Թե ինչպես Դ. Դեմիրճյանը աղջիկ փախցրեց 46 տարեկան հասակում
Advertisement 1000 x 90

Թե ինչպես Դ. Դեմիրճյանը աղջիկ փախցրեց 46 տարեկան հասակում

Հայ նշանավոր գրող Դերենիկ Դեմիրճյանին շատ դժվար պիտի լինի դասել այն հանրահայտ մարդկանց շարքին, ովքեր հանրությանը հայտնի են իբրև «աղմկոտ» անհատներ: Սկանդալները, սիրային «ասպատակությունները», գինարբուքներն ու զանազան խենթությունները ոչ մի կերպ չեն ներդաշնակում նրա մարդկային նկարագրի հետ ու չեն «զարդարել» նրա գրողական կյանքը:

Բայց և այնպես, Դեմիրճյանի կյանքում էլ կան քիչ հայտնի դրվագներ, որոնք կարճատև բռնկումների նման գալիս են խզելու նրա արտաքուստ միապաղաղ օրերի շղթան և հերթական անգամ վկայելու, որ անքննելի են հոգու և հույզերի աշխարհները:

Այդպիսի մի պատմություն տեղի է ունեցել 1920-ական թվականների սկզբին: Ճիշտ է, պատահածի մասին չափազանց քիչ բան է հայտնի, սակայն պահպանված տեղեկություններն ու վավերագրերը թույլ են տալիս շարադրելու նրա անձնական արկածի այդ դրամատիկ դեպքերի հակիրճ ժամանակագրությունը:

1920 թվականը Դերենիկ Դեմիրճյանի կյանքում ընտանեկան դժբախտություն տարի էր: Վախճանվեց գրողի սիրելի կինը` Մարիամը, որի հետ ապրել էր տասը տարի: Որբացած ու մայրական խնամքից զրկված Վիգեն որդին, որ նաև հիվանդ էր, դարձավ Դեմիրճյանի ողջ ժամանակի և ուշադրության տերը: Այդ օրերին նրանք ապրում էին Թիֆլիսում, և երեխայի հոգսն իր ուսերին էր վերցրել գրողի ավագ քույրը` Վարսենիկը: Այս անձնազոհ կինը հնարավոր ամեն բան անում էր հոգալու երեխայի բոլոր կարիքները, խնամելու նրան` դրա հետ մեկտեղ հնարավորություն ստեղծելով եղբոր համար զբաղվելու գրական աշխատանքով: Սակայն նրբազգաց հոր համար դա մխիթարանք չէր, և նա այդպես էլ երկար ժամանակ չէր կարողամում վերագտնել ոչ իր հոգու անդորրը և ոչ էլ ամբողջապես տրվել ստեղծագործական աշխատանքին: Այդ այն ժամանակներն էին, երբ Հայաստանի իշխանությունները հորդորում էին նրան վերադառնալ Երևան, ստանձնել կարևոր ու պատասխանատու պաշտոններ, միայն թե Դեմիրճյանի համար դժվար էր կտրուկ որոշումներ կայացնելն ու մեկնելը:

Իսկ իրականությունն այն էր, որ նա ապրում էր չափազանց սուղ պայմաններում, մշտապես աշխատանք որոնելու և ապրուստի միջոցներ հայթայթելու մտատանջությամբ:

Եվ ահա 1923 թվականի ամռանը նա հրավեր է ստանում հայկական դպրոցների ուսուցիչների երկամսյա դասընթացների ղեկավար Հովհաննես Պողոսյանից` ստանձնելու արվեստի պատմության ու գրականության դասատուի գործը: Դիմիրճյանն անմիջապես համաձայնում է:

Նա դեռ չգիտեր, որ այդ նոր աշխատավայրում իրեն սպասում էր մեծագույն անակնկալը: Հենց այս հարկի տակ էլ ամառային մի խաղաղ օր նա առաջին անգամ տեսավ Մարիային:

