«Համատիրության մասին» օրենքի 10-րդ հոդվածում նշվում է, որ համատիրության հիմնադրման մասին պայմանագրով սահմանվում են հիմնադիրների համատեղ գործունեության կարգը, համատիրությանն իրենց գույքը հանձնելու և դրա կառավարմանը մասնակցելու պայմանները: Այդ պայմանագրով սահմանվում են նաև հիմնադիրների կազմը, նրանց կողմից ներդրվող փայավճարների չափը, նրանց իրավունքները և պարտականությունները:
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածն էլ սահմանում է, որ շինության սեփականատերերը պարտավոր են կատարել սահմանված պարտադիր վճարները:
Վերը նշված երկու նորմերից բխում է, որ անձը կարող է չանդամակցել համատիրությանը (ինչն իրավական հիմք է ստանում «Համատիրության մասին» ՀՀ օրենքի 9-րդ (Համատիրության ստեղծումը) և 26-րդ հոդվածներով (Համատիրության անդամի անդամության դադարումը) ), սակայն դա նրան չի ազատում պարտադիր վճարների մուծման պարտականությունից:
Նշենք, որ շինությունների սեփականատերերից գանձվող պարտադիր և այլ վճարների վճարման կարգը սահմանվում է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 15-րդ հոդվածով։ Օրենքի համաձայն՝ սահմանված պարտադիր վճարները և այլ վճարները շինությունների սեփականատերերը կատարում են անկանխիկ եղանակով՝ յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար առանձին, բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի անվամբ այդ նպատակով բացված բանկային հաշվին փոխանցելու եղանակով:
Նախատեսված բանկային հաշվի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն․
1. Շինության սեփականատերերը պարտավոր են իրականացնել ընդհանուր բաժնային սեփականության պահպանման այն պահանջները և պարտադիր միջոցառումներն ու աշխատանքները (այսուհետ` պարտադիր նորմեր), որոնց չիրականացումը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել ընդհանուր բաժնային սեփականությանը, շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին:
2. Պարտադիր նորմերի մեջ ներառվում են հակահրդեհային, սանիտարական, քաղաքաշինական, կոմունալ սպասարկման, փոստային բաժանորդային պահարանների սպասարկման և այլ միջոցառումներ:
Պարտադիր նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Շինության բոլոր սեփականատերերը պարտավոր են, շինության սեփականատերերի ժողովի կողմից սույն օրենքով սահմանված կարգով հաստատված նորմերից ելնելով, կատարել համապատասխան վճարումներ կամ իրենց ուժերով ու միջոցներով իրականացնել պարտադիր նորմերի պահանջները:
4. Այս հոդվածով նախատեսված աշխատանքների իրականացման համար վճարի չափը շինության սեփականատիրոջ համար սահմանվում է` ելնելով շենքի բաժնային սեփականության մեջ նրա բաժնի չափից:
Վճարման ենթակա գումարի չափի, ժամկետների և կարգի մասին շենքի կառավարման մարմինը նախօրոք ծանուցում է շինության սեփականատերերին։
5. Շինությունների սեփականատերերի կողմից պարտադիր նորմերի իրականացման համար նախատեսված վճարման ենթակա գումարի վճարումը երկու անգամ ուշացնելու դեպքում շենքի կառավարման մարմինն իրավունք ունի դրա բռնագանձման համար դիմել դատարան` մինչ այդ գրավոր նախազգուշացնելով պարտատիրոջը, բացի այդ շենքի կառավարման մարմինն իրավունք ունի պարտադիր նորմերն իրականացնել այլ միջոցներից` չվճարողներից պահանջելով հատուցել դրա հետևանքով իրեն և շինության այլ սեփականատերերին պատճառված վնասները: