«Երևանյան հեքիաթներ» գիրքը սպառվել է․ Շուտով լույս կտեսնի Արցախի մասին նոր հեքիաթագիրք
«Երևանյան հեքիաթներ» գրքի հեղինակ Արփի Մաղաքյանը տեղեկացնում է, որ 2019 թվականի հունիսին 2000 օրինակով տպագրված գրքի գրեթե ամբողջ քանակը սպառվել է։
Երևանյան գրախանութները փաստում են՝ գիրքը վերջին երկու տարիներին բեսթսելերների շարքում է եղել։
Մայրաքաղաքի մասին առաջին հեքիաթաշարը, որն իրական պատմության, հորինվածքի և երազանքի գեղեցիկ համադրում է, սիրվեց ընթերցողի կողմից։
Գիրքը նվիրվում է մարդկանց, ովքեր սիրում ու ապրեցնում են Երևանը, հոգ են տանում նրա մասին՝ չմոռանալով Հայոց աշխարհի փոքր ու մեծ գյուղերը, քաղաքները։
«Երևանյան հեքիաթների» հեղինակը պատմում է, որ գիրքը լույս տեսնելուց հետո համացանցում պատահաբար գտել էր ադրբեջանցի հեղինակի «Իրիվանսկիյե սկազկի» գիրքը։
«Ես ապշել էի․․․ նրանք մեր մայրաքաղաքի մասին հեքիաթներ են գրում ու հրատարակում։ Իհարկե, գրքի լուսանկարն եմ տեսել, բովանդակությանը չեմ ծանոթացել, սակայն պարզ է, որ կրթում են իրենց ապագա սերնդին՝ սովորեցնելով սիրել և կարոտել մեր մայրաքաղաքը՝ Երևանը։ Սա պետք է մեզ սթափեցնի… պիտի սիրենք ու փայփայենք մեր հողը, մեր պատմությունը, մեր մշակույթը ինչպես փոքր երեխայի, այլապես ամեն վայրկյան մեր հարևան երկիրը պատրաստ է խլել դրանք մեզնից»,- մտորումները բարձրաձայնում է Արփի Մաղաքյանը։
Նա «Երևանյան հեքիաթներ» գրքի շնորհանդեսի ժամանակ նշել էր, որ պատրաստվում է նույն ձևաչափով գրել նաև «Արցախյան հեքիաթներ»-ը։
Սակայն կորոնավիրուսի համավարակի ու դրանով պայմանավորված սահմանափակումների պատճառով հեքիաթագիրը հետաձգեց այցն Արցախ, իսկ հետո՝ չարաբաստիկ պատերազմը…
«Երևանյան հեքիաթներ» գրքի հեղինակը գիշերուզօր տեղահանված ու Հայաստան եկած արցախցի կանանց ու երեխաների կողքին էր։
«Իմ մեքենան դարձրել էի տաքսի, անվճար տեղափոխում էի նրանց, երեխաներին պտտում տեսարժան վայրերով, օգնում գտնել բնակարաններ, կողմնոորշվել Երևանում։
Ընկերներիս շնորհիվ շատերին կարոցանք ապահովել տաք հագուստով։ Մարդիկ վրա հասած արհավիրքի պատճառով տնից դուրս էին եկել բարակ հագուստով, իրենց հետ ոչինչ չէին կարողացել վերցնել։ Ամենակարևորը՝ արցախցի երեխաների համար հեքիաթներ էի պատմում։ Հեքիաթներն ինտերակտիվ էի դարձրել, ընթացքում դերաբաշխում էի անում և երեխաների հետ փոքրիկ, ուրախ ներկայացում էինք բեմադրում։ Մտածում էի, որ եթե մենք թիկունքում ամուր լինենք, մեր տղաներն էլ մարտի դաշտում ամուր կլինեն»,- ասում է հեղինակը։
Նոյեմբերի 9-ից հետո Արփի Մաղաքյանին, ինչպես շատերին, պատեց ընկճախտը։ Հաղթահարել չէր լինում։
«Հոգեբանի դիմեցի, լացելով պատմում էի, որ պատրաստվում էի Արցախյան հեքիաթներ գրել, բայց չհասցրեցի։ Նա ինձ օգնեց գտնել լույսի բանալին․․․ և այդ լույսը՝ նոր, լուսավոր, նախշուն հեքիաթի ծնունդ էր։ «Արևի համբուրած աղջիկը» հեքիաթն Արցախի մասին է։ Այն նույնպես հիմնված է իրական փաստերի վրա։
Աստծո օգնությամբ «Արևի համբուրած աղջիկը» գիրքս այս տարվա ընթացքում կնվիրեմ ընթերցողներին»,- ասում է հեքիաթագիրը: