Յոկո: Կին, ով Լենոնին ֆեմինիստ ու պացիֆիստ դարձրեց
Advertisement 1000 x 90

Յոկո: Կին, ով Լենոնին ֆեմինիստ ու պացիֆիստ դարձրեց

Այն բանից հետո, երբ նրա 3-րդ ամուսինը մահացավ ու դարձավ լեգենդ, Յոկո Օնոն հավերժ մնաց նրա ստվերում, ու, միևնույն է, շարունակեց իր սեփական ճանապարհը՝ որպես երաժիշտ ու որպես նկարչուհի: Մարդկանց մի մասի համար նա այն մարդն է, ով քայքայեց «Բիթլզ» լեգենդար քառյակը, մյուսների համար՝ նա, ով կերտել է Լենոնին: Բայց նախ և առաջ՝ նա Օնոն է:

Դաստիարակված փոքրիկ Յոկոն…

Յոկոն ծնվել է 1933թ. Ճապոնիայում, բոհեմական միջավայրից բավականին հեռու ընտանիքում: Նրա ծնողները հարգված արիստոկրատական տոհմերից էին: Յոկոն ծնվել է Տոկիոյում ու մոր հետ ապրել այնտեղ վաղ մանկության տարիներին: Հայրն այդ ժամանակ աշխատում էր ԱՄՆ-ում: Նա Սան Ֆրանցիսկոյում Ճապոնիայի Բանկի ամերիկյան բաժանմունքներից մեկի թոք-մենեջերներից էր: Յոկոյի մայրն ամուսնու հետ ապրելու 2 փորձ է արել, սակայն տարբեր պատճառներով կրկին  վերադարձել է Ճապոնիա:

Ճապոնիայում Յոկոն ավարտեց արիստոկրատ երեխաների համար նախատեսված բավականին հեղինակավոր դպրոց: Նրա համադասարանցին այն ժամանակվա գահաժառանգ, այժմ՝ Ճապոնիայի կայսրն էր: Յոկոն դարձավ դպրոցի փիլիսոփայական ուղղության առաջին աղջիկ ուսանողը: Սակայն նրան ձգում էր եվրոպացիների էկզոտիկ աշխարհը, և նա ուզում էր սովորել ամերիկյան քոլեջում: Ծնողները իրենց համաձայնությունը տվեցին, ու Օնոն ընդունվեց արվեստների քոլեջ:

Պատանի ապստամբը…

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բոլոր մասնակից երկրներում գործում էին հզորագույն հակադիր վեկտորներ: Եվ կյանքում, կենցաղում, և արվեստի ու հասարակական մտքի մեջ ծայրահեղ պահպանողականությունը պայքարում էր դեպի ապագան անզուսպ մղմամբ: Ռադիկալ նոր երաժշտություն՝ ռոք-ըն-ռոլ, ռադիկալ նոր պարեր, ու ընդհանրապես ամեն ինչ: Վիզուալ՝ տեսողական արվեստում ձևավորվում է ավանգարդիստական հոսանքը, այսինքն՝ այն ուղղությունը, որը մղվում է առաջ, ու դա անում է մարդկության մնացած հատվածից շատ ավելի արագ: ԱՄՆ-ում Յոկոն տարվեց այդ ուղղությամբ: Սկզբում նա դարձավ ֆեմինիստուհի, սկսեց պայքարել կանանց հավասարության համար, ու 23 տարեկանում հակառակ ծնղների կամքի՝ ամուսնացավ իր ընտրած տղամարդու՝ երիտասարդ ու աղքատ կոմպոզիտոր Տոսի Իտիյանագիի հետ: Նրանք ծանոթացել էին Նյու Յորքում, ուր Տոսին սովորում էր ԱՄՆ-ի ամենահեղինակավոր արվեստի դպրոցներից մեկում: Յոկոն ոչ միայն հետաքրքրվում էր ավանգարդիստական երաժշտությամբ, այլև որոշում է իր ուժերը փորձել՝ որպես նկարչուհի: Նոր վիզուալ արվեստը չէր ենթադրում նկարելու պարտադիր հմտություն կամ ցանկություն: Որպես նկարչական գործիքներ՝ կարելի էր օգտագործել ինչ ասես: Յոկոյի մոտ արագ ձևավորվեց հատուկ ոճ: Շատ ավանգարդիստներ կենտրոնացած էին սպասումների խաբկանքի վրա՝ ընդհուպ հասարակության վրա ծիծաղելու, առարկաները քանդելու աստիճանի, զարմանում էին զարմանալու համար ու ընդհանրապես ընդդիմանում էին գոյություն ունեցող ամեն ինչին:

