Ինչո՞ւ է պետք վեց ամիսը մեկ վերապատվաստվել կորոնավիրուսի դեմ
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է պետք վեց ամիսը մեկ վերապատվաստվել կորոնավիրուսի դեմ

Բազմաթիվ երկրներում կորոնավիրուսի դեմ բնակչության զանգվածային պատվաստումների ֆոնին նաեւ վեց ամիս առաջ պատվաստանյութ ստացածների վերապատվաստում է իրականացվում։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, թե ում եւ ինչու է անհրաժեշտ խթանիչ դեղաչափը:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ Վերոնայի համալսարանի գիտնականներն ընտրել են 21-ից 75 տարեկան 787 բուժաշխատողների խումբ, ովքեր Pfizer/BioNTech պատվաստանյութի երկու դեղաչափ են ստացել։ Կամավորների հակամարմինների մակարդակը չափվել է նախքան պատվաստումը, երկրորդ բաղադրիչը ստանալուց հետո, ապա` պատվաստումից 1, 3 եւ 6 ամիս հետո: Հետազոտողները հատուկ տարբեր սեռերի եւ գրեթե բոլոր տարիքային խմբերի մասնակիցների են ընտրել՝ հակամարմինների տիտրի փոփոխության վերաբերյալ առավել ամբողջական տվյալներ ստանալու համար:

Ինչպես պարզվել է, հակամարմինների միջին ցուցանիշները զգալիորեն տարբերվել են՝ կախված սեռից եւ տարիքից. օրինակ՝ մինչեւ 65 տարեկան հիվանդների մոտ այդ մակարդակը կրկնակի բարձր է եղել, քան 65-ից բարձր մարդկանց մոտ: Կանայք ավելի շատ հակամարմիններ ունեին, քան տղամարդիկ, իսկ ամենաբարձր տիտրը դիտվել է մինչեւ 65 տարեկան կանանց մոտ: Հետազոտության հեղինակները ենթադրել են, որ կանայք կարող են ավելի լավ պաշտպանված լինել վարակից՝ էստրոգենի բարձր մակարդակի շնորհիվ, որը, ինչպես հայտնի է, ուժեղացնում է իմունային պատասխանները:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ 6 ամսից հետո հակամարմինների մակարդակն ավելի քան 50 տոկոսով իջել է բոլոր մասնակիցների մոտ՝ առանց բացառության, այդ թվում` ամենաերիտասարդների: Դա չի նշանակում, որ պատվաստանյութերն անարդյունավետ են, բայց քանի որ չեզոքացնող հակամարմինների տիտրը ժամանակի ընթացքում նվազում է, խթանող դեղաչափերի ներարկումը շատ կարեւոր է շարունակվող համավարակի պայմաններում, որոնք կպահպանեն իմունային պատասխանի համապատասխան մակարդակը:

news.am