Եկեք անկեղծ լինենք։ Ղարաբաղյան վերջին պատերազմում Ադրբեջանին հաջողվեց հաղթել նաև անօդաչու թռչող սարքերի արդյունավետ օգտագործման շնորհիվ՝ օգտվելով այն հանգամանքից, որ հայկական կողմը վերջին տարիներին այնքան էլ մեծ ուշադրություն չէր դարձնում այդ նոր զինատեսակին։ Սա ես չեմ ասում։ Դեռ անցած տարվա հոկտեմբերին ԲիԲիՍի-ն մեջբերում էր «Սպառազինությունների արտահանում» ռուսաստանյան հանդեսի գլխավոր խմբագիր Արդրեյ Ֆրոլովի կարծիքը. «Հայաստանը վերջին տարիներին դրոններ ձեռքբերելով չէր զբաղվում։ Հավանաբար, հայերը թերագնահատում էին ադրբեջանական անօդաչուների վտանգը։
Համենայնդեպս, հայերը երբեք չեն բարձրաձայնել անօդաչու սարքեր գնելու իրենց ծրագրերի մասին։ Ռուսաստանը դրանցից չուներ, անհրաժեշտ էր գնել կա՛մ Չինաստանից, կա՛մ Իրանից։ Բայց այդ երկրները՝ ի տարբերություն Ռուսաստանի, էական զեղչեր չէին տրամադրում։ Ինչ վերաբերում է հայկական արտադրության «Կռունկ» անօդաչուներին, ապա դրանք չեն երևում»։
Այնինչ փորձագետները պնդում են, որ դրոններ ձեռք բերելը շատ ավելի շահեկան է, քան օդաչուի կողմից կառավարվող ավանդական ինքնաթիռներ և ուղղաթիռներ գնելը։ Նախ, դրոնները փոքր են և դժվարությամբ են խոցվում։ Դրանք նաև շատ ավելի էժան են, և վերջապես, անօդաչուների կառավարումը բավական հեշտ է։ Այս ամենը վաղուց են հասկացել Թուրքիայում, որը փաստորեն առաջատարներից մեկն է դարձել անօդաչու թռչող սարքերի արտադրության բնագավառում, և որի այդ զինատեսակը ակտիվորեն օգտագործել է Ադրբեջանը Ղարաբաղյան պատերազմի օրերին։ Իհարկե, Բաքուն նաև իսրայելական դրոններ է կիրառել և նույնիսկ համատեղ ձեռնարկություն է ստեղծել այդ երկրի հետ։ Բայց եկեք վերադառնանք թուրքական դրոններին։ Դրա առիթը կա։
Վերջերս արևմտյան մամուլը, հղում կատարելով ՄԱԿ-ի զեկույցին, բավական մտահոգիչ տեղեկություն հաղորդեց, ըստ որի, դեռ մեկ տարի առաջ Լիբիայում կառավարական զորքերի և ընդդիմադիր զինված կազմավորումների առճակատման ժամանակ աննախադեպ բան է պատահել՝ անօդաչու թռչող սարքը ինքնուրույն, առանց մարդու միջամտության հարված է հասցրել, և նշանակետը մարդն է եղել։ Պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչ է նշանակում։ Այսինքն, ռոբոտը, որևէ հրահանգ չստանալով էլ, այսպես ասենք, «ինքնագլուխ» գրոհ է կազմակերպել մարդու դեմ՝ փաստորեն խախտելով այն երեք օրենքներից մեկը, որոնք իր գրքերում դեռ տասնամյակներ առաջ ձևակերպել է հայտնի ֆանտաստ գրող Այզեկ Ազիմովը։ Իսկ գլխավոր օրենքը, որն անքակտելի մասն է բոլոր այն ծրագրերի, որոնցով պարտավոր են ղեկավարվել ռոբոտները, հետևյալն է՝ ռոբոտը չի կարող վնաս հասցնել մարդուն կամ նման բան թույլ տալ իր անգործությամբ։
Հիմա մասնագետները գլուխ են կոտրում՝ եթե անօդաչու սարքը առանց որևէ ցուցումի գրոհ է կազմակերպել մարդու դեմ, արդյոք սա չի՞ նշանակում, որ բոլորովին նոր էջ է բացվում մարդկության պատմության մեջ։ Բոլորդ էլ, անշուշտ, տեսած կլինեք այն գեղարվեստական ֆիլմերը, որոնցում մեր մոլորակի վրա ի վերջո հաստատվում է մեքենաների տիրապետությունը։ Մեջբերեմ քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Խրամչիխինին. «Ընդհանրապես սա, անկասկած, դարակազմիկ իրադարձություն է, որը կարելի է համեմատել 1945 թվականի օգոստոսին միջուկային զենքի կիրառման հետ։ Որովհետև, եթե ռոբոտը իրավունք է ստանում մարդ սպանել ինքնուրույն որոշմամբ, նշանակում է՝ մենք հայտնվում ենք արդեն բոլորովին նոր աշխարհում։ Այն, որ ռոբոտը նման իրավունք է վերապահում իրեն, շատ ավելի վտանգավոր է, քան համաշխարհային միջուկային պատերազմը, քանզի միջուկային զենքի տարածումն ու կիրառումը զսպելը շատ ավելի հեշտ գործ է»։
Հանուն ճշմարտության ասեմ, որ հակառակ կարծիքն էլ գոյություն ունի։ Օրինակ` ռազմական մեկնաբան Պավել Ֆելգենգաուերն ասում է. «Չարժե մեծ աղմուկ բարձրացնել մի դեպքի շուրջ։ Ավտոմատացված համակարգերը վաղուց արդեն գոյություն ունեն։ Օրինակ` մշակվել են նույնիսկ «բանական ականներ», որոնք կարող են բաց թողել տեխնիկայի մի տեսակը և պայթել մեկ այլ տեսակի տեխնիկայի տակ։ Բոլոր դեպքերում անօդաչու սարքը չի կարող զատել մի մարդուն մյուսից»։
Մենք էլ պարզապես փաստենք՝ այդ ինքնակրակող դրոնը, այո՛, թուրքական արտադրության էր։