Սեքսն ու սրտամկանի ինֆարկտը…
Advertisement 1000 x 90

Սեքսն ու սրտամկանի ինֆարկտը…

Սրտամկանի ինֆարկտից կամ անոթային շունթավորումներից հետո, քննարկման առարկա է դառնում սեռական հարաբերության ապահով և անվտանգ լինելու հարցը: Շատ հիվանդներ կրկնակի ինֆարկտի վտանգի պատճառով վախենում են սեռական հարաբերություն ունենալուց: Իսկ ոմանք խուսափում են հավանական ցավերից, հատկապես անոթային շունթավորումից հետո: Շատ դեպքերում և՛ բժիշկները, և՛ հիվանդները չեն անդրադառնում այս խնդրին տարբեր պատճառներով: Արդյունքում, մարդու սեռական կյանքին վերաբերող բազմաթիվ կարևոր հարցեր մնում են անպատասխան:

Իսկ արդյո՞ք մեծ է սրտամկանի ինֆարկտի առաջացման ռիսկը` սեռական հարաբերության ժամանակ: Սրտամկանի ինֆարկտների 1%-ն առաջանում է սեռական հարաբերության ժամանակ: Այս ռիսկը մեծանում է հատկապես այն հիվանդների համար, որոնք չունեն պսակաձև զարկերակային հիվանդություն (coronary arterial disease): Նստակյաց կյանքը մեծացնում է ինֆարկտի հավանականությունը: Ընդհակառակը, կանոնավոր սեռական կյանքն ընդհանուր առմամբ նվազեցնում է այս ռիսկը:

Սեռական հարաբերության ժամանակ մահվան ցուցանիշը կազմում է 0.5-1.7%: Ըստ Ամերիկյան սրտաբանների ասոցիացիայի տվյալների` «մահացածների 82-93%-ը կազմում են տղամարդիկ, որոնցից 75%-ի մոտ` մահը տեղի է ունեցել արտաամուսնական սեռական հարաբերության ժամանակ, ավելի երիտասարդ զուգընկերոջ, ալկոհոլի և սննդի չարաշահման պայմաններում»:

Սրտի անոթային շունթավորումից կամ ստենտավորումից հետո ե՞րբ կարելի է սկսել սեռական հարաբերություն ունենալ: Ստենտավորումից մոտավորապես 1 շաբաթ անց թույլատրվում է ունենալ սեռական հարաբերություն, երբ ստենտի անցկացման վերքը արդեն լավացել է: Իսկ սրտի բաց վիրահատություններից հետո (coronary artery bypass surgery), սովորաբար պահանջվում է 6-8 շաբաթ:

Ոչ կայուն անգինան (unstable angina pectoris), խորացող սրտային անբավարարությունը, առիթմիաներն ու սրտանոթային ծանր վիճակները հակացուցում են հանդիսանում սեքսի համար և կարող են լինել վտանգավոր: Իսկ սեռական հարաբերության ժամանակ այսպիսի գանգատների ի հայտ գալու դեպքում` պետք է դադարեցնել այն:

Ի՞նչ մտապահել «սեքսի և սրտի» մասին
Սրտի ծանրաբեռնվածության քննություն պետք է կատարել այն հիվանդներին, որոնց մոտ առկա են սրտանոթային հիվանդության ախտանշաններ սեքսի ժամանակ:

Սեռական հարաբերություն թույլատրվում է, երբ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ (քայլել, հեծանիվ վարելգ) չի դիտվում սրտի շրջանի ցավեր, շնչարգելություն, էլեկտրասրտագրության փոփոխություն, առիթմիաներ և արյան ճնշման բարձրացում:

Կանոնավոր ֆիզիկական վարժանքներն ու ակտիվ կենսակերպը կարող են նվազեցնել սրտանոթային բարդությունները սեքսի ժամանակ:

Որոշ սրտային դեղամիջոցներ (բետապաշարիչներգ), որոնք կիրառվում են ինֆարկտից հետո, կարող են առաջացնել սեռական դիսֆունկցիա:

Էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման համար կիրառվող որոշ դեղամիջոցների (վիագրա, լևիտրա, սիալիսգ) նշանակումը հակացուցված է նիտրատ (նիտրոգլիցերին) ընդունող սրտային հիվանդներին:

ՌԱՖՖԻ Հ. ՋԱՆԵՑՅԱՆ

ուռոլոգ