AstraZeneca-ի պատվաստանյութն արդյունավետ է եւ անվտանգ: Այս մասին հայտարարեց Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Եգոր Զայցեւը:
Նրա խոսքով՝ պացիենտների մոտ թրոմբոէմբոլիայի դեպքերի եւ պատվաստանյութի միջեւ ապացուցված կապ չի հայտնաբերվել: Ամենալուրջ բարդացումը, որը կարող է լինել, անաֆիլակտիկ շոկն է, որը տեսականորեն կարող է տեղի ունենալ ցանկացած դեղամիջոցի պատճառով:Անաֆիլակտիկ շոկը կառավարվող բարդացում է:
«Այս պահին մենք ասոցիացիա չենք տեսնում, սակայն ուսումնասիրություններ են ընթանում: Այն օգուտը, որը տալիս է պատվաստումը, գերազանցում է բոլոր ռիսկերը»,-ասաց Զայցեւը:
Իր հերթին, ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ այդ պատվաստանյութի ներկարկումից հետո հաճախ գրանցվում են այնպիսի բարդություններ, ինչպիսին են՝ կարմրություն, ցավ ներարկման հատվածում:
Նրա խոսքով՝ AstraZeneca-ի արդեն 20 մլն դեղաչափ են ներարկել, որից 11 միիոն դեղաչափը՝ Մեծ Բրիտանիայում, որտեղ այդ պատվաստանյութն արտադրվում է: Տվյալները հուսադրող են, պատվաստման հետ կապված մահվան դեպքեր չեն եղել: Գրանցվել է թրոմբոէմբոլիայի 7 դեպք եւ գլխուղեղի սինուսային թրոմբոէմբոլիայի մոտ 18 դեպք: Սակայն պատվաստման հետ կապը չի ապացուցվել, այն դեպքում, երբ կորոնավիրուսը, մասնագետի խոսքով, կարող է նման բարդացումների հանգեցնել:
Հիշեցնենք, որ Հայաստանը AstraZeneca-ի 24 000 դեղաչափ է ներկրել, որոնք կստանան ռիսկի 4 խմբերում ներառված մարդիկ: