«Ռոսպոտրեբնադզոր». Ծխելը մեծացնում է կորոնավիրուսով վարակվելու ռիսկը
Advertisement 1000 x 90

«Ռոսպոտրեբնադզոր». Ծխելը մեծացնում է կորոնավիրուսով վարակվելու ռիսկը

Ծխելը եւ ծխախոտային արտադրանքի օգտագործումը մեծացնում են կորոնավիրուսով վարակվելու ռիսկը: Ծխողների մոտ վարակն ինքնին սովորաբար ավելի ծանր ձեւով է ընթանում, ինչպես այսօր՝ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը նախազգուշացրել են «Ռոսպոտրեբնադզոր»-ի մասնագետները:

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ մասնագետների կարծիքով, ծխախոտի օգտագործումը մեծացնում է բերանի միջոցով վիրուսով վարակվելու ռիսկը` ծխախոտ ծխելիս կամ ծխախոտի այլ արտադրանքներից օգտվելիս: Ավելին, վարակվելու դեպքում ծխողները հիվանդության ծանր ընթացքի ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, քանի որ նրանց թոքերն արդեն վնասված են:

Ֆիլտրով ծխախոտ ծխելը, հակառակ տարածված կարծիքին, անվտանգ չէ, քանի որ ֆիլտրերը լիարժեք պաշտպանություն չեն ապահովում վնասակար նյութերից: Թեթեւ ծխախոտը նույնպես վնաս է հասցնում օրգանիզմին, նշում են գերատեսչության մասնագետները:

«Ցանկացած ծխախոտից վնասը բոլոր ծխողների համար նույնն է: Երկարատեւ ծխելը հանգեցնում է տարբեր օրգանների եւ համակարգերի հիվանդությունների»,- նշում է «Ռոսպոտրեբնադզորը»:

Պետք չէ մոռանալ նաեւ, որ ծխելը կարող է հանգեցնել ցանկացած օրգանում ուռուցքաբանական գործընթացի զարգացման: Այն նաեւ վնաս է հասցնում սրտին եւ արյան շրջանառությանը, մեծացնում է սրտի իշեմիկ հիվանդության, ինսուլտի ռիսկը, մեծացնում է թրոմբների առաջացման ռիսկը, կրկնապատկում է սրտի կաթվածի, ստենոկարդիայի ռիսկը: Գերատեսչության տվյալներով՝ ծխելը թոքերի քաղցկեղից 84% եւ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունից 83% մահերի պատճառ է հանդիսանում։ Կոկորդի քաղցկեղի ավելի քան 93%-ը առաջանում է ծխելու հետեւանքով: Այն նաեւ կրճատում է տղամարդու կյանքը մոտ 12 տարով եւ կնոջ կյանքը՝ 11 տարով:

Ծխելու հետեւանքով մաշկի ծերացումը արագանում է 10-20 տարով, եւ այս փաստը, հիշեցնում են մասնագետները, նույնպես պետք չէ անտեսել։

news.am