«Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի աշխատակիցների, ուսուցիչների, դասախոսների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պահանջը, բացառություն կկազմեն այն դեպքերը, երբ անձինք կունենան պատվաստման սերտիֆիկատ կամ կլինեն հղի, կամ էլ այլ հակացուցումներ կունենան»,- այս մասին օգոստոսի 24-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Հայաստանի քաղաքացիները, սակայն, կարևորում են, որպեսզի նրանք, ովքեր այս պահին չեն ցանկանում պատվաստվել, գոնե հնարավորություն ունենան ավելի մատչելի գնով կորոնավիրուսի թեստ հանձնել: Առողջապահության նախարարությունը, սակայն, մինչ այս պահն անդրդվելի է:
«Թեստը չի կարող անվճար լինել, դա մարդու որոշումն է, ուզենա՝ կհանձնի, կուզենա՝ ոչ, և մենք որպես այլընտրանք՝ առաջարկում ենք պատվաստվել»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:
Արտերկրում բնակվող մեր հայրենակիցները հայտնեցին, որ գրեթե նույն վիճակը նաև իրենց մոտ է՝ շատ փոքր տարբերություններով:
Ֆրանսիայում եթե գործատուն ցանկանա՝ աշխատողները պետք է պատվաստվեն:
«Կորոնավիրուսի թեստը Ֆրանսիայում անվճար է, սակայն հոկտեմբերի 15-ից դառնալու է վճարովի: ՊՇՌ թեստն արժե 50 եվրո: Առողջապահական ապահովագրության համակարգ կա, սակայն հաջորդ ամիս փոփոխություններ են լինելու: Հոկտեմբերի 15-ից կորոնավիրուսի թեստ հանձնելու համար պետք է վճարեն: Բժշկի գնալու, նրա կողմից ներկայացված թղթով թեստ հանձնելու դեպքում նոր գործում է ապահովագրությունը: Երկու եղբայրներս Թուրքիայում են, մեկը՝ երեք, մյուսը՝ չորս անգամ պատվաստվել է: Երկուսը՝ չինական, մեկն էլ Pfizer պատվաստանյութով է պատվաստվել: Հիմա Ֆրանսիայում էլ այն մարդիկ, ովքեր շատ ծեր են, ունեն հիվանդություններ, 3-րդ դեղաչափով են պատվաստելու»,- ասաց ֆրանսաբնակ Արարատը:
Իտալիայում էլ, եթե ուզում ես բար կամ ռեստորան գնալ, պետք է պատվաստված լինես, իսկ բացօթյա սրճարանում նստելու համար պատվաստված լինելը պարտադիր չէ:
«Եթե ուզում ես գնալ թանգարան, մարզադաշտ, համերգասրահ, պետք է պատվաստված կամ թեստ հանձնած լինես, թե չէ թույլ չեն տա: Ինքնաթիռ նստելուց 48 ժամ առաջ արվում է թեստ, որն արժե 15 եվրո: Եթե առողջապահական ապահովագրություն ես ուզում, կտան, բայց դա, օրինակ, կորոնավիրուսի ծախսերը չի ծածկում»,- մանրամասնեց իտալաբնակ Էդգարը:
Ստեփանն էլ հայտնեց, որ ԱՄՆ-ում թեստավորելը պետությունն իր վրա է վերցնում, սակայն այստեղ մի խնդիր կա: Եթե 15 րոպեից ես ուզում թեստի պատասխանը ստանալ, ապա պետք է վճարես, եթե ոչ՝ ստիպված ես սպասել 1-2 օր:
«Իսկ պարտադիր պատվաստվելու առումով վեճեր են գնում: Համալսարաններին սկսել են պարտադրել, դպրոցներում էլ ծնողները դեմ են»,- նշեց նա:
Ավստրալիայում էլ շուտով խանութներ և ռեստորաններ գնալը կամ ճանապարհորդելը հասանելի կլինի միայն ամբողջությամբ պատվաստված անձանց համար:
Անի Կարապետյան