Ջիվան Գասպարյանի առողջական վիճակը վերջին օրերին կտրուկ վատացել էր։ Հարազատները չեն ցանկանում խոսել պատճառների մասին, բայց շատ են ուզում, որ նա հուղարկավորվի հայրենի հողում։ Թե ինչ կլինի, պարզ կդառնա առաջիկա օրերին: Մինչ այդ նրա մասին պատմում են մտերիմները։
«Ես դուդուկը հայտնի դարձրի, դուդուկն էլ` ինձ». անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանն իր ուրույն տեղն ու դերն ուներ հայ մշակույթի մեջ։ Աշխարհը նրա շնորհիվ սկսեց հայկական դուդուկի ձայնը տարբերել այլ գործիքներից։ Վարպետը կնոջ հետ ապրում էր Երևանի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող իր սիրելի տանը։ Կնոջ մահից հետո մնաց մենակ, իսկ հետո մեկնեց ԱՄՆ։ Կորոնավիրուսն ու ախտորոշված հիվանդությունը պատճառ դարձան, որ Հայաստան գալը հետաձգվի։ Ցավոք, վարպետը մահացավ ԱՄՆ-ում։
Թե ինչպիսին էր Ջիվան Գասպարյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում են նրա մտերիմները։
Հայ երաժիշտ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյան
Որոշեցի վարպետին մի լավ անակնկալ մատուցել, ասացի, որ ծննդյանդ օրը 90 դուդուկահարով գամ, շնորհավորեմ, ո՞նց քեզ կզգաս, ասաց` բալա ջան, անհնար բան ես ասում։
Կազմակերպեցի։ Վարպետի 90-ամյակին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 112 դուդուկահար նվագեցին, որոնց միացավ նաև Ջիվանը։ Հիշում եմ` հիացած էր, նման բան Հայաստանում չէր եղել։ Դրանից հետո մեր հարաբերություններն ավելի ջերմացան։ Ինձ ասաց` քեզ ուզում եմ դուդուկ նվիրել, հատուկ արտերկրից կարմիր փայտ բերել կտամ, իմ ձեռքով կպատրաստեմ։
Շատ ուրախացա, բայց ասացի, որ իր նվագած հին գործիքներից մեկն եմ ուզում։ Հենց այդ պահին ձեռքն առավ իր ամենահին դուդուկներից մեկն ու նվիրեց ինձ։ Հենց այդ գործիքով էր 30 տարի առաջ «Արցախը» նվագել։ Հետո դուդուկի վրա ոսկեզօծ տառերով անունս էր գրել տվել։ Այդ դուդուկը ես աչքիս լույսի պես եմ պահում։
Վստահ եմ, որ վարպետն իր կյանքում ամեն ինչ հասցրեց, բայց մի կիսատ գործ ուներ, որ ինձ էր վստահել։
Ջիվանը դուդուկի մի մենանվագ ուներ, ինձ անընդհատ ասում էր` դրա վրա մի բան մտածի, մի նոր մեկնաբանություն տուր, «մեջտեղ հանի», ինչը ես մեծ սիրով կանեմ։ Ի դեպ այդ ուղղությամբ մի փոքր աշխատանք արդեն տարել եմ։
Մեր երիտասարդ դուդուկահարները պետք է շնորհակալ լինեն նրան, որ իրենց համար ամբողջ աշխարհում ճանապարհ հարթեց։
Երգչուհի Նունե Եսայան
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am