Ճիշտ սնվելը խիստ կարեւոր է նախաշաքարախտով, 2-րդ տիպի շաքարախտով եւ ճարպակալմամբ պացիենտների համար, ինչպես հաստատում է Կալիֆոռնիայի Սթենֆորդի համալսարանի բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Սուն Քիմը։
Հատուկ դիետայի փոխարեն Քիմը խորհուրդ է տալիս փոխել կենսակերպի հանդեպ մոտեցումը:
«Ամեն ինչ գալիս է նրան, որ պետք է տանը սնվել, չուտել վերամշակված մթերք, այլ ավելի շատ բանջարեղեն եւ միրգ օգտագործել»,- ասել է մասնագետը:
Նրա խոսքով՝ ինքը եւ իր ընտանիքը միշտ առավոտյան նախաճաշում են:
«Ես սովորաբար նախաճաշին եւ ճաշին հացահատիկային հաց եմ ուտում՝ աղցանով կամ կաղամբով: Երբեմն լոլիկ եւ ձու կամ ավոկադո: Ինձ դուր է գալիս ավոկադոն, քանի որ այն լավ ճարպ է՝ մեծ քանակությամբ չհագեցած ճարպերով, եւ ես կարող եմ շաքարախտով հիվանդներին խորհուրդ տալ այն ուտել, քանի որ այն ավելի քիչ է ազդում գլյուկոզայի վրա»,- ասել է մասնագետը:
Ճաշին նա նույնպես ձգտում է երկու բանջարեղեն եւ երկու միրգ ուտել:
«Ես ընտրում եմ մթերքներ, որոնք հեշտ է պատրաստել առավոտյան: Այսպիսով, ես ընտրում եմ գազար եւ վարունգ: Երբեմն փորձում եմ այն խառնել լոլիկի, բրոկոլիի կամ բողկի հետ»:
Ընթրիքը, Քիմի խոսքով, սովորաբար իր ամուսինն է պատրաստում:
«Տանը սնվելիս միշտ ավելի քիչ եք ուտում: Նա հաճախ է սաղմոն կամ ջեռոցում հավ պատրաստում՝ տապակած ծաղկակաղամբով կամ բրոկոլիով: Նա նաեւ սիրում է կորեական կերակուր պատրաստել»,- պատմել է Քիմը:
Նրա խոսքով՝ ավելի լավ է օրական երեք տարբեր բանջարեղեն ուտել` չհաշված կարտոֆիլը, եւ երկու միրգ: