Հին ու բարի հայկական անիմացիա՝ ֆիլմեր, որոնք, հավանաբար, չեք դիտել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հին ու բարի հայկական անիմացիա՝ ֆիլմեր, որոնք, հավանաբար, չեք դիտել

Սոցիալական ցանցերում հրապարակված բովանդակության հոսքում մտածելու և պրպտելու առիթներ ստեղծող պահերը որսալը նման է ակնթարթին, երբ փորձում ես որսալ Ամանորի գալուստը, ինչն ամեն տարի չէ, որ հաջողվում է: Այնուամենայնիվ, նման անձնական հաջողություն գրանցեցի ամիսներ առաջ, երբ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հանդիպեցի  նկարիչ-մուլտիպլիկատոր Նաիրա (Նարարա) Մուրադյանի մի հրապարակման: Նա կիսվել էր հայկական անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի «Որսորդները» (1977) անիմացիոն ֆիլմով՝ գրելով. «Իմ համեստ կարծիքով, Ռոբի ամենալավ ֆիլմը ու կինոերաժշտության ոսկիներից ա, բա կատարողները՝ Լևոն Սևան, Միքայել Պիպոյան, Տաթևիկ Հովհաննիսյան, Լարիսա Դոլինա»: Հրապարակումը ստիպեց մտածել՝ որքան չբացահայտված հայկական անիմացիոն ֆիլմեր կան: Այս միտքն էլ խթանեց մեկ ամիս նվիրել հայկական անիմացիոն ֆիլմերին, դիտել ու հոդվածի համար առանձնացնել դրանցից հինգը և կիսվել վերջիններիս շուրջ մտորումներով:

«Որսորդները» (1977)

«Որսորդները» երաժշտական անիմացիոն ֆիլմը Ռոբերտ Սահակյանցը նկարահանել է 1977 թվականին՝ Լյուդմիլա Սահակյանցի մասնակցությամբ՝ Երևանի «Արմենֆիլմ» ստուդիայում: Մուլտֆիլմի սցենարը ռեժիսորը գրել է Պ. Թյուրաբյանի հետ միասին՝ հիմնվելով հայ գրականության դասական Խաչատուր Աբովյանի «Պարապ վախտի խաղալիք» ժողովածուի վրա: Որսորդ չորս ընկերների՝ Մեսրոպի, Ղազարի, Քերոբի, Սերոբի և նրանց արկածների մասին պատմող ֆիլմը ձայնի, մասնավորապես, երաժշտության և պատկերի համադրման դասական օրինակ է. անիմացիոն շարժապատկերում համր ֆիլմին հղումներն ընդգծում են դրա դասականությունը, իսկ 70-ականների Երևանին բնորոշ ջազ կատարումները և քաղաքային արտահայտություններն ընդգծում են դրա կոլորիտը և լավագույն կերպով բացահայտում են որակյալ բովանդակություն ստեղծելու անչափելի տաղանդով բոլորին հարազատ, բայց շատերին անհայտ Ռոբերտ Սահակյանցին:

«Չոկո» (1984)

Ես առիթը բաց չէի թողնում հետաքրքրվելու, թե ընկերներս, ծանոթներս, երբեմն անգամ՝ քիչ ծանոթ մարդիկ հայկական ի՞նչ մուլտֆիլմեր են դիտել և կարո՞ղ են մտաբերել դրանք: Եվ գրեթե առանց բացառության լսում էի հայկական անիմացիոն ֆիլմադարանի ծանր հրետանին ներկայացնող ֆիլմերի անվանումները: Ընկերներիցս մեկը, հերթական անգամ որպես հարթակ ծառայեցնելով սոցիալական ցանցերը, ուղարկեց 1984 թվականին ռեժիսոր, սցենարիստ Գայանե Մարտիրոսյանի  ստեղծած «Չոկո» տիկնիկային ֆիլմը: Երեխայի և նրա շան ընկերության մասին պատմող ֆիլմը հետաքրքիր էր ոչ միայն բարության, հավատարմության, սխալներ գործելու և դրանք շտկելու գաղափարներով, այլև այն միջավայրով, որում ծավալվում էր պատումը. խորհրդահայ ընտանիք, քաղաքային պատկերներ, որոնք, ի դեմս ընտանեկան պատմության, ամբողջացնում են մի ամբողջ պետական գաղափարախոսություն:

«Բոժո» (2007)

Հետագա իմ փնտրտուքներում ես միայնակ էի, և գուցե հենց դա առիթ դարձավ բովանդակության հոսքերում բախվելու ինձ նման միայնակ Բոժոյին: 2D անիմացիայի ռեժիսոր, կինոստեղծող, նկարիչ և ծաղրանկարիչ, «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունու «Բոժո» անիմացիոն ֆիլմը ներկայացնում է մեծ ու աղմկոտ քաղաքի իր փոքր բնակարանում պատսպարված Բոժոյին, որի միապաղաղ կյանքի ընթացքը, մերթընդմերթ դետալային փոփոխությունների ենթարկվելով, նոր իմաստ է ձեռք բերում Բոժոյի՝ իր հարմարավետության բոլորովին անհարմար գոտուց կտրվելուց և իրականությանը բախվելուց հետո միայն: Դառը, սառն ու անձրևոտ իրականությունը իմաստավորում է Բոժոյի կյանքը՝ նույնը թողնելով արտաքին միջավայրը և փոխելով գոյության ներքին ընթացքը:

«Լուր-դա-լուր» (1972)

Մենության և հոգատարության թեման, որը նրբորեն արծարծվում էր նախորդ՝ «Բոժո» ֆիլմում, ինձ տանում է դեպի անցյալ՝ 1972 թվական, երբ նկարիչ Վալենտին Պոդպոմոգովը որպես ռեժիսոր՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում ստեղծում է «Լուր-դա-լուր» անիմացիոն շարժապատկերը՝ հիմնված Վրթանես Փափազյանի համանուն երկի վրա: Գունային հարուստ ներկապնակի և անիմացիոն ֆիլմի հերոսների խիստ ընդգծված դիմագծերի ֆոնին ծավալվում է սիրո ողբերգական պատմությունը, որը բախվում է նախապաշարմունքների և իր հանգրվանը գտնում հայոց լեռներում՝ հավերժանալով սիրուց ծնված նաիվության մեջ:

«Ամանոր» (2015)

Անիմացիոն ֆիլմերի շարք սկսելու գաղափարը ծնվեց նկարիչ-անիմատոր Նաիրա Մուրադյանի ֆեյսբուքյան հրապարակումից, և ճիշտ համարեցի այն ավարտել հենց նրա անիմացիոն ֆիլմով:

«Ամանոր» ֆիլմը պատմում է ձմռանը և Ամանորին անծանոթ մումիտրոլների ընտանիքի մասին: Ֆինն գրող Տուվե Յանսոնի հեքիաթների հերոսները, որոնք շարժումով և պատկերով են օժտվել Նարարա Մուրադյանի ձեռքով, օրերից մի օր, դավադրության արդյունքում ստիպված են լինում դիմավորել Ամանորը և ավանդույթների չիմացության պատճառով կրկնում են այն ամենը, ինչ անում են իրենց հարևանները: Իսկ հարևաններն անիմացիոն ֆիլմին հաղորդում են հմայք և գաղափարական ամբողջականություն, որը բացահայտում է այն ամենը, ինչը խնամքով թաքցնում է Ամանորի գալստյան պահը, որը միշտ չէ, որ հաջողվում է որսալ:

Անի Գաբուզյան