Յոկոյի ինստալացիաները միշտ ունեին հստակ, ոչ միանգամից ակնհայտ գաղափար: Դրանք չէին խաբում հանդիսատեսին, սակայն դիպչում էին նրա կարծրատիպերին: Յոկոն նախընտրում էր սառը գունային գամմայով, գրեթե ստերիլ ինստալացիաներ՝ առարկաների շատ հստակ գծերով: Այս ոճը ավելի ուշ ցնցեց Ջոն Լենոնի երևակայությունը: Հնարավոր է, դա ավանգարդիստների չափանիշերով՝ անատամ արվեստ էր, սակայն Օնոյի հայրենիքում, այդ թվում՝ նաև վերջինիս ծնողների մոտ, այն շոկ հարուցեց: Դստեր արվեստն ու ընտրությունը նրանք չէին կարողանում հասկանալ:

Նկարչուհին՝ հուսահատության մեջ…

Յոկոն ցուցահանդեսներ էր ունենում, ներկայացումներ բեմադրում, սակայն լայն հասարակության ուշադրությունը դրանք չէին գրավում: Յոկոն փառք էր տենչում, սակայն առավելագույնն ընդունվում էր ժանրի սիրահարների կողմից: Դա նրան հունից հանում էր: Բնավորությամբ լինելով գերէմոցիոնալ՝ նա հիստերիաների մեջ էր ընկնում, ինքնասպանության կիսացուցադրական ցույցեր էր անում, ու նրան փրկում էր ամուսինը: Բայց նրա համբերությունը երկար չդիմացավ այդ տեսարաններին: Նրանց հարաբերություններն ավելի ու ավելի սառն էին դառնում, մինչև վերջապես նա չմեկնեց Ճապոնիա՝ կնոջը թողնելով ԱՄՆ-ում:

Ինքնասպանության հերթական փորձից հետո Յոկոյի էմոցիոնալ վիճակի մասին լուրերը հասան նրա ծնողներին: Նրանք դստերը բուժման ուղարկեցին թանկարժեք հոգեբուժական կլինիկա: Հենց այդ ժամանակ Տոսին ձևակերպեց ամուսնալուծությունը: Յոկոն իրեն ճնշված ու նվաստացած էր զգում: Հենց այդ վիճակում նրան գտավ  նրա արվեստի ամենամոլի երկրպագուն՝ ամերիկացի Էնթոնի Քոքսը: Հենց որ նա իմացավ, որ ծնողները նրան բռնի կերպով Ճապոնիա են տարել, նա նետվեց Յոկոյի հետևից: Քոքսը հիվանդանոցում խնամում էր նրան, իսկ հետո առաջարկություն արեց: ԱՄՆ նրանք վերադարձան միասին:

Էնթոնին ամեն ինչում աջակցում էր կնոջը, ում շնորհին խորապես հավատում էր: Նա հեղինակեց բանաստեղծությունների ժողովածու, ունեցավ դստերը, ներդրում ունեցավ ավանգարդիստական ֆիլմերի պատմության մեջ ու շարունակեց աշխատել ցուցահանդեսների վրա:

1966թ. Յոկոն ընտանիքի հետ մեկնեց Լոնդոն, ուր նա ցուցահանդես ուներ: Այդ ցուցահանդեսին եկավ նաև Լենոնը: Ինչպես ինքն էր հետագայում հիշում, նրան ցնցեց  Յոկոյի գործերից մեկը: Իսկ Յոկոյի ներաշխարհն ընդհանրապես շուռ եկավ: Էնթոնիի հետ նա ապրում էր միայն նրա համար, որ վերջինս միակն էր, ով ծանր ժամանակ աջակցեց իրեն: Իսկ Ջոնն այն տղամարդն էր, ում, վերջապես, նա կարողացավ սիրել: Բայց այդ սիրո դեմ էր ամեն ինչ,  նախ և առաջ՝ նրանց երկուսի ընտանիքները, իսկ հետո էլ՝ 7 տարվա տարիքային տարբերությունը. Յոկոն մեծ էր Ջոնից: Վերջինս նաև իր կարիերային պարտավորություններն ուներ: Իսկ Յոկոն տառացիորեն ցնորվում էր: Նա հետապնդում էր Ջոնին, զանգում էր, գրում, գիշերում վերջինիս դռան տակ, տառացիորեն տեռորի էր ենթարկում: Իսկ Ջոնը թիկնապահներ վարձելու փոխարեն՝ լքեց ընտանիքն ու սկսեց հանդիպել նրա հետ:

Ջոն+Յոկո=Բիթըլզ-Ջոն

Յոկոն սիրո մասին գրեթե չէր խոսում Ջոնի հետ: Նրա կիրքն այլ կերպ էր արտահայտվում: Յոկոն նրա հետ կիսում էր իր հայացքները, անվերջ բարձրաձայն դատողություններ անում այս կամ այն հասարակական անարդարության, ժամանակակից արվեստի, ապագայի ու երաժշտության, ընդհանրապես մարդկության մասին:
Յոկոյի թեթև ձեռքով փոխվեց խմբի գաղափարախոսությունը, ու Փոլ ՄաքՔարթնիի ու խմբի մնացած անդամների ընդդիմությունը չուշացավ: Դրան ի պատասխան՝ Լենոնը հայտարարեց, որ հեռանում է խմբից: Վերջիններս էլ բոլոր հետաքրքրվողներին հայտարարեցին, որ Յոկոն կործանեց նախագիծը: Սակայն հետաքրքիրն այն էր, որ Լենոնը, այս անգամ՝ արդեն Յոկոյի հետ, շարունակում էր ստեղծագործել ու հասնում դեպի փառքի նոր բարձունքները, իսկ ՄաքՔարթնիի անձնական նախագծերն այնքան էլ հաջողակ չէին:

Լենոնը նախ՝ հարեց ֆեմինիստական հայացքներին, ապա՝ էգալիտարիզմին, սկզբում կտրուկ պացիֆիստ դարձավ, իսկ հետո, ընդհակառակը, ռադիկալ սոցիալիստ, ով երազում էր հեղափոխության մասին: Նրա յուրաքանչյուր գործի մեջ այժմ զգացվում էր Օնոյի շունչը:

Ջոնն ու Յոկոն տալիս են կոնցեպտուալ հարցազրույցներ, որոնցից ամենահանրահայտը, անկասկած, գիշերազգեստներով հարցազրույցն էր: Այս երկուսը պարզապես անկողնում գիշերազգեստներով պառկած՝ պատասխանում էին ցանկացած մարդու հարցին, ով ներս էր մտնում: Եվ սա մտավ և՛ արվեստի, և՛ պացիֆիստների շարժման պատմության մեջ, քանի որ Ջոնն ու Յոկոն հիմնականում խոսում էին պատերազմի և խաղաղության մասին:

Զույգն Անգլիայից տեղափոխվեց Նյու Յորք, քանի որ Յոկոյի համար կարևոր էր իր փոքրիկ դստեր հետ շփվելը: Նախկին ամուսինը փորձեց հասնել Յոկոյին ծնողական իրավունքներից զրկելուն:

Օնոյի և Լենոնի միությունն անամպ չէր: Մի երեկույթի ժամանակ Ջոնը, գտնվելով թմրանյութերի ազդեցության տակ, բացեիբաց դավաճանեց Յոկոյին: Շուտով նրանք բաժանվեցին, սակայն 2 տարուց կրկին հաշտվեցին: Ծնվեց նրանց որդին: Երեխայի կյանքի առաջին 5 տարիներին Ջոնը հեռացավ արվեստից ու ակտիվ հասարակական գործունեություն ծավալելուց. այժմ նրան ավելի շատ հետաքրքրում էր երեխայի հետ զբաղվելը: Յոկոն շարունակում էր ցուցահանդեսներ ունենալ:

Կյանքը՝ Ջոնի մահից հետո…

1980թ. Ջոնը նոր ալբոմով վերադարձավ երաժշտական աշխարհ: Ալբոմի կազմի վրա Յոկոյի ու Ջոնի համբույրն էր պատկերված, երգերը նույնպես համատեղ էին գրված: Զույգից նորից սկսեցին հարցազրույցներ ու ինքնագրեր վերցնել: Հարցազրույցներից մեկից հետո նրանք ձեռք ձեռքի տված տուն էին մտնում, երբ այդ պահին կրակոցներ հնչեցին: Ջոնն ընկավ. նա արնաքամ էր լինում, Յոկոն օգնություն էր կանչում: Հաշված րոպեների ընթացքում երգչին հիվանդանոց հասցրին, սակայն ոչինչ չհասցրեցին անել: Լենոնն արնաքամ էր եղել:

Յոկոն շատ ամուր կին դուրս եկավ: Նա վաղուց արդեն 80-ն անց ծեր կին է, սակայն շատ ակտիվ գործունեություն է ծավալում թե՛ արվեստում, թե՛ հասարակական կյանքում: Նա 10 գիրք է գրել, որոնց մի մասը նվիրված է ողբերգականորեն զոհված սիրելիին, ձայնագրել է 8 երաժշտական ալբոմ, որոնց մի մասը քննադատների կողմից բարձր գնահատականի է արժանացել, ժամանակ առ ժամանակ շարունակել է ցուցահանդեսներ կազմակերպել: Նա վարում է Ինստագրամի ու Թվիթերի էջեր, և չնայած 2016թ. տարած ինսուլտին՝ չի պատրաստվում հանձնվել:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը