Կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստման չափից ավելի դանդաղ անցկացումը կարող է հանգեցնել վիրուսի նոր, ավելի վարակիչ շտամների առաջացմանն ու արագ տարածմանը։ Այս մասին նախազգուշացնում է Օգաստայի համալսարանի (ԱՄՆ) վարակաբան Ռոջեր Մաքարթուրը։
«Եթե մենք դանդաղ գործենք, եթե լինեն շրջաններ, որտեղ պատվաստման ընդգրկումն, ասենք, ցածր է 20 տոկոսից, կարծում եմ, տարածումը կլինի շատ, շատ արագ։ Մյուս կողմից, եթե խոսենք այն շրջանների մասին, որտեղ պատվաստման ընդգրկումը կազմում է 60 տոկոս, որտեղ նվազում է (վարակումների) դեպքերի թիվը, որոշ աստիճանով շարունակում են հետեւել սոցիալական հեռավորության նորմերին, այնտեղ, ես կարծում եմ, արագ տարածում չի լինի»,- ասել է մասնագետը։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, վարակաբանը չի բացառում, որ վիրուսի նոր տարատեսակների, այդ թվում եւ «դելտա» տեսակի տարածման որոշ դեպքերում կարող է կրկնակի պատվաստման անհրաժեշտություն լինի։ Ավելին, ապագայում կարող են պետք լինել դեղամիջոցներ, որոնք հատուկ ստեղծված են կորոնավիրուսի առանձին մուտացիաների դեմ։
Մաքարթուրը նաեւ խոստովանել է, որ այսօրվա դրությամբ «դելտա պլյուսը» համարվում է կորոնավիրուսի ամենավտանգավոր եւ ամենավարակիչ տարատեսակը։
«Առկա գնահատականների համաձայն՝ այն 50 կամ նույնիսկ 60 տոկոսով ավելի վարակիչ է, քան «ալֆա» տեսակը, որն, իր հերթին, ավելի վարակիչ է, քան SARS-CoV-2 նախնական տարատեսակը»,- նշել է մասնագետը։