Հայ աղջիկներին հաճախ կարելի է տեսնել բարձրակրունկ կոշիկներով, համարձակ դեկոլտեներով, թափանցիկ ու կարճ կիսաշրջազգեստներով:
Հատկապես դասախոսների շրջանում նման հագուկապը անհարկի է թվում:
Այսօր բուհական հաստատություններում չկան ներքին կանոնակարգեր, թե ինչպես չպետք է ուսանողը հագնվի, ինչը շատերի գնահատմամբ` հանգեցնում է նրան, որ այսօր ուսանողուհիներից դասերի են հաճախում լողազգեստ հիշեցնող հագուսներով:
Դասախոս Կարեն Սիմոնյանն, ով դասավանդում է մի քանի բարձրագույն հաստատություններում, մեզ հետ զրույցում նշեց. «Հայուհիները հաճախ դիտմամբ բաց դեկոլտեներով են ներկայանում դասախոսությանը, անգամ փորձում են սիրախաղ սկսել տղամարդ դասախոսների հետ: Խնդիրը խորքային է, փորձում են խախտել դասախոս-ուսանող փոխհարաբերությունը, որը համատարած է ու մտահգվելու տեղիք է տալիս»:
168.am-ը այս խնդրի շուրջ զրուցեց Աբովյան քաղաքի «Սատար» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբան Հրաչյա Հովհաննիսյանի հետ.
«Հայ աղջիկներին եկեք չզատենք այլ ազգերի աղջիկներից: Բաց, ազատ հագուկապի միակ ազդակը սեռական բնույթի մարտահրավերն է: Ոմանց համար դա ռեալ բնույթ է կրում, այսինքն` ինչ նպատակով, որ հագնվում են՝ ադեկվատ վարքագիծ են իրականացնում հակառակ սեռի կողմից և նրանք հասնում են իրենց վերջնական նպատակին: Մյուսների՝ մեծամասնության համար, դա ուղղակի խաղ է` ինքնավստահություն ձեռք բերելու համար: Հակառակ սեռի արձագանքը, ուշադրությունը օգնում է նրանց ինքնահաստատվելու: Բայց երբ որ նպատակը միայն ինքնահաստատումն է ու դա երկարաժամկետ բնույթ է կրում` առաջ են գալիս խնդիրներ: Ենթագիտակցորեն աղջիկն ուզում է հասկացնել, որ պատրաստ է, ազատ է սեռական շփման համար: Բայց հաճախ շատերը հագնվում են այդպես` կարծելով, թե մոդայիկ է, բայց ներքուստ հոգեբանորեն աններդաշնակ են իրենց զգում»,- ասում է հոգեբանը:
Հարցին, թե հոգեբանական նման աններդաշնակությունն ինչի՞ կարող է հանգեցնել, մասնագետը պատասխանեց. «Երբ այս պրոցեսը երկարատև է լինում, դա կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: Նախ` հաղորդակցական խնդիրներ կարող են առաջանալ, կոնֆլիկտներ սեփական անձի հետ, ագրեսիվություն շրջապատի նկատմամբ: Նույն այդ ուսանողների մոտ տրվմատիկ բնույթ է կրում այդ ամենը: Երեկոյան զգեստը մեկ-երկու ժամով հագնելը երեկույթին` նորմալ է, բայց երբ ուսանողը այդ հագուստով, բարձրակրունկներով պետք գնա ուսումնական գծով ղեկավարի մոտ, գրադարան, ճաշարան, դասերից հետո` կանգառ, տրանսպորտ, այդ ամենն անհարմարություններ են իրենց համար, որը կողքից բացահայտ երևում է»:
Ի դեպ, հետաքրքիր մի փաստ. ամբողջ աշխարհում` նորաձևություն թելադրող երկրներում, կանայք առօրյա կյանքում նախապատվություն են տալիս հարմարավետ ու հասարակ հագուստին: Բարձրակրունկներն ու աչք ծակող զգեստները հագնում են միայն երեկույթների ժամանակ՝ ճիշտ ժամանակին, համապատասխան վայրերում: