Ժամանակի ընթացքում այն կկարողանա ամբողջությամբ փոխարինել Միջազգային տիեզերական կայանը:
Blue Origin-ը հայտարարել է մինչև 2030 թվականը Orbital Reef կոչվող մասնավոր տիեզերակայան կառուցելու պլանների մասին: Այս նախագծի շուրջ այն կհամագործակցի Boeing-ի, Sierra Space-ի և մի շարք այլ ընկերությունների հետ:
Ըստ նախագծի հեղինակների՝ Orbital Reef-ի հեռանկարային հաճախորդներն են ազգային կառավարությունները, մասնավոր հատվածը, տարբեր ներդրողներ և տիեզերական զբոսաշրջիկներ։ Ի վերջո, կայանը կկարողանա կատարել նույն խնդիրները, ինչ Միջազգային տիեզերական կայանը, որը նախատեսվում է շահագործումից հանել 2028-2030 թվականներին:
Blue Origin-ը կմշակի Orbital Reef մի քանի մոդուլներ և New Glenn ծանր հրթիռը, որը դրանք կտեղափոխի տիեզերք: Դրա փորձնական գործարկումը նախատեսվում է 2022 թվականի վերջին։ Boeing-ը պատասխանատու կլինի կայանի շահագործման և պահպանման համար, ինչպես նաև կտրամադրի գիտական մոդուլներ և Starliner պարկուճ՝ մարդկանց և բեռներն ուղեծիր դուրս բերելու համար:
Sierra Space-ը պատրաստում է խոշոր ինտեգրված ճկուն միջավայր (LIFE) ընդարձակվող մոդուլներ, որոնք կսնուցեն Orbital Reef-ի հիմնական բնակելի տարածքները: Այն նաև կտրամադրի Dream Chaser բազմակի օգտագործման տիեզերանավը, որը կարող է օգտագործվել նաև բեռների և անձնակազմի տեղափոխման համար:
Կայանը կկարողանա ընդունել մինչև 10 մարդ։ Գործարկման ժամանակ դրա ներքին ծավալը կկազմի մոտավորապես 830 խորանարդ մետր (համեմատության համար նշենք, որ ՄՏԿ-ն ունի 916 խմ): Ժամանակի ընթացքում Orbital Reef-ը կաճի և կզարգանա՝ առաջարկելով տարբեր հետազոտական հնարավորություններ գործընկերների համար ամբողջ աշխարհից: Ըստ Blue Origin-ի՝ կայանը կկարողանա առաջարկել ծառայությունների գրեթե ցանկացած տեսակ:
Ապագայում Orbital Reef-ը կարող է ֆինանսավորում ստանալ NASA-ից, որը հետաքրքրված է ծերացող ՄՏԿ-ի այլընտրանքների մշակմամբ:
Սիրարփի Աղաբաբյան