Արդյո՞ք վիրուսն ախտահարում է արական սեռական օրգանները։
Վիրուսն այնքան հեշտությամբ չի թափանցնում տղամարդու ամորձիներ, որքան` թոքեր կամ աղիներ։ Ներթափանցումը հնարավոր է միայն արյան միջոցով, իսկ դա կարող է տեղի ունենալ միայն թոքային հյուսվածքների արտահայտված ախտահարման դեպքում, այսինքն, հիվանդության ծանր ընթացքի ժամանակ։
Ներկայում հրապարակված են գիտական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ վիրուսեմիան (արյան մեջ վիրուսի հայտնաբերումը) հազվադեպ է հանդիպում։ Ամորձին կառուցված է այնպես, որ մանրէների և վիրուսների համար չափազանց դժվար է արյան միջից ներթափանցել ներքին միջավայր, քանի որ հեմատոտեստիկուլյար պատնեշն օժտված է ակտիվ հակավիրուսային պաշտպանությամբ։
Ըստ չինացի և ամերիկացի գիտնականների, հիվանդ տղամարդկանց սերմնահեղուկում վիրուսը կարող է հայտնաբերվել ինչպես հիվանդության սուր շրջանում (հետազոտվողների մոտավորապես 15%-ի մոտ), այնպես էլ ապաքինման շրջանում (հետազոտվողների 8%-ի մոտ)։ Սակայն ներկայում տվյալներ չկան այն մասին, թե որքան երկար կարող է վիրուսը պահպանվել էյակուլատում` ապաքինումից հետո։
Արդյո՞ք COVID-19-ն ազդում է սերմնաբջիջների հասունացման վրա։
Տղամարդու մոտ սպերմատոգենեզի ցիկլը կազմում է 75 օր։ Չափազանց քիչ ժամանակ է անցել այդպիսի գնահատականի համար։ Տղամարդու ամորձում գործում է պաշտպանության բարդ կազմակերպված համակարգ, որն, ի սկզբանե, կանխում է իմունային բջիջների ներթափանցումը սերմնատար խողովակ, որտեղ հասունանում են սերմնաբջիջները։
Այնուամենայնիվ, այն գործոնները, որոնք անմիջականորեն կապված չեն սպերմատոգենեզի բջիջների վրա վիրուսի ազդեցությամբ (բարձր ջերմություն, ինտոքսիկացիա, հակաբիոտիկների և հակավիրուսային պատրաստուկների նշանակում, հիպօքսիա), այնուամենայնիվ սպերմատոգենեզի վրա ունեն իրենց բացասական ազդեցությունը։
Նոր կորոնավիրուսը փոխանցվու՞մ է սեռական ճանապարհով։
Կան վիրուսներ, որոնք ընկնելով մարդու օրգանիզմ՝ ապրում են այնտեղ տարիներով և տասնյակ տարիներով, օրինակ ՄԻԱՎ-ը, հեպատիտ С-ի, հերպեսի վիրուսը, ցիտոմեգալովիրուսը։
Նոր կորոնավիրուսի վերաբերյալ այդպիսի տեղեկատվություն առայժմ չկա։ Սակայն բոլոր կորոնավիրուսները, որոնց հետ նախկինում առնչվել է մարդը, օրգանիզմից ամբողջությամբ հեռացվում էին (չէին հայտնաբերվում)։ Ներկայում սեռական ճանապարհով կորոնավիրուսի փոխանցման մասին տեղեկատվություն չկա։
Ինչպե՞ս COVID-19-ով հիվանդացած տղամարդը հասկանա, որ իր մոտ սկսվել է պտղաբերության ֆունկցիայի խանգարում։
Պտղաբերության ֆունկցիայի խանգարման մասին կվկայեն սեռական հակվածության նվազումը, սերմնահեղուկի ծավալի պակասելը, ինչպես նաև` արյան մեջ տեստոստերոնի մակարդակի նվազումը։ Արյան հետազոտությամբ դիտվում է ինհիբին B-ի նվազում, որն արտադրվում է սպերմատոգենեզին մասնակցող բջիջների կողմից, ֆոլիկուլխթանիչ հորմոնի բարձրացում, ամորձիների ծավալի նվազում և այդ շրջանում ցավերի առաջացում` հիվանդության ժամանակ։
Բացի այդ, հնարավոր է պաթոսպերմիայի առաջացում (փոփոխություններ սպերմոգրամայում՝ սերմնաբջիջների քանակի, շարժունակության և ձևաբանության նվազում)։
COVID-19-ից հետո տղամարդկանց մոտ սեռական ֆունկցիայի խանգարման ինչպիսի՞ ռիսկեր կան։
Տարած վիրուսային վարակից հետո ասթենիան կարող է բերել լիբիդոյի (սեռական հակման) նվազման։ Այստեղ կարևոր է վերականգնողական շրջանը, որակյալ սնուցումը, հանգիստը, ֆիզկուլտուրան, վիտամինները և բավարար քունը։
Կա ուշադրության արժանի ևս մեկ փաստ։ Թոքային հյուսվածքի արտահայտված ախտահարման դեպքում զարգանում է ֆիբրոզ, ինչը նվազեցնում է արյունը օքսիգենացնելու թոքերի ունակությունը։ Հայտնի է, որ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությամբ պացիենտների մոտ կա էրեկցիայի խանգարում, ընդ որում, այն պայմանավորված է հիպօքսիայով և թոքերի ֆունկցիոնալ ծավալի նվազմամբ։
Եթե վիրուսն, այնուամենայնիվ, ախտահարում է ամորձին, այն կարող է նվազեցնել Լեյդիգի բջիջների պոպուլյացիան, որոնք արտադրում են հիմնական արական հորմոնը՝ տեստոստերոնը։ Բացի այդ, տեստոստերոնի նվազումը բերում է սեռական խանգարումների, էրեկցիայի որակի նվազեցման, նյութափոխանակային խանգարումների, ճարպակալման։
Ի՞նչ անել այդ դեպքում։
Պետք է հետազոտվել (ինհիբին B, ֆոլիկուլխթանիչ հորմոն, տեստոստերոն, լյուտեինացնող հորմոն, թիրեոտրոպ հորմոն, սպերմոգրամա, MAR թեստ, ամորձապարկի ՈՒՁՀ՝ ամորձիների ծավալի որոշմամբ)։ Տարած COVID-19 վարակից հետո տղամարդու վերարտադրողական ֆունկցիան նպատակահարմար է գնահատել ապաքինվելուց առնվազն երեք ամիս հետո։ Խանգարումների հայտնաբերման դեպքում թեստերն անհրաժեշտ է կրկնել ապաքինումից 6 և 12 ամիս հետո։