Ժամանակակից ֆոլկ երգող Անուշ և Ինգա Արշակյաններն իրականում այնքան տարբեր են, ինչպես երկինքն ու երկիրը, սակայն այդ տարբերությունը նրանց երգարվեստի վրա միայն դրական է անդրադառնում: Բեմում միասին հանդես եկող քույրերի խառնվածքների տարբերությունը փոխլրացնող է` Ինգան զբաղված է ադմինիստրատիվ հարցերի լուծմամբ, իսկ Անուշը ստեղծագործական մասի պատասխանատուն է: Քույրերն, արդեն տևական ժամանակ է՝ հեռուստաէկրաններին չեն երևում: Այս փաստն ամենևին չի նշանակում, որ նրանց ակտիվ ստեղծագործական կյանքն ընդհատված է: Սեպտեմբեր ամսին Արշակյանները կներկայանան նոր` թվով 3-րդ տեսահոլովակով:
– Դուք երկար ժամանակ է՝ շրջում եք Հայաստանի տարբեր գավառներով, պեղում և հավաքագրում եք հայկական ժողովրդական հնագույն երգերը: Յուրահատուկ լինելո՞ւ, թե՞ ժողովրդական երգերը փրկելու և վերաիմաստավորելու համար են տարվում այդ աշխատանքները:
Անուշ.- Դուք գերագնահատում եք մեր աշխատանքը: Այո, մենք ժամանակ առ ժամանակ մեկնում ենք էքսպեդիցիաների, բայց մեր հավաքագրած նյութերն այդքան շատ չեն: Ցավով պիտի ասեմ, որ մեր ժառանգությունը հետզհետե նվազում է: Արդեն իսկ կա նվիրյալ մարդկանց կողմից հավաքագրած երգերի հսկայական ֆոնդ։ Այդ նվիրյալները մեր ժամանակակիցներն են, մասնավորապես՝ Կարո Չալիկյանը և կոնսերվատորիայի մեր ուսուցիչները, որոնք տարիներ շարունակ զբաղվել են ֆոլկլոր հավաքագրելով: Հիմա դրանք կորցնելու վտանգ կա:
– Իսկ ինչի՞ հետ է կապված ձեր հարաբերական դադարը: Մտավախություն չունե՞ք, որ ձեր տեղը կարող էին գրավել, որովհետև հիմա նոր անունները շատ-շատ են:
Ինգա.- Մենք ձեռքներս ծալած չենք նստել, աշխատել ենք: Փնտրտուքների մեջ էինք. մատուցման խնդիր էինք դրել մեր առջև:
Անուշ.- Հսկայական երգացանկ ունենք արդեն՝ մշակված և ձայնագրված: Նույնիսկ մեր մենահամերգն է արդեն տեսագրված: Ցավոք սրտի, հիմա շատերը երգչին մասսայականացնելու միակ ձևը տեսահոլովակն են համարում:
Ինգա.- Չգիտես ինչու, նոր կարծիք է ձևավորվել, որ եթե տեսահոլովակ չունես, ուրեմն նոր երգ չունես կամ գնացել ես ընդհատակ, չկաս։ Բայց մենք ունենք մենահամերգային մեծ ծրագիր, որտեղ ընդգրկված են տարբեր գավառների ֆոլկլորային երգերը` կենդանի նվագակցությամբ: Նախկինում երգիչը երգիչ էր դառնում կենդանի համերգով` բեմ դուրս գալով։ Օրինակ, Շառլ Ազնավուրը համերգներով է Ազնավուր դարձել և ոչ թե տեսահոլովակներով: Թեև արդեն նոր երգեր կան, օրեր առաջ էլ նկարահանեցինք նաև տեսահոլովակ:
– Կպատմե՞ք տեսահոլովակի մասին:
Ինգա.- Դա տարբեր գավառներից վերցված հարսանեկան երգերի ծաղկաքաղ է, որի մշակումն Անուշն է կատարել:
Անուշ.- Պետք է ասեմ, որ իր հարստության և բարդության հետ մեկտեղ, այն պարզ և լուսավոր երգ է: Իրականում դա ժողովրդի բարձր ստեղծագործական պոտենցիալի մասին է վկայում, որը դարեր շարունակ է մշակվել: Ժողովրդի երգերը հասարակ չեն, շատ բուռն են, խորը բովանդակություն ունեն։ Հարսանեկան ծեսը հնում շքեղ, հետաքրքիր ծիսական արարողությունների շարք է եղել՝ համեմված համապատասխան երգերով: Լայնաշունչ ու փառահեղ թագվորագովքեր (փեսայի գովքը), հարսի ու փեսայի սիմվոլիկ արդ ու զարդը, հարսանեկան լացեր, որոնք ողբերի հետ ոչ մի կապ չունեն, և վերջապես՝ հարսանեկան երգ-օրհնություններ: Այս ծաղկաքաղում ընդգրկված են երգեր՝ ծեսի տարբեր հատվածներից։
