Պատվաստված մարդկանց մոտ COVID-19-ը հիմնականում ավելի մեղմ է ընթանում, քան նրանց մոտ, ովքեր չեն պատվաստվել։ Այս մասին հայտարարել են Վիդորվե հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի գլխավոր բժիշկ, պրոֆեսոր Թոմաս Բենֆիլդը եւ Օրհուսի համալսարանի իմունոլոգիայի պրոֆեսոր Ռուն Հարթմանը (Դանիա):
Ըստ Danmarks Radio-ի` եթե լիովին պատվաստված մարդիկ այնուամենայնիվ վարակվում են, դա կոչվում է «բեկումնային վարակ»: Այդ դեպքում պատվաստվածների մոտ կարող են այնպիսի ախտանիշներ նկատվել, ինչպիսիք են գլխացավը, հազը, կոկորդի ցավը եւ փռշտոցը: Ջերմությունը եւ հոտառության կորուստն ավելի քիչ են հանդիպում:
Ինչպես նշել է Հարթմանը, նույնիսկ պատվաստված մարդկանց մոտ է հիվանդության տարբեր աստիճանի ծանրություն հանդիպում՝ թեթև «մրսածությունից» մինչեւ մահ: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, պատվաստված մարդկանց մոտ լուրջ բարդություններն ավելի քիչ հավանական են, քան չպատվաստվածների մոտ:
Պրոֆեսորը նշել է, որ հիվանդության ընթացքի արագությունը մեծապես կախված է կոնկրետ պատվաստանյութից եւ մարդու օրգանիզմի առանձնահատկություններից, ինչպես նաեւ` նրա տարիքից։ Նրա խոսքով` մասնագետները նկատել են, որ 70-ն անց հիվանդների մոտ դեղերի արդյունավետությունը նվազում է 6 ամսից հետո, եւ եթե նրանք եւս մի պատվաստում են ստանում, ապա կլինիկական բարելավում է նկատվում:
Միեւնույն ժամանակ, ամբողջությամբ պատվաստված հիվանդները, ովքեր վարակվում են COVID-19-ով, կարող են վարակը փոխանցել ուրիշներին, եւ ուստի կարեւոր է հիվանդության առկայության թեստ հանձնել, պնդում է Բենֆիլդը: Նա բացատրել է, որ ախտանիշներ ունեցող մարդկանց մոտ քթի եւ կոկորդի մեջ ավելի շատ վիրուս կա, ինչը նրանց ավելի վարակիչ է դարձնում: