Եթե մաշկի վրա կապտուկները շատ հեշտ են հայտնվում՝ աննշան հարվածների հետեւանքով կամ ընդհանրապես առանց որեւէ ակնհայտ պատճառի, դա արդեն զգուշանալու առիթ է: Իհարկե, այս ախտանիշը միշտ չէ, որ վկայում է լուրջ խնդիրների մասին, բայց պետք չէ անտեսել այն:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի պատճառ, թե ինչու են ձեր մաշկի վրա հեշտությամբ կապտուկներ առաջանում:
Ուլտրամանուշակագույն ճառագայթով մաշկի ախտահարում
Ուլտրամանուշակագույն ճառագայթների ագրեսիվ ազդեցությամբ մաշկը կորցնում է իր առաձգականությունն ու պրկությունը, ինչը կարող է հանգեցնել նրան, որ կապտուկներն ավելի արագ հայտնվեն եւ ավելի նկատելի լինեն:
Դեղորայք ընդունելը
Որոշ դեղամիջոցներ, այդ թվում՝ ասպիրինը, ստերոիդները եւ հակակոագուլյանտները, կարող են դանդաղեցնել արյան մակարդումը: Եթե այս դեղամիջոցների ընդունման ֆոնին պատահաբար հարված ստանաք, ապա կապտուկները, ամենայն հավանականությամբ, արագ կհայտնվեն եւ սովորականից ավելի դանդաղ կանցնեն:
Ծանրություն բարձրացնելը
Ծանրություն բարձրացնելու հետեւանքով կարող են պայթել մկանային մանրաթելերը, ինչը կդրսեւորվի կապտուկների տեսքով:
Ժառանգականություն
Արյան անոթների վիճակը, մաշկի առաձգականությունն ու բարակությունը կապված են մեր ժառանգականության հետ: Եթե ձեր ծնողների մաշկին հեշտությամբ են կապտուկներ առաջանում, ամենայն հավանականությամբ, ձեզ մոտ էլ այդպես կլինի:
Հիվանդություններ
Կապտուկները կարող են նաեւ վկայել այնպիսի հիվանդությունների մասին, ինչպիսիք են արթրիտը, արյան մակարդման խանգարումները կամ նույնիսկ լեյկոզը (արյան քաղցկեղ), ինչպես նաեւ լյարդի պաթոլոգիան՝ ընդհուպ ցիռոզը: