Ծխելուց հրաժարվելը երկարացնում է թոքերի քաղցկեղով պացիենտների կյանքը՝ հետազոտություն
Advertisement 1000 x 90

Ծխելուց հրաժարվելը երկարացնում է թոքերի քաղցկեղով պացիենտների կյանքը՝ հետազոտություն

Ծխելուց հրաժարվելը կարող է դանդաղեցնել թոքի քաղցկեղի զարգացումը եւ երկարացնել պացիենտների կյանքը։ Նման եզրակացության են եկել ֆրանսիացի եւ ռուսաստանցի գիտնականները։ Նրանց նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Annals of Internal Medicine-ում։

Ինչպես նշում է Medportal.ru-ն, թոքերի քաղցկեղը օնկոլոգիական մահացության առաջին պատճառն է աշխարհում. դրան բաժին է ընկնում չարորակ ուռուցքներից մահերի ավելի քան 11 տոկոսը։ Այդ քաղցկեղի դեպքում ողջ մնալու հավանականությունը շատ ցածր է, անգամ եթե այն հայտնաբերվում է վաղ փուլերում։

Նոր հետազոտությունում Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության եւ Ն.Ն. Բլոխինի անվան օնկոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնի (ԱԲՀԿ) գիտնականները ստուգել են, թե օգնում է արդյոք ծխելուց հրաժարվելը պացիենտների կյանքը երկարացնելուն, որոնց մոտ արդեն ախտորոշվել է թոքի քաղցկեղ, եւ դանդաղեցնել հիվանդության զարգացումը։

Հետազոտությանը մասնակցել է Ն.Ն. Բլոխինի անվան օնկոլոգիայի ԱԲՀԿ 517 պացիենտ՝ թոքի ոչ փոքր բջջային քաղցկեղի ախտորոշմամբ։ Պացիենտներին հետեւել են մոտ յոթ տարի։ Այդ ընթացքում քաղցկեղի հետ կապված պատճառներից մահացել է 53 տոկոսը, հիվանդությունը զարգացել է 33,7 տոկոսի մոտ։

Նրանց համեմատ, ովքեր շարունակել են ծխել, ծխելը թողածների մոտ ողջ մնալու տեւողությունը 21,6 ամսով ավելի երկար է եղել (6,6 տարի 4,8-ի դիմաց)։ Վնասակար սովորությունը թողածների մոտ 5 տարի ապրելու շանսերն ավելի բարձր են եղել, նրանց մոտ կյանքի տեւողությունն ավելին է եղել առանց հիվանդության զարգացման։ Հետաքրքիր է, որ այդպիսի արդյունքներ նկատվել են՝ անկախ քաղցկեղի փուլից եւ ծխելու ինտենսիվությունից։

Հեղինակները գրում են, որ թոքերի ոչ փոքր բջջային քաղցկեղ ախտորոշմամբ պացիենտների մոտ 50 տոկոսը  շարունակում է ծխել ախտորոշման հաստատումից հետո։ Ուստի, ծխելու դեմ պայքարը կարող է այդ մարդկանց կյանքը երկարացնելու կարեւոր հնարավորություն տալ։

news.am