Որ մթերքները կարող են անդառնալիորեն վնասել աղիները
Advertisement 1000 x 90

Որ մթերքները կարող են անդառնալիորեն վնասել աղիները

Ածխաջրերի եւ ճարպերի օգտագործումը կարող է լրջորեն վնասել աղեստամոքսային տրակտի իմունային համակարգը, ընդ որում փոփոխությունները կարող են անդառնալի բնույթ կրել: Այս մասին նախազգուշացնում են Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի եւ Քլիվլենդի կլինիկայի գիտնականները:

Cell Host & Microbe ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ մեծ քանակությամբ շաքարի եւ ճարպի օգտագործումը, ինչը բնորոշ է արեւմտյան կենսակերպին, ախտահարում է Պանետա բջիջները՝ բարակ աղիքի բջիջները, որոնք պաշտպանում են բակտերիաներից եւ օգնում վերահսկել բորբոքային գործընթացները:

Գիտնականները վերլուծել են 400 մարդու ժողովրդագրական եւ կլինիկական տվյալների բազան եւ նկատել են, որ մարմնի զանգվածի բարձր ինդեքսը (ՄԶԻ) կապված է Պանետա բջիջների աշխատանքի խափանման հետ՝ որքան բարձր է ՄԶԻ-ն, այնքան վատ վիճակում են աղիքային բջիջները: Հագենալու անկարողության պատճառով գենետիկորեն ճարպակալման հակում ունեցող մկների հետ փորձերը ցույց են տվել, որ ճարպակալումը չի ուղեկցվում Պանետա բջիջների ֆունկցիայի խանգարմամբ: Սակայն խանգարումներ են նկատվել վայրի կրծողների մոտ, որոնց սննդակարգում կալորիաների 40%-ը կազմել են շաքարն ու ճարպը։

Մասնագետների կարծիքով՝ սննդակարգի եւ աղեստամոքսային տրակտի վիճակի միջնորդ է հանդիսանում դեզօքսիխոլաթթուն` երկրորդային լեղաթթու, որը աղիքային բակտերիաների կողմնակի արտադրանք է: Այս նյութը ուժեղացնում է իմունային երկու մոլեկուլների (ֆարնեզոիդ X ռեցեպտորի եւ I տեսակի ինտերֆերոնի) գործունեությունը, որոնք ճնշում են Պանետա բջիջներին:

Ուսումնասիրության ընթացքում, երբ մկներին սկսել են նրանց համար նորմալ սննդամթերքով կերակրել, նրանց բջիջները վերադարձել են նորմային: Սակայն դեռ հայտնի չէ, թե կարող են արդյոք արեւմտյան սննդակարգին հետեւող մարդիկ սննդակարգը փոխելով բարելավել իրենց աղիքների առողջությունը: Հիվանդագին ճարպակալումը առաջանում է անառողջ ապրելակերպի 20-30 տարվա ընթացքում, եւ դա, ըստ գիտնականների, կարող է անդառնալիորեն ազդել Պանետա բջիջների վրա:

news.am