Բերանի տհաճ հոտը կարող է մատնանշել մի ամբողջ շարք հիվանդությունների մասին, հավաստիացնում է գաստրոէնտերոլոգ Սվետլանա Մարովան։
Նրա խոսքով՝ սովորաբար բերանի հոտը գրեթե չի զգացվում հիգիենայի ստանդարտ կանոնների պահպանման դեպքում։ Իհարկե, որոշ տեսակի մթերքների օգտագործման պատճառով այն կարող է փոխվել ոչ երկար ժամանակով։
«Իսկ եթե նկատել եք ավելի երկարատեւ փոփոխություններ եւ վատ հոտ, ապա դա կարող է վկայել հիվանդության առաջացման մասին»,- ասել է Մարովան «Հինգերորդ ալիքի» հարցազրույցում։
Նրա խոսքով՝ հոտի երկարատեւ փոփոխման հիմնական պատճառները վարակիչ հիվանդություններն են կամ նյութափոխանակության խանգարումը, կամ օրգանների աշխատանքի խաթարումը։ Ամենից հաճախ հանդիպող հիվանդություններից բժիշկն առանձնացրել է բերանի խոռոչի, վերին շնչուղիների եւ մարսողական համակարգի հիվանդությունները։
«Բերանի հոտի առաջացման պատճառներից կարելի է նշել մի քանիսը. առաջին տեղում ատամների ամբողջականության խախտումն է, ինչպես նաեւ լնդերի, բուն ատամնախորշի բորբոքումը։ Դա (հոտը՝ «ՌԻԱ «Նովոստի») կարող է լինել նաեւ սինուսիտի, տոնզիլիտի նշան։ Աղեստամոքսային տրակտի հիվանդությունները, հատկապես այնպիսի վիճակները, ինչպիսին է գաստրոէզոֆագելային ռեֆլյուքսային հիվանդությունը (ԳԷՌՀ), որը, որպես կանոն, ուղեկցվում է ստորին կերակրափողի սֆինքտերի անբավարարությամբ, նույնպես կարող են լինել բերանի վատ հոտի առաջացման պատճառ»,- նշել է թերապեւտը։
ԳԷՌՀ հետեւանքներ կարող են լինել այրոցը, կլլման ռեֆլեքսի խանգարումը եւ անգամ ձայնալարերի վնասվելը։ Այս հիվանդության հաղթահարմանը կարող է օգնել հատուկ սնունդը՝ տապակած, սուր եւ յուղոտ սննդի, ինչպես նաեւ քաղցրի, գազավորված ըմպելիքների, սեւ թեյի եւ սուրճի բացառմամբ։