Ասպիրինը կարող է նվազեցնել մահացությունն օնկոլոգիական հիվանդություններից եւ կրճատել մետաստազները։ Նման եզրակացության են եկել Քարդիֆի համալսարանի գիտնականները, որոնք իրենց հետազոտությունը հրապարակել են eCancermedicalscience ամսագրում։
Վերլուծելով քաղցկեղի 18 տարբեր տեսակներով հիվանդ պացիենտների նախորդ հետազոտությունների տվյալները, ներառյալ կաթնագեղձի, հաստ աղիի եւ շագանակագեղձի քաղցկեղները, գիտնականները նկատել են, որ ասպիրինը նվազեցնում է մետաստազների տարածումը։ Ուստի նրանք կարծում են, որ անհրաժեշտ է «լրջորեն մտածել» ասպիրինը քաղցկեղի բուժման այլ մեթոդների կողքին օգտագործելու մասին։
«Կան բավականաչափ ապացույցներ, որոնք վկայում են քաղցկեղով հիվանդ այն պացիենտների մահացության զգալի նվազման մասին, որոնք ընդունում են ասպիրին, եւ այդ օգուտը, ըստ երեւույթին, չի սահմանափակվում քաղցկեղի մեկ կամ մի քանի տեսակներով»,- ասել է Քարդիֆի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Փիթեր Էլվուդը, որն ուսումնասիրել է ասպիրինի ազդեցությունն ավելի քան 50 տարի։
Գիտնականների դիտարկած ընտրանքում քառորդ միլիոն պացիենտների 20-25 տոկոսը տեղեկացրել է, որ ընդունել է ասպիրին։ Պարզվել է, որ քաղցկեղի ախտորոշում դրվելուց հետո ցանկացած ժամանակ մոտ 20 տոկոսով ավելի պացիենտներ, ովքեր ասպիրին են ընդունել, ողջ են եղել այն պացիենտների համեմատ, ովքեր այդ դեղամիջոցը չեն ընդունել։
Քանի որ ասպիրինը ջրիկացնում է արյունը, նրա կողմնակի ազդեցություններից մեկը ամենօրյա ընդունման ժամանակ կարող է լինել ներքին արնահոսության ռիսկը։ Բայց, ինչպես պարզել են գիտնականները, ավելի շատ մահերի ոչ մի ապացույց չի եղել՝ կապված դեղամիջոցն ընդունած պացիենտների արնահոսության հետ։
news.am