Անուշ.- Ես չեմ համարում, որ ծեսը մեխանիկական գործողություն է, թեև այն շատ հաճախ մեխանիկորեն է կատարվում: Յուրաքանչյուր ծեսի մեջ կա շատ լուրջ իմաստ, բովանդակություն: Այդ երգերի գեղեցկությունը, անկախ նրանից՝ հա՞յ ես, թե՞ ոչ, գերում է: Երգը կարծես վարդի պես բացվում է` ամեն շերտի տակ, այլ ավելի գեղեցիկ շերտեր ի հայտ բերելով: Հնարավոր է, որ զվարճանալու առիթ քիչ կա հայկական երգերի մեջ, բայց կարևորն այն է, թե ինչ ինֆորմացիա են դրանք կրում։ Պոզիտիվ, կառուցողական, բուժիչ, թովիչ և, վերջապես, կենարար ուժ ունեն հայկական երգերը:
Ինգա.- Տեսահոլովակը նկարահանել է Հրանտ Մովսիսյանը, գործիքավորել է Արման Բերբերյանը: Կարծում ենք, ճիշտ թիմ է աշխատել: Նկարահանումները կատարվել են Դիլիջանում, Աշտարակում, Զովունիում և Երևանում: Քանի որ հարսանեկան ծեսն արդեն իսկ բազմիցս ներկայացվել է, ռեժիսորը փորձեց այն ուրիշ ձևով մատուցել:
– Ոճական փոփոխություններ կա՞ն տեսահոլովակում:
Ինգա.- Այս տեսահոլովակում մեզ բաժանել են: Հրանտ Մովսիսյանն ասում էր, որ ուզում է մեզ առանձին տեսնել: Անուշն, ընդ որում, ուրիշ ժամանակաշրջանից է, իսկ ես ներկայացված եմ որպես ժամանակակից լուսանկարչուհի:
– Դուք երկուսդ էլ նկատելիորեն նիհարել եք: Ինչպե՞ս է դա ձեզ հաջողվել:
Ինգա.- Ուղղակի ճիշտ սննդակարգ և մարզումներ:
Անուշ.- Յուրաքանչյուր մարդ ունի իր անհատական հակումները. մարդ կա՝ մսակեր է, մարդ կա` քաղցրակեր, իսկ մենք բանջարեղենով ենք սիրում սնվել: Նաև շատ գրականություն ենք կարդացել այդ թեմայով` բացառելով մեր կերակրացանկում շատ կարևոր մի բան, ինչը շատ գիրացնում է՝ խմորիչով պատրաստված հացը: Ինչ վերաբերում է քաղցրեղենին, ապա, ճիշտն ասած, ես մինչև վերջ քաղցրից չկարողացա հրաժարվել, մանավանդ շոկոլադ շատ եմ սիրում։ Բայց հաց, արդեն 2 տարի է, չենք օգտագործում: Եվ ջուր ենք շատ խմում: Օրինակ, արտասահմանյան դիետաներում նիհարելու համար պարտադիր նշված է 1-2 լ հանքային ջրի օգտագործում։ Իրականում մեր ծորակի ջուրը համարժեք է այդ ջրին: Մեր քաղցրահամ ջուրը մաքրազատում է օրգանիզմը խարամներից: Ամոթալի էր, որ մենք մինչ այդ լավ ծանոթ չէինք մեր ջրի հատկություններին, որովհետև մեր պապիկը Երևան քաղաքի հիդրոերկրաբաններից է եղել: Երբ մենք բացահայտում ենք մեր նիհարելու գաղտնիքը, շատերը չեն հավատում, մտածում են, թե հատուկ դիետաների ենք հետևել: Գիտե՞ք՝ որն է ամենակարևոր նախապայմանը` ոչ միայն ամենօրյա սննդակարգում, այլ՝ ընդհանրապես, պետք է փորձել ամեն ինչից հաճույք ստանալ:
– Տարօրինակ է, ռուսական կրթություն եք ստացել, բայց խիստ հայկական հակումներ ունեք. երգում եք հայկական ժողովրդական երգեր:
