Ամենից առաջ նշենք, որ ցեղասպանության փաստն ընդունած երկրների մեծամասնությունում 1915 թ-ի իրադարձություններին գնահատական են տվել օրենսդիր իշխանության մարմինները, այլ ոչ թե պետության ղեկավարները։ Եթե այդպես է, ապա մենք կարող էինք Միացյալ Նահանգները դասել այդ շարքը դեռ երկու տարի առաջ։ Չէ՞ որ 2019 թ-ի հոկտեմբերին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը, այնուհետև, նույն տարվա դեկտեմբերին, Կոնգրեսի սենատն ընդունեցին բանաձևեր, որոնք երիտթուրքերի ոճրագործությունը որակում են որպես ցեղասպանություն։
Եթե դատել գործադիր իշխանության կառույցների գործողություններից, ապա կարող ենք պնդել, որ պաշտոնական Վաշինգտոնը փաստացի ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռ 1951 թ-ին, երբ ԱՄՆ-ը դիմել է ՄԱԿ Միջազգային դատարան` 20-րդ դարում իրագործված ցեղասպանությունների զոհերին աջակցելու հայտարարությամբ։
Այդ փաստաթղթում ոչ միայն հիշատակվել են Օսմանյան կայսրության կառավարիչների հանցագործությունները հայերի, հույների և ասորիների նկատմամբ, այլ նաև ընդգծվել է դրանց համապատասխանությունը ՄԱԿ-ի 1948 թ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի չափանիշներին։
«Թուրքերի կողմից հայերի և այլ քրիստոնյաների կոտորածները, միլիոնավոր հրեաների և լեհերի ջարդերը` իրականացված ֆաշիստների կողմից, ցեղասպանության վառ օրինակներ են»,- նշվել է հայտարարությունում։
Ավելի հստակ անհնար է ասել։ Այնպես որ, բոլորովին պարտադիր չէ սպասել Բայդենի կողմից «ցեղասպանություն» տերմինն ասելուն, որպեսզի ԱՄՆ-ը համարենք այդ պատմական փաստը պաշտոնապես ընդունած գերտերություն։
Թեպետ հայերի նկատմամբ երիտթուրքական ռեժիմի գործողությունների իրավական գնահատականներ ԱՄՆ-ում հնչել են նաև պետության ղեկավարի մակարդակում։
Այդ մասին անցած շաբաթ հիշեցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ «որոշ ամերիկյան նախագահներ նախկինում էլ են անդրադարձել այդ հարցին»։ Այստեղ Չավուշօղլուն լիովին իրավացի է։
1915 թ-ին հայերի կոտորածները որպես ցեղասպանություն որակած առաջին ամերիկյան նախագահը Ռոնալդ Ռեյգանն էր։ Բայց չգիտես ինչու` ընդունված է համարել, որ 1982 թ-ին նրա կողմից հնչեցրած գնահատականը չի կարող համարվել ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչում։ Այդ մասին արտահայտվում են ոչ միայն թուրք, այլ նույնիսկ հայ փորձագետները։
Այսպես. հայտնի քաղաքագետ Սուրեն Սարգսյանը վերջերս Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտարարել է, որ «Ռեյգանը ժամանակին օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը, սակայն դա ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը չի եղել, քանի որ «ցեղասպանություն» բառը ելույթի տեքստում ներառել է Սպիտակ տան ղեկավարի օգնականներից մեկը` ծագումով հայ»։ Ոչ մի դեպքում չցանկանալով նսեմացնել Սարգսյանի հեղինակությունը, որը ղեկավարում է Ամերիկյան ուսումնասիրությունների հայկական կենտրոնը, թույլ տվեք չհամաձայնել նրա հետ:
Կառարկեմ` ձեռքիս տակ ունենալով փաստեր։ Բանն այն է, որ 2012 թ–ի գարնանը Լոս Անջելեսում ես հնարավորություն ունեցա անձամբ շփվել Սպիտակ տան այդ հայի հետ։ Նրա հետ զրույցը լույս սփռեց գրեթե 30-ամյա վաղեմության իրադարձությունների վրա։
Ծնունդով Կեսարիայից և Խարբերդից հայ փախստականների հետնորդը` հայտնի քաղտեխնոլոգ Քեն Խաչիկյանը, 1982 թ-ին գլխավորել է Սպիտակ տան սպիչռայթերների բաժինը։ Հենց նա է գրել ԱՄՆ 40-րդ նախագահի ելույթների մեծ մասի տեքստերը։ Հոլոքոստի զոհերի հիշատակի հերթական օրվա նախօրեին Ռեյգանը հանձնարարել է նրան ուղերձ պատրաստել հրեա ժողովրդի համար (արխիվներում այդ փաստաթուղթը նշվում է որպես «1981 թ-ի ապրիլի 22-ի №4838 հռչակագիր»)։
Ռոնալդ Ռեյգանն ու Քեն Խաչիկյանը
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am