Սննդակարգում աղի ցանկացած քանակության սահմանափակում բարելավում է զարկերակային ճնշումը, ցույց է տվել նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Circulation ամսագրում: Հետազոտության հեղինակներն առաջին անգամ զարկերակային ճնշման նվազման կոնկրետ թվեր են հաշվարկել սննդակարգում նատրիումի քանակության նվազման դեպքում:
Օրգանիզմում նատրիումի ավելցուկը նպաստում է արյունատար անոթներում ջրի հապաղմանը, ինչը մեծացնում է սրտի ու անոթների վրա բեռը եւ ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել զարկերակային ճնշման կայուն բարձրացման: Հիպերտոնիան իր հերթին սրտամկանի կաթվածի ռիսկի գործոն է:
Մեր սննդակարգում նատրիումի հիմնական աղբյուրը կերակրի աղն է (նատրիումի քլորիդը): Սակայն աղի զգալի մասը (հաճախ կեսից ավելին) մենք ստանում ենք ոչ թե աղամանից, այլ պատրաստի մթերքներից:
Գիտնականները վերլուծել են 85 հետազոտություն, որոնց մասնակիցներին հետեւել են մինչեւ 3 տարի: Պարզվել է, որ սննդակարգում նատրիումի ցանկացած, նույնիսկ փոքր քանակության սահմանափակումը զարկերակային ճնշումը նվազեցրել է: Ավելին՝ մարդիկ որքան քիչ աղ են գերծածել, այնքան ճնշումը ցածր է եղել:
Հետազոտությունը ցույց է տվել, որ սննդակարգում աղի քանակության օրական յուրաքանչյուր 2,3 գրամ նվազեցումը բերում է սիստոլիկ (վերին) զարկերակային ճնշման սնդիկի սյան 5,6 մմ նվազման, իսկ դիաստոլիկ (ստորին) ճնշման՝ 2,3 մմ նվազման:
Գիտնականների խոսքով՝ սննդակարգում նատրիումի քանակության նվազեցման համար բուն սննդակարգը պետք է դարձնել ավելի առողջ: Զարկերակային ճնշման նվազեցման համար մշակված սննդակարգերից մեկն է DASH սննդակարգը (Dietary Approaches to Stop Hypertension – անգլերենից թարգմանած՝ դիետիկ մոտեցում հիպերտոնիայի վերացմանը): Դրա հիմնական բաղադրիչներն են՝ մրգեր, բանջարեղեն, ձուկ, թռչնամիս, հատիկընդեղեն, ընկուզեղեն: Խորհուրդ է տրվում առավելագույնս սահմանափակել կարմիր միսը, քաղցրեղենը եւ յուղոտ մթերքները: