Մարկ Ցուկերբերգի ելույթի կարևոր մեջբերումները
Թեև Մարկ Ցուկերբերգին այդպես էլ չի հաջողվել ավարտել Հարվարդը, սակայն համալսարանի շրջանավարտների կյանքում նրա ելույթը հիշում են բոլորը։
Այն ոչ միայն հիանալի ոգեշնչող (մոտիվացիոն) ելույթ էր, այլև 21-րդ դարի հանճարներից մեկի աշխարհայացքն ու ներքին փիլիոսոփայությունը: Մարդ, որին հաջողվել է միավորել ամբողջ մոլորակը:
Մարկ Ցուկերբերգը երիտասարդ է ու էներգիայով լի, նրա ընկերությունը միլիարդներ արժե, նրա գաղափարներն ուղղված են ավելի լավ աշխարհ ստեղծելուն և ըստ լրատվամիջոցների` նա միանգամայն կարող է աշխատել Իլոն Մասկի թիմում: Կարելի է ոգեշնչվել այս հիանալի անձնավորությամբ, որը նշանակալի ներդրում է ունեցել ամբողջ մարդկության առաջընթացի համար:
Մարկ Ցուկերբերգը՝ Հարվարդում իր առաջին դասախոսության և մարդկանց հանդեպ բարության մասին
«Ես շատ էի ուշանում առաջին դասախոսությանը՝ ինֆորմատիկայի դասին: Այնքան էի ուշանում, որ վերնաշապիկս թարս էի հագել: Այդ էր պատճառը, որ բոլորը խուսափում էին ինձնից և չէին ցանկանում հետս խոսել, բացի մի տղայից՝ Քեյ Դժինից, որին այս ամենը չէր շփոթել: Այն ժամանակ մենք սկսեցինք համատեղ ծրագրավորումը, իսկ այսօր արդեն միասին ղեկավարում ենք Facebook-ը, և հավատացեք, որ այս ամենը մարդկանց հանդեպ բարի լինելու մեծ դրդապատճառ է»:
Մարկ Ցուկերբերգի փիքափ մեթոդը բոլոր ուսանողների համար
«Մոտեցեք հավանած աղջկան ու ասեք՝ «Ինձ 3 օրից դուրս կհանեն համալսարանից, այնպես որ, մենք պետք է հասցնենք ժամադրության գնալ»: Հենց այդպես ես Հարվարդում ծանոթացա իմ առաջին ընկերուհու՝ Պրիսցիլայի հետ, որը հետագայում կինս դարձավ, և կարող եմ ասել, որ այստեղ իմ ամենամեծ ձեռքբերումը հենց դա եղավ: Հարվարդում սկսվում է ամուր ընկերություն, իսկ երբեմն էլ ընտանիք է ստեղծվում, որի համար էլ ես շնորհակալ եմ»:
Նպատակի մասին
«Անձնական նպատակ գտնելը դեռ բավական չէ: Մեր ժամանակի մարտահրավերն այնպիսի աշխարհ կառուցելն է, որտեղ յուրաքանչյուրը կունենա իր նպատակը: Նպատակն ինչ-որ մեծ բանի մասնիկը լինելու զգացողությունն է: Զգացողություն, որ ինչ-որ մեկը քո կարիքն ունի, որ կա ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը, հանուն ում/ինչի պետք է շարունակել աշխատել: Նպատակը երջանկացնում է մարդուն, և այսօր, առավել քան երբևէ, դա կարևոր է:
Հասարակության առաջընթացի համար մեր սերունդը պետք է ընդունի ոչ միայն նոր աշխատատեղեր ստեղծելու, այլև նոր նպատակներ գտնելու մարտահրավերը: Ուստի, բավարար չէ անձնական նպատակ ունենալը, պետք է մյուսներին էլ օգնել գտնել նպատակներ»:
Մարկ Ցուկերբերգը՝ լուրջ ծրագրերի մասին
«Մեր սերունդն ականատես կլինի նրան, թե ինչպես միլիոնավոր մարդկանց կփոխարինեն ռոբոտներ ու անօդաչու սարքեր, բայց միասին մենք կարող ենք ավելիին հասնել: Նախկինում, մի մեծ ծրագրի իրականացման համար միլիոնավոր մարդիկ էին աշխատում, օրինակ՝ 300 հազար մարդ էր աշխատում մի տիեզերագնացի Լուսին ուղարկելու համար: Այժմ մեծ ծրագրեր ստեղծելու մեր հերթն է:
Դուք հավանաբար չգիտեք՝ ինչպես կարելի է միավորել միլիոնավոր մարդկանց ու ահռելի ծրագիր կյանքի կոչել: Բայց ես մի գաղտնիք կբացեմ. ոչ մեկն էլ չգիտի: Մեծ գաղափարները կյանքի են կոչվում, երբ սկսում ես աշխատել դրանց վրա: Հստակությունը նշմարվում է միայն այն ժամանակ, երբ դու քայլ առ քայլ մոտենում ես նպատակին:
Պատրաստ եղեք, որ մեծ ծրագրի վրա աշխատող ցանկացած մեկին խելագար կանվանեն, իսկ մյուսին էլ, որը փորձում է բարդ խնդիր լուծել, կմեղադրեն ամբողջությամբ տեղեկացված չլինելու մեջ: Նախաձեռնություն ստանձնող ցանկացած մեկին աջակցողներ էլ կգտնվեն: Ընդհանրապես, անկախ նրանից, թե ինչով եք զբաղվում, միշտ էլ կբախվեք բարդությունների, սակայն դա չպետք է Ձեզ ետ պահի: Ուրեմն ինչի՞ն ենք սպասում: Մեր սերնդի համար մեծ գործերի ժամանակն է:
Միգուցե լուծենք կլիմայի փոփոխության խնդիրը, որպեսզի չոչնչացնենք մեր մոլորակը, կամ էլ արևային մարտկոցների շահագործման ու տեղադրման խնդիրը: Իսկ միգուցե ազատվենք բոլոր հիվանդություններից: Չէ՞ որ այսօր մենք 50 անգամ ավելի ենք ծախսում հիվանդության բուժման, քան նախապահպանության (պրոֆիլակտիկայի) վրա: Կատարյալ անհեթեթություն, որը կարելի է ուղղել: Իսկ եթե ժողովրդավարությունը դարձնենք այնպիսին, որ բոլորը կարողանան առցանց (օնլայն) քվեարկել, կամ գործի դնենք անհատական ուսուցման մեթոդը: Այս ամենին կարող ենք հասնել: Եկեք այնպես անենք, որ հասարակության յուրաքանչյուր անդամ ունենա իր դերը: Եկեք մեծ գործեր անենք՝ ոչ միայն առաջընթացի, այլև՝ նպատակի համար»:
«Հավասարություն» հասկացության վերաիմաստավորման մասին
Նախաձեռնության մշակույթը զարգանում է միայն այն ժամանակ, երբ կարող ես փորձարկել մի շարք գաղափարներ: Մինչև Facebook-ը ես մի շարք ծրագրեր ունեի, և կարող եմ ասել, որ ես միակը չեմ: Օրինակ՝ Ջոան Ռոուլինգը հրատարակեց «Հարրի Փոթերը» միայն 13-րդ փորձից: Այսպիսով, մեծ հաջողությանը հասնում են սխալվելու հնարավորության դեպքում: Սակայն այսօր բոլորը տառապում են բարեկեցիկ ապրելու անհավասար պայմաններից:
Եթե գաղափարը կյանքի կոչելու հնարավորություն չկա, պարտվում ենք բոլորս:
Մեզ անհրաժեշտ է մի հասարակություն, որի տնտեսական ցուցանիշները որոշվում են ոչ միայն ՀՆԱ-ով, այլև նրանով, թե քանի մարդ է հասել իր նպատակներին: Մեզ անհրաժեշտ են նոր մոտեցումներ և ընդհանուր բազային եկամուտ, որպեսզի ոչ ոք չվախենա ինքնաիրացման առաջին քայլն անելուց: Բոլորս, անկասկած, սխալվելու ենք, այդ պատճառով մեզ պետք չէ մի հասարակություն, որն այդքան ուժեղ պատժում ու անարգանքի է ենթարկում մեզ: Մեզ ամբողջ կյանքի ընթացքում սովորելու հնարավորություն է պետք:
Յուրաքանչյուրին իր նպատակին հասցնելը մեզ համար թանկ կարժենա, բայց իմ նմանները պարտավոր են վճարել դրա համար: Մեր սերնդի վաստակը բոլորի համար հավասարություն ապահովելը կլինի: Շաբաթական մեկ կամ երկու ժամը բավական է ինչ-որ մեկին օգնելու համար: Երբ մարդիկ իրենց երազանքները կյանքի են կոչում, հաղթում են բոլորը»:
Համագործակցություն ստեղծելու մասին
Վերջերս անցկացված հարցման ժամանակ (որին մասնակցում էին 2000-ականներին ծնվածները) կար հետևյալ հարցը՝ ինչո՞վ է որոշվում Ձեր նույնականությունը: Ամենատարածված պատասխանը ՝ «Աշխարհի քաղաքացի լինելով»-ն էր:
Չէ՞ որ յուրաքանչյուր սերունդ ընդլայնում է այն մարդկանց շրջանակը, որոնց նմանեցնում է իրեն, իսկ մեր սերնդի համար դա ողջ աշխարհն է:
Առաջընթացը պահանջում է, որպեսզի մենք միավորվենք ոչ միայն քաղաքներով կամ ազգերով, այլև մեկ գլոբալ միությամբ: Ամեն ինչ կորոշվի այն ժամանակ, երբ մեզնից յուրաքանչյուրը կկարողանա հոգ տանել մյուսների համար: Կարծում եմ՝ Ձեր մեջ քաջություն կգտնեք Ձեր կյանքը համընդհանուր բարիքի վերածելու համար: Հաջողություն եմ մաղթում:
Հրապարակման պատրաստեց Անժելիկա Այվազյանը