«Կարծես նպատակ են դրել նրա կյանքը վտանգելու». Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել են ՔԿՀ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Կարծես նպատակ են դրել նրա կյանքը վտանգելու». Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել են ՔԿՀ. armeniasputnik.am

Քիչ առաջ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Իզմիրլյան բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Հայտնել էինք, որ օգոստոսի 24-ին Չարչյանը քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Նորք-Մարաշ» ԲԿ և հենց նույն օրը սուր ինֆարկտ է տարել։

«Հայաստան» դաշինքի անդամները «Վարդաշեն» ՔԿՀ-ի մոտ են ի նշան բողոքի։  Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նշեց, որ կարծես նպատակ է դրված Չարչյանի առողջությունն ու կյանքը վտանգի տակ դնելու։

«Այս իրավիճակներում պետք է մարդասեր լինել. նպատակը ո՞րն է` մարդու առողջական վիճակը քայքայե՞լը։ Ես որքան գիտեմ` բժիշկները բավարար չեն համարել Չարչյանի առողջական վիճակը, որպեսզի նրան ՔԿՀ տեղափոխեն»,–ասաց Վարդևանյանը։

Վարդևանյանը նշեց, որ ՀՀ–ում գործող դեսպանատներն էլ տարօրինակ ձևով լռում են` մարդու իրավունքների ոտնահարումը չնկատելով։

Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ արդեն իսկ ՔԿՀ վարչակազմին են դիմել և խնդրել, որպեսզի նրանք էլ դիմեն բժշկական հանձնաժողովին և Չարչյանի առողջական վիճակի մասին եզրակացություն ստանան։

«Դա ստանալուց հետո ՔԿՀ–ն պետք է դիմի դատարան և հայտնի, որ կալանքն անհամատեղելի է հիվանդության հետ, և դատարանը պետք է նիստ անի ու որոշում կայացնի»,–ասաց Ալեքսանյանը։

Չարչյանի փաստաբանական թիմը քիչ անց կմտնի ՔԿՀ` պրոֆեսորին տեսակցելու, որից հետո խոստացել են մանրամասներ հայտնել։

Նա հիշեցրեց, որ արդեն ներկայացրել են միջնորդություն` Չարչյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցով հրատապ նիստ հրավիրելու համար։ Սակայն մինչ այս պահը դատարանից լուր չունեն։

Նշենք, որ Չարչյանի գործով հաջորդ դատական նիստը հոկտեմբերի 1-ին է նշանակված։

Հավելենք, որ Չարչյանի մոտ ախտորոշվել է զարկերակային հիպերտոնիա III աստիճանի (կրիզային ընթացք), սրտային անբավարարություն, ծանր շաքարային դիաբետ` ինսուլինից կախում ունեցող, ինչպես նաև խրոնիկ երիկամային անբավարարություն։ Բացի այդ, նա օգոստոսի 24-ին սրտամկանի սուր ինֆարկտ է տարել։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին համացանցում հայտնվել էր ձայնագրություն, որտեղ լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ընտրությանը մասնակցել։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվել է։

Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել քրեական հետապնդում սկսել արդեն պատգամավոր Չարչյանի նկատմամբ։ Ապա Չարչյանը կալանավորվել էր։ Նա ազատ էր արձակվել հուլիսի 21-ին՝ 15 մլն դրամ գրավի դիմաց։

armeniasputnik.am