Անուշ.- Այդ ձգտումները դեռ դպրոցում են արտահայտվել: Առաջին հերթին մենք պետք է գնահատենք մեր արժեքները: Մենք ունենք ձայնագրություններ, որտեղ հույները Կոմիտաս են երգում, քրդերը` հայկական ժողովրդական երգեր` հայերենով: Ազգությամբ ղազախ մի ջութակահար կա, որ Կոմիտաս է նվագում: Մենք օրերս վրացական երգերի ձայնասկավառակ էինք լսում, որի 40 տոկոսը հայկական ժողովրդական երգեր էին: Ընդ որում, վրացական ժողովրդական երգերի մեծ մասն էլ Կոմիտաս էր:
Ինգա.- Մեր ունեցածը ճիշտ չենք գնահատում, և օտարներն այն մեր ձեռքից խլում են: Չի կարելի թերագնահատել ազգային հարստությունը: Եթե ինչ-որ մեկը երգում է, մեծերը սովորաբար ասում են. «դե, մի բան ասա», այլ ոչ թե՝ «մի բան երգի»: Երգողը պետք է ասելիք ունենա:
– Հաճա՞խ եք վիճում: Ստեղծագործելու ընթացքում տարբեր մոտեցումների ժամանակ որևիցե մեկիդ խոսքը վճռորո՞շ է:
Ինգա.- Դե, պատահում է… Ի վերջո, մի ընտանիքից ենք։ Բայց, իհարկե, գալիս ենք ընդհանուր հայտարարի:
Անուշ.- Ես միշտ երկնքից կախված եմ, իսկ Ինգան ինձ սթափեցնում է և հիշեցնում ներքևի իրականությունը:
– Անուշ և Ինգա Արշակյանները նաև «Եվրատեսիլի» թեկնածուներ էին: Ինչպե՞ս եք դա ընդունել: «Եվրատեսիլում» ինչպե՞ս պիտի մատուցվեր հայկական ժողովրդական երգը, և արդյո՞ք ժամանակակից աշխարհը զգում է այդ պահանջը։
Ինգա.- Երկու տարի շարունակ մեզ էլ են այդ լուրերը հասել, չնայած նույնիսկ թեկնածություն չենք առաջարկել: Դա խոսում է հանդիսատեսի գնահատականի մասին, որի համար չափազանց զգացված ենք: Ստեղծագործական առումով, ինչ մեզանից է կախված, աշխատում ենք պատշաճ կերպով ներկայացնել: Առաջին հերթին պետք է զարմացնել։ Իհարկե, նոր հեծանիվ չես կարող հորինել, սակայն ունես այն, ինչը մյուսներին նման չէ։ Դա էթնիկ ժառանգությունն է, որը կարելի է միքսել ժամանակակից ոճերի հետ` ֆոլկ-ռոք, ջազ-ֆոլկ, մի խոսքով՝ պետք է անպայման ժամանակակից հետաքրքիր շունչ տալ երգին, գործիքավորմանը, հագուստներին և, իհարկե, բեմադրությանը: Իսկ թե ժամանակակից աշխարհը պատրա՞ստ է դրան, թե՞ ոչ, ապա, հետևելով համաշխարհային շոու-բիզնեսի անցուդարձին՝ համոզվում ենք, որ ոչ թե պատրաստ է, այլ պահանջում է: Պարզապես պետք է ցույց տալ, ներկայացնել, որ նման բան էլ կա: Այդ իսկ պատճառով մեր իրական` լուրջ թեկնածության և, առավելևս, մասնակցության մասին ոչինչ ասել չենք կարող, քանի որ որոշում կայացնողը մենք չենք:
Անուշ.- Ոչ մի բանի չի կարելի թերահավատությամբ վերաբերվել: Ինգան անուղղելի լավատես է, միշտ հավատում է, որ լավ է լինելու: Եվ եթե մենք միշտ մտածեինք, որ՝ ա՛յ սա լուրջ չէ, մենք երբեք մրցանակներ չէինք ունենա: Թող անհամեստություն չհնչի, մրցանակները ստացել ենք ոչ միայն իմ մշակումների, Ինգայի ջանասիրության, այլև նրա լավատեսության շնորհիվ: Ընդհանրապես, սիրած գործով զբաղվելն ու դրանով փառավորվելը, հանդիսատեսի դեմքին երջանկության պահեր ու ժպիտ նկատելը մեզ համար ամենակարևոր մրցանակն է:
Հարցազրույցը վարեց Նաիրա Մարտիրոսյանը
«3 Միլիոն»