COVID-19 տարած հիվանդների մեկ երրորդի մոտ նյարդային կամ հոգեկան խանգարումները պահպանվում են առնվազն 6 ամիս: Այս խանգարումների շարքում ամենատարածվածը դեպրեսիան եւ անհանգստությունն են: Իսկ խիստ նյարդաբանական պաթոլոգիաները շատ ավելի հազվադեպ են հանդիպում: Այս մասին ասվում է Lancet Psychiatry ամսագրում հրապարակված խոշոր հետազոտության մեջ:
Medportal.ru-ի փոխանցմամբ՝ նոր հետազոտության հեղինակները վերլուծել են COVID-19 տարած ավելի քան 230.000 հիվանդի բժշկական տվյաները: Նրանց հետաքրքրում էր՝ որքան հաճախ են նրանց մոտ զարգանում 14 նյարդաբանական եւ հոգեկան հիվանդությունները: Հետազոտության մասնակիցների ցուցանիշները համեմատվել են գրիպով հիվանդ 100 000 եւ շնչառական վիրուսային վարակներ տարած 230 մարդկանց ցուցանիշների հետ:
Ընդհանուր առմամբ, նյարդաբանական եւ հոգեկան խանգարումները 6 ամսվա ընթացքում ախտորոշվել են կորոնավիրուս տարած հիվանդների 34 տոկոսի մոտ: Ավելին, նրանց 13 տոկոսի համար դա այս պրոֆիլի առաջին ախտորոշումն էր իրենց կյանքում:
Պարզվել է, որ ամենատարածված պաթոլոգիաները դեպրեսիան (հիվանդների 14 տոկոսի մոտ), անհանգստությունը (17 տոկոսի մոտ) եւ անքնությունն են (5 տոկոսի մոտ): Նյարդաբանական պաթոլոգիաներ ավելի քիչ են գրանցվել: Դրանցից ամենատարածվածը իշեմիկ ինսուլտն է (2.1 տոկոս) եւ ուղեղային արյունազեղումը (0.6 տոկոս):
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ ծանր COVID-19 տարած հիվանդների մոտ նյարդաբանական եւ հոգեկան խանգարումների ռիսկն ավելի բարձր է, քան հիվանդությունը թեթեւ տարած հիվանդների մոտ: Այս ռիսկը հոսպիտալացված հիվանդների համար 38 տոկոս է կազմել, ինտենսիվ թերապիայի բաժանմունքների հիվանդների համար՝ 46 տոկոս եւ դելիրիում տարած հիվանդների համար՝ 62 տոկոս: Իշեմիկ կաթվածը զարգացել է 6.9 տոկոսի մոտ, իսկ ուղեղային արյունազեղումը՝ 2.7 տոկոսի մոտ, ում վարակի բուժման ընթացքում ինտենսիվ թերապիա է անհրաժեշտ եղել:
Պարզվել է նաեւ, որ COVID-19-ից հետո հոգեկան եւ նյարդաբանական խանգարումների ռիսկը 44 տոկոսով ավելի բարձր է, քան գրիպից հետո եւ 16 տոկոսով ավելի բարձր, քան սեզոնային մրսածություններից հետո: