Հոմեոպատիկ միջոցներում ազդող նյութեր գրեթե չկան, ուստի դրանցից թունավորվելն, առաջին հայացքից, անհնար է թվում։ Բայց երբեմն նման դեպքեր, այնուամենայնիվ, պատահում են։ Եվ դրանցից մեկը գերմանացի բժիշկները նկարագրել են Clinical Toxicology ամսագրում։
Ինչպես տեղեկացնում է Medportal.ru-ն, 53-ամյա տղամարդը դիմել էր Մյունխենի հիվանդանոցներից մեկի ընդունարան՝ բողոքելով մթագնած գիտակցությունից, տագնապայնությունից, հավասարակշռության եւ խոսքի խախտումներից։ Բժիշկներն ախտորոշել են հակախոլիներգիկ ախտանշան։ Դա առաջանում է այն ժամանակ, երբ օրգանիզմում չափից ավելի է ճնշված ացետիլխոլին նեյրոմեդիատորը։ Սովորաբար այն առաջանում է այն դեղերի ընդունումից հետո, որոնց էֆեկտը նման է ատրոպինի ազդեցությանը։
Պացիենտը քրոնիկական հիվանդություններ չուներ եւ դեղեր չէր ընդունել։ Սակայն պարզվեց, որ հոսպիտալացումից առաջ նա խմել էր բելադոննա (Atropa belladonna) հոմեոպատիկ դեղամիջոցը D4 (1:10 000)-ով լուծված։ Այդ բույսի հյութն իսկապես պարունակում է ատրոպին եւ կարող է առաջ բերել հակախոլիներգիկ ախտանշան։ Սակայն իրավիճակն իսկապես անսովոր էր, որովհետեւ հոմեոպատիկ դեղամիջոցներում ազդող նյութերի պարունակությունը չափազանց ցածր է. դրանք գրեթե չկան։ Գոյություն չունեն համոզիչ ապացույցներ այն բանի, որ նման միջոցներն օգնում են գոնե մեկ հիվանդության դեպքում։ Միեւնույն ժամանակ, ինչպես ցույց է տալիս փորձը, երբեմն դրանք կարող են վտանգավոր լինել։
Արյան ուսումնասիրությունից հետո բժիշկները պացիենտի մոտ հայտնաբերեցին ատրոպինի՝ բելադոննայի բնական բաղադրիչի բարձր պարունակություն։ Նրանք ուսումնասիրեցին հոմեոպատիկ դեղամիջոցը, որն ընդունել էր պացիենտը, եւ պարզվեց, որ ազդող նյութի պարունակությունը դրանում 600 անգամ ավելին էր, քան նշված էր պիտակին։