Աճառյանին КГБ ում հարցաքննելիս, քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է եւ քննիչը ամեն լեզվի դիմաց նշել է տվյալ երկրի լրտես։ Երբ հերթը հասել է թուրքերենին, խնդրել է._
-Ինչ կուզեք գրե՜ք, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՛ գրեք…
Եթե խոնարհվել` միայն գիտելիքի ու հանճարի առաջ
. ……..
ՀՐԱՇՔԸ
….Գերմանիայից ինչ-որ պատվիրակություն էր եկել, և թարգմանիչ էր պետք: Թախանձագին խնդրում էին գալ: Դժկամությամբ պոկվեց գործից ու գնաց: Երբ այդ հանդիպումն ավարտվեց, հյուրերից մեկը հետաքրքրվեց թարգմանչի ազգությամբ:
– Հայ եմ, զտարյուն հայ,– ասաց:
– Բայց դուք գերմաներեն խոսում եք զարմանալիորեն վարժ:
– Պարզապես ձեր լեզուն իմանալը յուրաքանչյուր կիրթ մարդուն օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Դուք ամենատարբեր բնագավառներում այնպիսի գլուխներ եք տվել, որ նրանց աշխատությունները բնագրով կարդալը հանրագիտարանային գիտելիքներ կարող է պարգևել մարդուն:
Այս հանդիպումից երկու շաբաթ էր անցել: Հայաստանից պատվիրակություն պետք է մեկներ Ֆրանսիա: Թարգմանիչը նորից նա է: Ֆրանսիացիները, որոնց շատ դժվար է որևէ բանով զարմացնել, բերանները բաց հետևում էին հայ թարգմանչին: Նման մաքուր ֆրանսերեն, մանավանդ բառապաշարի հարստություն, նրանք, անկասկած, չէին սպասում: Հանդիպման հիմնական թեման մոռացած նրանք անցան լեզվի հարցերին, և թարգմանիչը ապշեցրեց բոլորին:
– Ներեցե՛ք,– նրան է դիմում ֆրանսիացիներից մեկը, որ, հավանաբար, լեզվի մասնագետ էր,– պատահաբար ձեր արմատները մեր հողո՞ւմ չեն ծլարձակել:
– Ո՛չ,– կարճ պատասխանում է թարգմանիչը, ապա ավելացնում է,– իմ արմատները իմ հարազատ Հայաստանի հողում են ծլարձակել:
Օրեր անցան … : Երեկոյան ժամ էր, երբ զանգեցին և հրավիրեցին քաղաքային կոմիտե: Լոնդոնից պաշտոնական գրություն էր եկել, շտապ պետք է թարգմանվեր և պատասխան ուղարկվեր: Անգլերեն նա գիտեր համարյա մայրենիի նման, չնայած քիչ էր գործածում: Բնագրից Շեքսպիր էր կարդում, Բայրոն: Իսկ իռլանդացի Բեռնարդ Շոուն նրա սեղանի գիրքն էր: Ինչ որ պետք է, անում է, անգամ քերականական մի քանի ուղղումներ կային բնագրում…
Բավական ժամանակ նրան չէին անհանգստացնում: … Բայց ահա նորից զանգ… ճոխ հյուրընկալություն էր կազմակերպվել տարբեր երկրներից Հայաստան ժամանած պաշտոնական անձանց համար: Եկել էին Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Իրանից, Հնդկաստանից… Եւ, պատկերացնո՞ւմ եք, հրավիրված էր ընդամենը մեկ թարգմանիչ: Ապշել միայն կարելի էր, թե թարգմանիչը ինչպես էր կարողանում այդ բոլոր օտար ազգերի լեզուները թարգմանել: Եթե մերոնց համար դա այնքան էլ զարմանալի չէր, լավ էին ճանաչում նրան, հյուրերը պարզապես ցնցված էին: Թարգմանիչը ոչ միայն թարգմանում էր, այլև իր կողմից հաճոյախոսություններ էր անում, անեկդոտներ պատմում, մեկը մյուսից իմաստալի կատակներ անում:
«Սա հրաշք է,– ասում էին:– Եթե Հայաստանի հողը նման հրաշքներ է ծնում, ուրեմն այդ հողը սուրբ հող է, ազնվացնող հող»:
Այդ հրաշքը մեր հանճարեղ լեզվաբան Հրաչյա Աճառյանն էր…
Շահեն Զաքարյան
Պավել Հակոբյանի էջից