Անեմիան էապես մեծացնում է հետքովիդային համախտանիշի զարգացման ռիսկը, ընդ որում, նման հիվանդների մոտ այն հաճախ այնքան ծանր ընթացք է ունենում, որ նույնիսկ ստացիոնար բուժման կարիք է առաջանում:
Medportal.ru-ի փոխանցմամբ՝ Nference ընկերության մասնագետները, Մեյո կլինիկայի հետ համատեղ, գնահատել են անեմիայի եւ COVID-19-ի երկարատեւ ախտանիշների միջեւ կապը: Արհեստական բանականության միջոցով մասնագետները վերլուծել են COVID-19-ով միջին եւ ծանր ավելի քան 2400 հիվանդների տվյալները, ովքեր ստացիոնար բուժում ստանալուց հետո ունեցել են կորոնավիրուսի երկու բացասական ՊՇՌ թեստ:
Այնուհետեւ հետազոտության հեղինակները առանձնացրել են հիվանդների երկու խումբ՝ առաջինում ընդգրկվել են նրանք, ովքեր բարդություններով հոսպիտալացվել են միայն մեկ անգամ, իսկ երկրորդ խմբի մարդիկ COVID-19-ի երկարատեւ ախտանիշների հետ կապված՝ վարակվելուց 90 օր անց կրկին հոսպիտալացվել են:
Գիտնականները նաեւ վերլուծել են կրկնակի հոսպիտալացված հիվանդների բժշկական քարտերի՝ վարակվելուց մեկ տարի առաջվա տվյալները եւ ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, որ դուրս գրվելուց 3 ամիս անց 374 հիվանդ է ունեցել ստացիոնար բուժման կարիք: Այս խմբի բոլոր հիվանդները կորոնավիրուսով վարակվելուց մեկ տարի առաջ ունեցել են հեմոգլոբինի եւ հեմատոկրիտի մակարդակի պաթոլոգիական փոփոխություններ, ոմանք տառապել են երիկամների քրոնիկ հիվանդությամբ: COVID-19-ով հոսպիտալացման ընթացքում հիվանդների 79 տոկոսի մոտ ախտորոշվել է թեթեւ անեմիա, եւս 37 տոկոսի մոտ՝ ծանր անեմիա:
Հետազոտության հեղինակները նման վերլուծություն են անցկացրել նաեւ 2003 թվականին գրիպով հոսպիտալացված հիվանդների շրջանում: Պարզվել է, որ գրիպով հոսպիտալացված շատ մարդկանց մոտ, որոնք բարդությունների պատճառով այնուհետեւ կրկին ստացիոնար բուժում են ստացել, վարակվելուց մեկ տարի առաջ ախտորոշվել է անեմիա: Առաջին եւ երկրորդ հոսպիտալացումների ամենաուժեղ կապը նկատվել է չափավոր եւ ծանր սակավարյունություն ունեցող հիվանդների մոտ: