Հայ հնագետները նոր վկայություններ են հայտնաբերել այն մասին, որ Երևանի ներկայիս Շենգավիթ վարչական շրջանի տարածքում 5000 տարի առաջ հնագույն բնակավայր է գոյություն ունեցել։ ՀՀ ԿԳՄՍՆ պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կազմակերպած հնագիտական արշավի ղեկավար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Սիմոնյանի խոսքով` աշխարհում երկրորդ նման մայրաքաղաք չկա, որի տարածքում ավելի քան 5000 տարվա պատմություն ունեցող քաղաք լինի։
«Քաղաքն առաջացել է վաղ բրոնզի դարաշրջանում, այն ժամանակ քաղաքն արդեն խիտ բնակեցված էր և կառուցապատված»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց Սիմոնյանը։
Մի փոքր Շենգավիթի մասին
Սիմոնյանը նշեց, որ վաղ բրոնզի դարում քաղաքային մշակույթն այստեղ ծաղկում էր ապրում։ Բերդապարիսպը, մոնումենտալ ճարտարապետությունը, արհեստավորների թաղամասերը, մթերքները պահելու համար 4 տոննա ծավալով հորերը (կառուցվածքի համաձայն` բնակավայրի միայն հյուսիսային հատվածում կարող էին մոտ 40 տոննա ցորեն պահել), մետաղագործական արտադրությունները, նրբաճաշակ զարդերը, չափերի և կշիռների միասնական համակարգը, փողը, անհավանական թվով գործիքները… Այս ամենը վկայում են զարգացած տնտեսության և առևտրի մասին։ Չի բացառվում, որ Հայաստանն այդ հեռավոր ժամանակներում ընդգրկված էր տարածաշրջանային նոր առևտրային համակարգի ոլորտում։
«Այս օրերին մեր կողմից ավարտին հասցվող արշավի նպատակը Շենգավիթի ֆենոմենն ապացուցելն է։ Պաշտամունքային շինությունները վկայում են այն մասին, որ այստեղ ամուր կրոնական հայացքներ և պաշտպանության կատարյալ համակարգ է եղել։ Իսկ դա կարող էր լինել միայն զարգացած և լավ կազմակերպված հասարակություններում», – ասաց Սիմոնյանը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am