եմ… Սոնա՛ն եմ… ձե՛րն եմ… տարբե՛ր եմ:
_______________
[1] Հիշողությունը վերածնում է ամեն բան, բացի հոտերից: Բայց փոխարենը՝ ոչինչ այնքան ամբողջականորեն չի վերածնում անցյալը, որքան երբևէ դրա հետ կապ ունեցած հոտը: Վլադիմիր Նաբոկով
[2]Մեծ հայրենադարձությունը՝ 1946-1948 թթ., երբ Սիրիայում, Լիբանանում, Իրանում, Ռումինիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Ֆրանսիայոմ, Եգիպտոսում, Հարավային Ամերիկայում, ԱՄՆ-ում ապրող ավելի քան 90 000 սփյուռքահայեր ներգաղթեցին Խորհրդային Հայաստան։
[3]Այդպես էին անվանում ներգաղթողների հերթական մեծ խմբերը, որոնք միևնույն նավով տեղափոխվում էին Հայաստան։
[4]Քաղաք Կիլիկիայում:
[5]Եգիպտացորեն:
[6]Տեսած (Լոռու բարբառով):
[7]Կյուրիկյան հայկական թագավորության Լոռե բերդաքաղաքը (X-XII դդ.), կառուցված է անառիկ հրվանդանի վրա՝ Ձորագետ և Ուռուտ (Միսխանա) գետերի միախառնման տեղում։
[8]Երեխա (Լոռու բարբառով):
[9]Լաթակտորների փաթաթան, խանձարուր:
[10]Ծուռ, խենթ, խելառ, հիմար, ցնդած (Լոռու բարբառով):
[11]Մականուն (Լոռու բարբառով):
[12]Կուբայի նախագահը 1976-2008 թվականներին:
[13]Լոռի բերդը հայտնի դարձավ որպես զբոսաշրջային վայր անկախությունից շատ հետո: Սակայն դրանից առաջ արդեն հայտնի էր համաշխարհային հնագիտական շրջանակներում իր եզակի հնագիտական նյութի շնորհիվ:
[14]Կեսլիտրանոց շշով օղի:
[15]Ռուսերեն говядина-ի (շոգեխաշած մսի պահածո)՝ Պավլեի կոմից աղավաղված ձևն է:
[16]Հայհոյանք (Լոռու բարբառով):
[17]Մի քիչ (Լոռու բարբառով):
[18]Ոսկու կտորներ կան, արի տեղափոխենք: