Հիդրոքսիպրոգեստերոն կապրոատը (պրոգեստերոնի սինթետիկ անալոգը), որը նշանակում են վիժման սպառնալիքի դեպքում, կարող է վտանգավոր լինել երեխայի համար, ինչպես պարզել են Տեխասի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները:
Հիդրոքսիպրոգեստերոն կապրոատը պրակտիկայում ներդրվել է 50-ականներին, իսկ 2020-ին ամերիկյան մասնագետները առաջարկել են հրաժարվել դրանից, քանի որ արդյունավետությունը հաստատված չէ:
Վերջերս պարզվել է, որ դեղամիջոցը երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից անվտանգ չէ: Նախկինում սինթետիկ հորմոնի անալոգներն արդեն կապել են որոշ խնդիրների հետ: Օրինակ, էստրոգեն հորմոնի սինթետիկ անալոգ դիետիլստիլբեստրոլը, որը նշանակում էին հղի կանանց 70-ականներին, մեծացնում է քաղցկեղի որոշ ձեւերի ռիսկը այդ կանանց դուստրերի մոտ արդեն հասուն տարիքում: Վերջին հետազոտության շրջանակներում փորձագետները վերլուծել են 1959-1967 թվականներին ծննդաբերած կանանց երեխաների առողջության վերաբերյալ տվյալները:
Ընդ որում, 181 կին հղիության ընթացքում ստացել է հիդրոքսիպրոգեստերոն կապրոատ: Իսկ շուրջ 18 500 ծնված երեխաներից գրեթե 1000-ի մոտ 18-58 տարեկան հասակում քաղցկեղ է ախտորոշվել: Ընդհանուր առմամբ, դեղամիջոցն ընդունած մայրերի մեծացած երեխաների մոտ քաղցկեղի զարգացման ռիսկը ավելի քան 2 անգամ ավելացել է: Վիճակագրության համաձայն, քաղցկեղի դեպքերի 65%-ը ախտորոշվել է 50 տարեկանից ցածր մարդկանց մոտ:
Հաճախ հիդրոքսիպրոգեստերոն կապրոատի ազդեցության հետեւանքով զարգացել է հաստ աղիքի եւ ուղիղ աղիքի քաղցկեղ (ռիսկը բարձր է 5 անգամ), ինչպես նաեւ շագանակագեղձի քաղցկեղ (ռիսկը բարձր է 4 անգամ): Հայտնաբերվել է նաեւ կրծքի եւ արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման ռիսկ, չնայած ոչ այնքան նշանակալի: