«Մենք նույնիսկ իրենց գերեզմաններն ենք պահել». Սոթքում ադրբեջանցիների շիրիմները կանգուն են
Advertisement 1000 x 90

«Մենք նույնիսկ իրենց գերեզմաններն ենք պահել». Սոթքում ադրբեջանցիների շիրիմները կանգուն են

Ադրբեջանում պարբերաբար եկեղեցիներ են քանդվում ու վանդալները սեփական «հերոսության» տեսանյութերով ողողում են համացանցը, բայց Ադրբեջանն ինքն է Հայաստանի դեմ գանգատ է ներկայացնում ՄԻԵԴ` թե իբր հայերը ոչնչացնում են իրենց մշակույթը։

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող գյուղերն իրար կապող ճանապարհն անցնում է ցորենի ցանքատարածությունների, անմշակ հողերի ու նույնիսկ ադրբեջանական գերեզմանոցների կողքով։ Ավտոճանապարհից հստակ նշմարվում են մուսուլմանական հավատքին ու մշակույթին բնորոշ շիրմաքարերը։

Բանն այն է, որ Սոթք համայնքի կազմի մեջ մտնող գյուղերի մի մասում խորհրդային տարիներին ադրբեջանցիներ են բնակվել, որոնք Արցախյան պատերազմի ժամանակ հեռացել են` այստեղ թողնելով իրենց նախնիների գերեզմանները։ Իսկ Ադրբեջանի տարածքից տեղահանված ու այստեղ վերաբնակեցված հայերն այդ գերեզմաններին ձեռք չեն տվել։

Ադրբեջանցիների գերեզմանները Սոթքում

«Մենք նույնիսկ իրենց գերեզմաններն ենք պահել»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում, խոսելով հայերի ու ադրբեջանցիների` միմյանց նկատմամբ ունեցած վերաբերմունքի տարբերության մասին, ասում է Գանձակում (Կիրովաբադում) ծնված, այսօր Սոթքի Գեղամասար գյուղում բնակվող Նաիրա Գրիգորյանը։

«Դե հիմա գնացեք, փորձեք Ադրբեջանում հայկական որևէ մշակութային հուշարձան գտնել»,– ասում է նա։

Մեր խոսակցությանը միջամտում է նույն գյուղի մեկ այլ բնակիչ, որը 1989–ին տեղահանվել է Ադրբեջանի Շամքորի շրջանի Ջագիր գյուղից։

«Ինչու՞ միայն գերեզմանները։ Մեր գյուղում հին եկեղեցի կար` հենց գյուղի կենտրոնում։ Ճիշտ է, խորհրդային տարիներին չէր գործում, բայց կանգուն էր մնացել։ Հիմա համացանցում ադրբեջանցիների նկարած նկարներ, տեսանյութեր կան մեր  գյուղից, եկեղեցու տեղն էլ չի երևում։ Գերեզմաններն էլ են ավիրել։ Մեր նախնիների հիշատակը պղծել են, ջնջել»,– ասում է տղամարդը։

Գեղամասարից դեպի Փոքր Մասրիկ ճանապարհին գտնվող ադրբեջանական գերեզմանոցի մոտ կանգ ենք առնում` մոտիկից տեսնելու ու արձանագրելու, թե որքանով են պահպանված շիրմաքարերը։

Դրանք ոչ միայն կանգուն են, այլև գրեթե անվնաս։ Հիմնական մասի վրա պարզորոշ ընթեռնելի են գրությունները` անուններն ու տարեթվերը։ Որոշների վրա անգամ նկարներն են պահպանվել։

m.armeniasputnik.am