Մարիա Միխայիլովնա Ումուդանովան ռուսաց լեզվի ուսուցչուհի էր Թիֆլիսին մոտ գտնվող Բելի Կլյուչ (հետագայում` Թեթրի Ծղալո) ավանում: Նա կրթված, գեղեցիկ, հոգատար կին էր, ամուսնացել էր նույն դպրոցի վարիչի հետ և զավակ ուներ: Սակայն սկզբնական հանդիպման տպավորությունն այնքան վառ էր ու անջնջելի, որ Դեմիրճյանն առաջին իսկ պահից նույնիսկ հիշել չէր ուզում մնացած հանգամանքների մասին:

Հիմա նա անընդմեջ պատրվակներ էր որոնում Մարիային կրկին տեսնելու, նրա հետ գոնե հպանցիկ զրույցի համար: Հրապուրանքը վաղուց դարձել էր խորը զգացմունք, դարձել էր տառապանք ու մտասևեռում` մոռացման տալով աշխատանք, ընտանիք, գրական կյանք, դժվարություններ…

Ամառն անցավ, դասընթացներն ավարտվեցին, և այդ օրերին նրա կայացրած վճիռն այլևս անբեկանելի էր. Մարիան պիտի լիներ իր կինը: Սակայն ինչպե՞ս դա անել, ինչպե՞ս իրականացնել մի ցանկություն, որը համարյա անհնարին էր, և դեռ` վտանգներով ու ծանր հետևանքներով հղի: Հազիվ թե որևէ մեկը աջակցեր իրեն, խրախուսեր իր որոշումը, չդարձներ հանդիմանության ու նախատինքի թիրախ:

Բայց արի ու տես, որ այդպիսի մեկը գտնվեց: Եվ դա ոչ այլ ոք էր, քան… Եղիշե Չարենցը:

Դերենիկ Դեմիրճյանը Չարենցին ճանաչում էր դեռևս 1920 թվականի սկզբներից, երբ միասին աշխատում էին Հայաստանի Լուսավորության նախարարությունում: Չնայած տարիքային տարբերությանը, նրանք շատ արագ մտերմացան, և այդ անկեղծ հարաբերությունները պահպանեցին նաև հետագայում, թեև նախկինի պես հաճախ չէին հանդիպում: Եվ այժմ Չարենցը Թիֆլիս էր եկել, ու Դեմիրճյանը որոշեց ամեն ինչ պատմել Չարենցին:

Չարենցը նրան լսեց և ապա առաջարկեց իրենց ծրագրի իրագործման միակ միջոցը. Մարիային պետք է փախցնել:

46-ամյա Դեմիրճյանի համար առաջին հայացքից չափազանց դժվար էր պատկերացնել իրեն երիտասարդ տղայի դերում, որ պիտի դիմեր նման արարքի: Բայց, ինչպես ասում են, սերը ոչ միայն կուրացնել, այլև խենթացնել կարող է մարդուն: Եվ նա առանց երկար-բարակ մտածելու համաձայնեց կրտսեր ընկերոջ առաջարկին: Որոշեցին այդ մասին տեղյակ պահել նաև դասընթացների ղեկավարին` Հովհաններս Պողոսյանին:

Բանաստեղծուհի Հռիփսիմե Պողոսյանը, որ Հովհաննեսի կինն էր, հետագայում պիտի այսպես վերհիշեր այդ այցելությունը: Աշնան օրերից մեկն էր, երբ Դեմիրճյանն ու Չարենցը այցելեցին իրենց: Մի փոքր նստելուց հետո նրանք սկսում են խոսել Մարիայի մասին և ապա հայտնում իրենց որոշուման մասին: Տանտերերն անակնկալի են գալիս, աշխատում են նրան ետ կանգնեցնել այդ քայլից, բայց Դեմիրճյանը զայրացած վեր է կենում ու ասում է Չարենցին.

— Գնացինք, Եղիշ… Կտեսնես, Վանյա, որ ես ու Եղիշը կփախցնենք նրան, անպայման կփախցնենք…

Իսկ թե ինչ է լինում հետո, ավելի լավ է լսենք հենց «քաջագործության» հեղինակից: Բանն այն է, որ երջանիկ պատահականությամբ պահպանվել է մի նամակ` հասցեագրված գրող Վահան Թոթովենցին: Այս նամակում, որ թվագրված է 1923թ. հոկտեմբերի 29-ի ամսաթվով, այսինքն այն բանից հետո, երբ մտադրությունն արդեն իրագործված էր, Դեմիրճյանը սիրտը բացում է ընկերոջ առաջ և նրան անկեղծորեն պատմում իրենց արկածի մասին: Ահա մի հատված այդ խոստովանությունից.

«Սիրելի Վահան, քեզ նամակ չգրելուս պատճառը այնքան էլ ծուլությունը չի եղել, որքան այն փոթորկալի հոգեկան վիճակը, որ ապրել եմ այս երեք ամիսը: Երբ պատահենք, մանրամասն կպատմեմ քեզ դա, միայն շատ կխնդրեի, որ մեջդ պահես և, երկրորդ, մի քիչ թափանցիկությամբ նայես խնդրի վրա` խուսափելու համար այն, կոմիկ ասեմ, թե ինչ` տպավորությունից, որ կարող ես ինձնից ստանալ այս րոպեից: Ես էլ եմ ծիծաղում, բայց ոչինչ չեմ կարող անել: Այդ այդպես է: Մի կնիկ փախցրի ամառանոցից: Սա է ամբողջը: Բայց ինչ դժվարություններով ու վտանգներով: Պատմությունը (մրցումը իմ և նրա անուսնու մեջ) շարունակվում է, բայց գլխավորը արի, և հիմի երկրորդ շրջանն եմ ապրում` ձեռքումս պահելու: Կինը ռուս է, և ամուսինը` Բելի Կլյուչի դպրոցների վարիչը, հույն, սարասափելի խանդոտ և բռնակալ արարածի մեկը:

Ամառս տեսա թե չէ կնոջը` միտքս փոխվեց. ասի` պիտի փախցնեմ: Ճիշտ է, մտադրությունս կատարեցի, բայց մանրամասնությունները այնքան տանջալից էին, և այդ կնոջը մարդու ձեռից դուրս քաշելը կապված էր այնպիսի անդիմադրելի խոչընդոտների հետ, որ գլուխս վտանգի մեջ էր միանգամայն. դա ոչինչ, անհնարին էր գործը գլուխ բերելը: Դրան հակառակ էին բոլորը` մեր Վարսենիկից սկսած մինչև ծանոթներս, կնոջ ամուսինը (բնականաբար), կնոջ քույրերը, հայրը, հարազատները և, ամեն բանից հետո… իմ նյութական նեղ վիճակս, երբ հարկ եղավ գիշերը ավտոմոբիլ վարձել, գնալ կնոջը փախցնելու` այստեղից Բելի Կլյուչ ձգվող դժվար ճամփաներով: Շոֆերները գլխի ընկան, որ կարող է կրակոցների հարկ լինել, հրաժարվեցին գալու: Ստիպված եմ եղել կնոջը փախցնելու հենց իր քրոջ միջոցով, որը ինձ հակառակ էր: Հիմի կինը այստեղ է` իր հինգ տարեկան երեխայի հետ, և ապրում է իր քույրերի մոտ: Չգիտեմ, կարիք կա քեզ էլ բացատրելու այն հոգեկան վիճակը, որ ապրում եմ հիմա: Ամուսինը գյուղից գաղտնի եկել է այստեղ և հետապնդում է մեզ. կնոջ հարազատները ստիպում են նրան գնալ Բաքու, հոր մոտ (որպեսզի ինձնից բաժանեն համոզելով և այլն), կինը չի գնում, բայց ծանրացած է քույրերի վրա: Ուրեմն` խնդիրը ես պիտի վճռեմ:

Պարզապես դրամ է պետք, և իմ ներկայությունը այստեղ, մինչև կարգադրեմ գործը: Կինը դեռ օրինական ձևականություններ ունի ամուսնալուծության հարցում և զավակը ամուսնուց խլելու` դատի մեջ: Ես պիտի օգնեմ, այլապես ինչացո՞ւ էր իմ այսքան մեծ փոթորիկը, որ բարձրացրի`մի կնոջ սիրտը մտնելով և ընտանիքը քայքայելով: Բացի այդ, կապված ենք իրար հետ… Այս հոգեկան վիճակով ո՞ւր գնամ, ինչպե՞ս գամ Երևան…. Այս ընդհանուր ալեկոծությունների մեջ հիվանդացավ Վարսենիկը և հիմա վատ կացության մեջ է, նրան բերել չեմ կարող, որովհետև նա էլ կապված է Վիգենի հետ, որին պիտի տամ այստեղի հետամնացների մանկապարտեզը: Երեխան սկսել է նոր-նոր բացվել, արդեն նկարում է, քիչ-քիչ խոսում է: Տունը քանդել ու գալ, անմիտ բան է, իսկ երկու տուն ունենալը` դժվար:

Ուրեմն հասկանալի պիտի լինի, որ լինել Երևանում կարող եմ, բայց ապրել, գոնե այս ձմեռ, չեմ կարող: Թերևս մինչև հունվար հանգամանքները այնպես դասավորվեն, որ «կնոջս» հետ գամ մի քիչ երկար մնալու: Պետք է ասել, որ նա շատ կուզենար ամուսնուց հեռու մի տեղ քաշվել, դեմ չէ Երևանին էլ, բայց դեռ անկարող է գալ վերոհիշյալ պատճառներով:

Շտապ եմ գրում, և կարևոր մտքեր բաց եմ թողնում: Ամենակարևորը իմ այդտեղ չգալու պատճառը, այնքանով բացատրիր ուրիշների մոտ, որքան վերաբերում է Վիգենի և քրոջս արգելքներին, որ կա: Մնացածը չեն հասկանա, կարիք չկա և մինչև անգամ գործս կփչացնի: Իհարկե, եթե մարդիկ մի քիչ նուրբ լինեն և մի րոպե մտածեն, որ գործ ունեն գրողի հետ, որի արտադրության գործիքը իր սիրտն է և այդ սիրտը չի կարելի պարտադրությունների հետ կապել, և որ այն ժամանակ է ստեղծում, երբ գալիս է նրա կապրիզը, և որ այդ կապրիզը ինքն էլ չգիտե, թե երբ և ինչպես է գալիս` ինձ չեն պարտադրի, որ Երևան գամ…»:

Ահա, ընդհանուր գծերով այսպիսին էր Դեմիրճյանի կացությունն այն օրերին: Ի դեպ, Հռիփսիմե Պողոսյանը պնդում է, թե իրականում ոչ մի կին փախցնել էլ չի եղել, Մարիան ինքն է իր ոտքով եկել Դեմիրճյանի տուն: Գուցե այդպես է, գուցե` ոչ: Բայց սա արդեն էական չէ: Կարևորն այն է, որ գրողին ի վերջո հաջողվեց ամուսնանալ Մարիա Ումուդանովայի հետ: Շատ չանցած` նույնիսկ նրանք, ովքեր կտրականապես դեմ էին այս միությանը, ոչ միայն հաշտվեցին իրականության հետ, այլև գնահատեցին այդ կնոջ առաքինությունները, նրա նվիրվածությունը թե Դեմիրճյանին, թե գրողի հարազատներին:

Իսկ որպեսզի մեր պատմությունը թերի չմնա, ասենք նաև, որ հին վերքերն, այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ հիշեցնում էին իրենց գոյության մասին: Դրա վկայությունն է ևս մի նամակ` գրված արդեն 1939 թ. սեպտեմբերին: Դեմիրճյանն այն հասցեագրել է Հակոբ Խաչատրյանին: Ինչ-որ բան կարծես թե այնպես չի ընթացել, ինչպես հարկն էր, վրա է հասել միառժամանակ բաժանված լինելու պահը, սակայն տարածությունը ներգործություն չունի զգացմունքների վրա, և գրողը հեռվից հեռու ապրում է նրա հետ, փորձում է վերստին վերադարձի ու հաշտության եզրեր գտնել: Հենց այս լարված, հակասական տրամադրությունների արգասիքն էլ նրա նամակն է, որից ներկայացնում ենք կարճ հատվածներ.

«…Խնդիրը նրանում է, որ չեմ կարողանում կարգի գցել նամակագրության և հեռագրելու գործը: Նամակ և հեռագիր ուղարկել եմ իրենց տան հասցեով: Նա ասում էր, որ կարող եմ վստահորեն ուղարկել, ամուսինը չի կարդում կամ չի խանգարի: Իսկ ես կարծում եմ, որ կխանգարի, և եթե ձեռն ընկնի նամակ կամ հեռագիր, առնվազն չի հանձնի: Բաքվից ուղարկել եմ նամակ և հեռագիր: Հեռագիրն ստացել է, իսկ նամակը չգիտեմ: Առակս այն ցուցանե, որ, խեղճ իմ Հակոբ, վրադ մի պարտականություն պիտի դնեմ: Մի երկու օր էլ կսպասեմ, և եթե նշաններ լինեն, որ նամակս տեղ չի հասել, քո հասցեով պիտի ուղարկեմ: Շատ եմ խնդրում, չմերժես և օգնես ինձ այս գործում: Նամակը հանձնելիս կասես. «Դերենիկն ինչ-որ պատմվածքներ է ուզում ուղարկել Ձեզ, և դրա մասին է գրում երևի…»: Հետո, խնդրում եմ, խոսակցություն ունեցիր իմ և իրա մասին, և ինչ որ կասի, ինձ հայտնիր: Մենք բաժանվեցինք շատ մտերիմ: Նա ինձ հեռագիր ուղարկեց Բաքու, բայց ահա մինչև այսօր նամակ չունեմ: Շատ եմ կասկածում, որ ամուսնու հետ վեճ է պատահել… Այդ դու կզգաս խոսելիս: Կսպասեմ նամակիդ:

…Ինձ թվում է, թե նամակս ընկել է ամուսնու ձեռը և նրան չի հանձնել, նա էլ կորցրել է հասցես: Դու այնպես տար խոսակցությունը, որ իբրև իմ և նրա հարաբերությունը իմ գրվածքներիս խմբագրելու մեջ է, նա այդ հողի վրա կարող է քեզ հետ անկեղծ խոսել և անհարմարություն չզգալ: Ուստի և հարցրու, թե ստացե՞լ է նամակս: Եթե չի ստացել` տուր հասցես: Այս մասին ինձ գրիր….»:

Ժամանակը բուժում է վերքերը: Շատ չանցած` ամեն բան վերադառնում է իր հունը: Իսկ հետո նրանք պիտի ապրեին համերաշխ կյանք` դժվարություններով և ուրախություններով, վերելքներով ու անկումներով: Մարիան մշտապես մնաց ամուսնու նվիրյալ աջակիցն ու օգնականը: Իսկ Դեմիրճյանի մահից հետո տնօրինեց նրա հարուստ արխիվը` սերունդներին փոխանցելով գրողի գրական ժառանգությունը, որ ծնվել էր տառապանքով, երբեմն պարզապես մարդկային կարողություններից վեր ջանքերի գնով, սակայն սիրով: Մեծ սիրով:

ՀովիկՉարխչյան