Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացվում են հղիների համար դասընթացներ «Մայրության դպրոցներում»:
Իրավաբան.net-ը հայտնում է, որ սա սահմանված է առողջապահության նախարարի 2020 թվականի հունվարի 22-ի հրամանով՝ Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ընթացակարգը։
– Առաջին դասընթացի ժամանակ հղիներին հաղորդվում են համառոտ տեղեկություններ սեռական օրգանների կառուցվածքի և այն փոփոխությունների մասին, որոնք կատարվում են կնոջ օրգանիզմում` կապված հղիության հետ: Ընդգծվում է հղիության ֆիզիոլոգիական բնույթը: Բժշկական հետազոտման անհրաժեշտությունը:
Հղին ուսուցանվում է նաև վտանգի նշանների ու հղիության ախտաբանությունների վերաբերյալ, և դրանց առկայության դեպքում իր և շրջապատի անելիքների մասին: Առաջին դասընթացի ժամանակ տրամադրվում է տեղեկատվություն, որը ներառում է`
1) հակիրճ տեղեկություններ սեռական համակարգի կազմության և գործունեության մասին,
2) կնոջ և տղամարդու սեռական բջիջների մասին,
3) արգանդում պտղի զարգացման մասին, այդ թվում`
ա. բեղմնավորում
բ. հղիության առաջին նշանները
գ. պտղի զարգացումը ըստ հղիության ամիսների, նրա հակազդեցությունը արտաքին միջավայրի գրգռիչներին
դ. պլացենտայի և հարպտղաջրերի դերը պտղի կյանքն ապահովելու գործում
ե. կնոջ օրգանիզմի ֆիզիոլոգիական փոփոխությունները, հղիության փուլերը,
4) Հղիության ռիսկի գործոնների մասին, այդ թվում`
ա. ինչ են ռիսկի գործոնները
բ. ծնողների առողջության ազդեցությունը ապագա երեխայի առողջության վրա
գ. ժառանգականության դերը
դ. ծնողների կողմից ծխելու, ալկոհոլի, թմրանյութերի և թույների օգտագործումը` որպես պտղի զարգացման վտանգավոր ռիսկի գործոններ
ե. անբարենպաստ այլ գործոնների ազդեցությունը պտղի վրա (արտադրական, վարակ, դեղ, ճառագայթ և այլն)
զ. հղիության բարդությունները,
5) Բժշկական հսկողության բովանդակության մասին, որը ներառում է.
ա. հղիի` կանանց կոնսուլտացիա վաղ դիմելու կարևորությունը
բ. այցերի հաճախականությունը մանկաբարձ-գինեկոլոգի կամ մանկաբարձուհու մոտ
գ. բժշկական հետազոտությունները պարտադիր ծավալով կատարելու անհրաժեշտությունը հղիության ընթացքում
դ. ծանոթություն մոր և պտղի հսկողության իրականացման ժամանակակից գործիքային մեթոդների հետ
ե. հղիների ուսուցում որոշ թեստերին` հղիության զարգացման և պտղի վիճակի գնահատման նպատակով:
– Երկրորդ դասընթացի ժամանակ հղիներին հաղորդվում է անձնական հիգիենայի, աշխատանքի, ապրելակերպի, ֆիզիկական նախապատրաստման անհրաժեշտության մասին տեղեկություններ: Դասընթացի ժամանակ ուսուցանվում են ֆիզիկական վարժությունների համալիրները կախված հղիության ժամկետից, հղիի վիճակից և հղիության ընթացքի առանձնահատկություններից:
– Երկրորդ դասընթացի ժամանակ ուսուցանվում է հղիության ընթացքոմ հիգիենայի կանոնների պահպանումը, մասնավորապես`
1) ապրելակերպը և տրվում են խորհուրդներ վտանգավոր սովորույթներից հրաժարվելու և առողջ ապրելակերպի վերաբերյալ
2) Սնուցումը
3) Անձնական հիգիենա
4) Հիգիենիկ մարմնամարզության դերը հղիության ընթացքում
5) Հղիի հոգեհուզական վիճակի առանձնահատկությունները:
– Երրորդ դասընթացը նվիրվում է ծննդաբերական պրոցեսի շրջաններին: Այս պարապմունքի ժամանակ բացատրվում է ծննդաբերող կնոջ զգացողությունների մասին, գաղափար է տրվում կծկանքների, նրանց տևողության, պարբերականության մասին, ցույց է տրվում, թե ինչպես պետք է կինը պահի իրեն տանը` կծկանքները սկսվելիս: Պարզաբանվում են այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում ծննդաբերի սեռական համակարգում ծննդաբերության առաջին, երկրորդ և երրորդ շրջաններում:
