Արարատի մարզում առաջիկայում կարող է պատմաճարտարապետական տուրիզմի հզոր այցեքարտ ավելանալ։ Լուսաշող համայնքում մոտ 1 ամիս առաջ սկսված պեղումների արդյունքում հողի հաստ շերտի տակ վանական մի ամբողջ համալիր է հայտնաբերվել։ Sputnik Արմենիան զրուցել է արշավախմբի անդամների հետ։
Գտան շատ ավելին, քան սպասում էին․ Լուսաշող համայնքում պեղումներ իրականացնող արշավախմբի անդամները մեկ նախադասությամբ այսպես են բնորոշում հնագիտական այն անակնկալը, որը բացվեց հեռացված հողաշերտի տակից։ 17-19-րդ դարերով թվագրվող Սուրբ Հովհաննես եկեղեցու կանգուն զանգակատան հարևանությամբ հույս ունեին գտնել ավերված եկեղեցու հիմքերը, բայց գտան ոչ միայն բավականին մեծ չափերի եկեղեցու մոնումենտալ կառույց, այլև մի ամբողջ վանական համալիրի հետքեր ու վկայություններ։ Պեղումներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը (արշավախմբի ղեկավար՝ Արտակ Գնունի) Հայ առաքելական եկեղեցու Մասյացոտն թեմի նախաձեռնությամբ (թեմը կազմավորվել է այս տարվա հունվարին՝ հայրապետական կոնդակով, առաջնորդ՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյան)։
Պեղման աշխատանքների ղեկավար, հնագետ Լևոն Մկրտչյանի խոսքով՝ սա ինստիտուտի և թեմի համագործակցության այս տարվա արդեն չորրորդ փորձն է։ Մինչ այդ կատարվել էին պեղումներ Ղուկասավանում, Մրգանուշում և Լանջանիստ գյուղի Սպիտակավոր եկեղեցում։ Քանի որ Լուսաշողի զանգակատունը, հետևապես նաև ինչ-որ ժամանակ կանգուն եղած եկեղեցին գտնվում են Օրբելյանների ժամանակաշրջանում հիմնադրված, ծաղկում ապրած Սպիտակավոր եկեղեցու և Սուրբ Կարապետ վանական համալիրի (Լուսաշող և Շաղափ գյուղերի մոտ) միջև, արշավախմբի անդամները ենթադրում էին, որ այստեղ էլ կարող է Օրբելյանների հիմնադրած կառույց լինել։
Լուսաշողում պեղումները սկսելուց առաջ ծրագրում էին մոտ 10 օրում ավարտել աշխատանքները, բայց գործուղումը շատ ավելի երկար տևեց։ Պեղումները սկսելու հենց առաջին օրերից հասկացան՝ ոչ թե 10 օրվա, այլ տարիների աշխատանքի նյութ կա։
Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am