Քարկոծել պետք չէ. սա հոդված է սիրո պատմության մասին, որն ամբողջանում է երկու եթերաշրջան ունեցող «Ֆլիբեգ» սերիալում: Անգլիացի դերասանուհի, սցենարիստ և պրոդյուսեր Ֆիբի Ուոլեր-Բրիջի ստեղծած սերիալը իրականությանն ամենամոտ գեղարվեստական պատմությունն է երիտասարդ կնոջ և նրա անհաջողությունների մասին. բարդ հարաբերություններ ընտանիքի հետ, տարօրինակ զուգընկերներ, աշխատանքային խնդիրներ և կրքոտ սեր առ քահանան:
Ֆլիբեգի (Ֆիբի Ուոլեր-Բրիջ) կյանքն ամեն անգամ փոխում է իր ընթացքը որևէ վճռական իրադարձությունից հետո: Առաջին եթերաշրջանում այդ վճռական պահը վերջինիս լավագույն ընկերուհու մահն է, որի շուրջ հյուսվում է պատումը. աշխատանքային ճգնաժամ և անհաջող սեքսուալ հարաբերություններ, որոնց հիմքում ընկած է ընկերուհու մահվան մեջ սեփական մեղավորության զգացումը, որը հերոսուհին փորձում է հաղթահարել 6 սերիաների ընթացքում:
Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ եթերաշրջանում Ֆլիբեգի կողքին են նրա քույրը՝ Քլերը (Շան Քլիֆորդ), նրանց հայրը (Բիլ Փաթերսոնը) և վերջինիս ընկերուհին (Օլիվիա Քոլման): Սյուրռեալիստական այս ընտանիքը բոլորովին համերաշխ չէ: Երկու քույր, որոնք միմյանցից տարբեր են խառնվածքներով, փորձում են պահպանել բարեկամական հարաբերությունները և կապել պահը մոր մահվանից հետո միայնակ մնացած հոր հետ, ով գտնվում է ընկերուհու, իսկ երկրորդ եթերաշրջանում՝ արդեն հարսնացուի իշխանության տակ:
Երկրորդ եթերաշրջանը կարելի է առանց երկմտելու կոչել հեռուստասերիալային արտադրության պատմության գլուխգործոցներից մեկը: Առաջին եթերաշրջանին իր սյուժեով չշարունակող երկրորդ եթերաշրջանին ինքնատիպ հմայք է հաղորդում թատրոնի, կինոյի և հեռուստատեսության իռլանդացի դերասան Էնդրյու Սքոթը՝ կրքոտ քահանայի դերում: Սիրո պատմությունը աթեիստ Ֆլիբեգի և քահանայի միջև ավելի հուզիչ է, քան կարելի է երևակայել, թեև քահանան վստահ է՝ կանցնի, կգնա: Ոչինչ էլ չի անցնի, վստահեցնում եմ: Դուք կդիտեք սերիալը, երկրորդ եթերաշրջանի առաջին սերիայից կնկատեք ֆլիրտի նշաններ քահանայի և գլխավոր հերուսուհու միջև, այնուհետև կհետևեք դրա զարգացմանը, որը հիացմունքից կվերածվի սիրահարվածության, այնուհետև կդառնա իրական սեր և կտա հույսի զգացողություն, ինչպես քահանան է ասում իր խորհրդանշական ճառի ժամանակ.
«Սերը սարսափելի է: Այն ահավոր է: Այն ցավոտ է: Այն ստիպում է կասկածել ինքներդ Ձեզ, դատել ինքներդ Ձեզ, հեռու մնալ Ձեր կյանքի մյուս մարդկանցից: Այն Ձեզ եսասեր է դարձնում: Այն Ձեզ վախեցնող է դարձնում, ստիպում է տարվել Ձեր վարսերով, Ձեզ դաժան է դարձնում, ստիպում է Ձեզ ասել ու անել բաներ, որի մասին երբեք չէիք մտածել: Դա այն է, ինչ պետք է մեզնից յուրաքանչյուրին, և դժոխք է, երբ մենք հասնում ենք այնտեղ: Ուստի զարմանալի չէ, որ մենք չենք ցանկանում դա միայնակ անել: Ինձ սովորեցրել են՝ եթե մենք ծնվում ենք սիրով լի, ապա կյանքը կայանում է դրա համար ճիշտ տեղ ընտրելով: Մարդիկ այդ մասին շատ են խոսում՝ երբ ճիշտ է թվում, հեշտ է: Բայց ես վստահ չեմ, որ դա ճիշտ է: Ուժ է պետք իմանալու համար՝ ինչն է ճիշտ: Եվ սերը մի բան չէ, ինչ թույլ մարդիկ են անում: Ռոմանտիկ լինելու համար մեծ հույս է անհրաժեշտ: Ես կարծում եմ նրանք նկատի ունեն հետևյալը՝ երբ դու գտնում ես մեկին, ում սիրում ես, դա նման է հույսի»:
«Ֆլիբեգ» հեռուստասերիալը Ձեզ հույս կտա, հույս՝ հաղթահարելու փուլ եկող կյանքը, անհաջող հարաբերությունները և սեփական անփութությունը՝ ջին-տոնիկ ըմպելով և սիրելիի համար աղոթելով: Ամեն:
Անի Գաբուզյան