– Եզրափակիչ մասը նվիրվում է ծննդաբերությանը` որպես ֆիզիոլոգիական ակտի նկարագրման:
1) Հիմնավորվում է, որ «ծննդաբերության ղեկավարման համակարգում» առաջատար դերը պատկանում է իրեն` ծննդաբերողին: Ընդգծվում է, որ ծննդաբերությունը աշխատանք է և ոչ հիվանդություն, հետևաբար, անհրաժեշտ է պահպանել ուժերը վճռական պահերի համար,
2) լուսաբանվում է վզիկի բացման պրոցեսը, պտղապարկի և պտղաջրերի դերը: Սովորեցնում են մի շարք հնարքներ, բացատրելով յուրաքանչյուրի նշանակությունը,
3) հղին ծանոթանում է նշված շրջաններում ծննդաբերության մեխանիզմներին, բնորոշ զգացողություններին և ցավազրկման հնարքներին: Առաջարկվում են ծննդաբերի ռացիոնալ դիրքեր արտամղման շրջանում: Ավանդական` մեջքի վրա պառկած վիճակին ալտերնատիվ (այլընտրանքային) առաջարկվում են բազմաթիվ այլ պոզաներ (դիրքեր): Բացատրվում է այդ հնարքների ֆիզիոլոգիական էությունը,
4) Ուսուցանողը նշում է ծննդաբերության ժամանակ ճիշտ սնուցման, միզապարկը հաճախակի դատարկելու նշանակության մասին: Պարապմունքների ժամանակ անալիզի են ենթարկում այն պատճառները, որոնք ներկա գտնվող կրկնածինների մոտ ծննդաբերության ժամանակ պայմանավորել են ցավային զգացողությունները (ցավի նկատմամբ վախը, անհանգիստ վարքը, պտղապարկի ուշ պատռումը, միզապարկի լիքը լինելը): Ընդգծվում է, որ այդ պատճառները հեշտ վերացվող են: Ցույց է տրվում, որ ծննդաբերի անհանգիստ վարքը, ճիչը, տագնապը, դրանց հետ մեկտեղ նաև շնչառության պահումը վտանգավոր են պտղի և արգանդի նորմալ ֆունկցիայի համար:
– Երրորդ դասընթացի ժամանակ հղին նախապատրաստվում է «առանց վախի» ծննդաբերությանը:
– Երրորդ դասընթացի ժամանակ ուսուցանվում են.
1) ծննդաբերության օրացուցային ժամկետները,
2) ծննդաբերության նախանշանները,
3) ծննդատուն ընդունվելու նախապատրաստում,
4) ծննդաբերության փուլերը և դրանց տևողությունը,
5) վարքը ծննդաբերության ժամանակ,
6) ծննդաբերությունից հետո առաջին ժամերը: Երեխայի` կրծքին վաղ մոտեցման նշանակությունը ծնարանում,
7) բուժական մարմնամարզություն հետծննդաբերական շրջանում,
8) հակաբեղմնավորիչների ընդունում հետծննդյան շրջանում,
9) Մայրության օրենսդրական իրավունքները:
– Չորրորդ և հինգերորդ դասընթացները նվիրվում են հետծննդյան շրջանին, նորածնի առողջության պահպանման, կրծքով կերակրման հմտություններին, նորածնի խնամքի սկզբունքների ուսուցմանը:
– Չորրորդ դասընթացի ժամանակ ներկայացվում է հետծննդյան շրջանը, երեխայի և մոր խնամքը.
1) հետծննդյան շրջանում կատարվող փոփոխությունները,
2) հետծննդյան շրջանում որոշ հոգեբանական խնդիրների հաղթահարման միջոցները,
3) ծննդկանի անձնական հիգիենան,
4) հասուն և անհաս նորածնի անատոմիաֆիզիոլոգիական առանձնահատկությունները,
5) նորածնի հորմոնային կրիզ,
6) մոր և երեխայի համատեղ կացության նշանակությունը ծննդատանը,
7) անձնական հիգիենայի պահպանման կանոնները նորածնի հետ շփվելու ժամանակ,
8) երեխային կրծքին մոտեցնելու տեխնիկան,
9) խորհուրդներ նորածնի հագուստի վերաբերյալ ծննդատնից դուրսգրման պահին,
10) պատվաստանյութերի, պատվաստումների և կառավարելի վարակիչ հիվանդությունների մասին ընդհանուր տեղեկատվություն:
– Հինգերորդ դասընթացի ժամանակ ներկայացվում է նորածնի խնամքը ընտանիքում.
1) ընտանիքում երեխայի անկյան նախապատրաստում և հիգիենա,
2) երեխայի խնամքի առարկաները,
3) երեխայի խնամքի կանոնները,
ա. երեխայի հարդարանքը, լողացնելը
բ. մաշկի և պորտի վերքի խնամք
գ. ազատ բարուրում
դ. օրվա ռեժիմը,
4) նորածնի կերակրում.
ա. կրծքով կերակրման դերը երեխայի առողջության ձևավորման համար.
բ. երեխայի հսկողական կշռման դերը կրծքով կերակրման ժամանակ.
գ. երեխայի խմելու հեղուկները
դ. արհեստական սնուցում,
5) Վնասակար գործոնների ազդեցության դերը երեխայի առողջության վրա.
ա. վնասակար սովորությունների արգելում ընտանիքում (ծխելու, ալկոհոլի, թմրանյութերի և թույների օգտագործում),
6) խորհուրդներ և բժշկական խորհրդատվության կատարման ուսուցում.
ա. Նորածնի մերսման ձևերը, մարմնի վարժությունների տարրերը
բ. Մարմնի ջերմաստիճանի չափման տեխնիկան
գ. Մաքրող հոգնայի և գազերի դուրսբերման խողովակի օգտագործում
դ. Ջեռակի օգտագործում, տաքացնող կոմպրեսների կիրառում
ե. Բժշկի նշանակումով դեղեր տալու նախապատրաստումն ու տեխնիկան, ինքնաբուժության վտանգը:
– Խմբակային պարապմունքների համար սենյակն այնպես պետք է կահավորված լինի, որպեսզի լսողների մոտ առաջացնի հոգեբանական հարմարավետության զգացում: Խորհուրդ է տրվում կահավորել հարմարավետ բազկաթոռներով կամ թախտերով, պատերին կախել նկարներ, աղյուսակներ, ունենալ սլայդոսկոպ, մագնիտոֆոն, հեռուստացույց, տեսանյութեր` երաժշտական հատուկ ծրագրերով և այլն:
– Նպատակահարմար է ապահովել տեսահոլովակների ինքնուրույն դիտումը հղիների հիգիենայի, ծննդաբերության ընտանեկան նախապատրաստմանը, կրծքով կերակրելու, նորածնի խնամքի, ծննդաբերություններից հետո հակաբեղմնավորիչների օգտագործման վերաբերյալ և այլն:
– Հղիների նախածննդյան դասընթացի ծրագիրը կրծքով սնուցման վերաբերյալ` 28 շաբաթական գեստացիոն հասակից սկսած բոլոր հղիները պետք է նախածննդյան այցերի ժամանակ մասնակցեն կրծքով սնուցման վերաբերյալ դասընթացի` կանանց կոնսուլտացիայում կամ առողջ մանկան սենյակ հաճախելիս:
1) Դասընթացը պետք է տեղեկություններ տրամադրի հետևյալ թեմաների վերաբերյալ.
ա. կրծքով սնուցման առավելությունները
բ. մոր և նորածնի հետծննդյան վաղ շփման և կրծքով սնուցման վաղ սկզբի կարևորությունը
գ. համատեղ տեղակայման և ըստ պահանջի կերակրման կարևորությունը
դ. երեխային կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում բացառապես կրծքով կերակրելու և մինչև 2 տարեկանը կրծքով սնուցումը շարունակելու կարևորությունը:
ե. կաթնարտադրության կարգավորումը
զ. երեխայի դիրքը կրծքի մոտ
է. բավարար կաթնարտադրության ապահովումը:
– Պետք է իրականացվեն նաև ֆիզիկահոգեբանական պատրաստման անհատական պարապմունքներ: Վերջինիս կարիքը ունեն հղիության բարդ ընթացքով, ծանր սոմատիկ հիվանդություններ ունեցող կանայք, ինչպիսիք են.
1) սիրտանոթային հիվանդություններ,
2) թոքային, երիկամային և այլ համակարգի հիվանդություններ,
3) հղիների պրեէկլամպսիա (հիպերտոնիա, այտուցներ, առաջադիր ընկերք, պտղի ոչ ճիշտ դիրք,
4) նորմալ ընթացող հղիությամբ հղիներ` նեղ կոնքերով, հետույքային առաջադրությամբ, բազմապտուղ հղիությամբ, բարդացած մանկաբարձական անամնեզով: