Սիրադեղյանը, ճշմարտությունը, Հայաստանը. hraparak.am
Advertisement 1000 x 90

Սիրադեղյանը, ճշմարտությունը, Հայաստանը. hraparak.am

Նոյեմբերի 13-ը Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է: Այս տարվա նոյեմբերի 13-ը նաեւ ծննդյան 75-ամյակի օրն էր: Սիրադեղյանի մահվանից հետո աճյունը Հայաստան տեղափոխելու սագայի ընթացքում ծննդյան 75-ամյակը ինձ ամենահարմար առիթն էր թվում իր մասին գրելու, որովհետեւ չէի պատկերացնի, թե ծննդյան 75-ամյակին, մահկանացուն կնքելուց շուրջ 20 օր անց եւ ավելի անց դեռ աճյունը տեղափոխված չի լինի Հայաստան: Չգիտեմ ով ում մեղավոր համարեց, ինչ հանգամանքների վերագրեց աճյունի տեղափոխման հետ կապված արտառոց ձգձգումները, անձամբ ինձ համար մեծագույն մեղավորն այդտեղ թվում է Նիկոլ Փաշինյանը: Լավ, որքան անճարակ, հեղինակությունից եւ հարգանքից զուրկ պետք է լինես, որ չկարողանաս ուղիղ կամ միջնորդավորված կապ հաստատել մի այլ երկրի վարչապետի հետ եւ ընդամենը խնդրել, որ մի աճյունի տեղափոխման շուրջ ծագած խնդրի միջամտի, կարգավորի: Ամբողջ մի ամիս սեփական երկրի ամենաազդեցիկ ու նշանակալից քաղաքական-պետական գործիչներից մեկի աճյունը չկարողանաս հայրենադարձնել հայրենի՞ք: Փաշինյանի փոխարեն եթե հայտնի ասացվածքի գորտն էլ լիներ, որին վիրավորանքը կամ անպատվությունը անձրեւ է թվում, նման անճարակությունից ու անկարողությունից դարձյալ կամաչեր: Բայց դե, 3 տարի շարունակ Փաշինյանը անմեղսունակության, անհամարժեքության, ղեկավարելու եւ աշխարհի հետ հարաբերվելու անկարողության այնպիսի ամոթալի դրվագներ է արձանագրում, որ ինչի՞ց զարմանաս…

Ինչեւէ, անցյալ շաբաթ տեղեկություն տարածվեց, որ Սիրադեղյանի աճյունը վերջապես հասել է Հայաստան, ու թեեւ տարիներ առաջ ինչ-որ առիթով Սիրադեղյանը նույնիսկ գրել է, որ Հայաստան վերադառնալիս ամեն կերպ ջանալու է շրջանցել Երեւանը, դեկտեմբերի 3-ին Երեւանում կայանալու է իր հոգեհանգստի արարողությունը: Պատշաճ եւ տրամաբանական է, որ այնուհետ աճյունը ամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում: Թեեւ այդ պանթեոնում որքան ասես միջակություններ կան հուղարկավորված, այդուհանդերձ,կան նաեւ 20-րդ դարի Հայաստանի ականավոր անհատների շիրիմներ` մշակութային գործիչներից մինչեւ պետական այրեր, հետեւաբար՝ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հիմնադրած «Ղարաբաղ» կոմիտեի ամենավառ անհատներից մեկը, ում ծառայությունը Հայաստանին զիջում է երեւի միայն Տեր-Պետրոսյանի ծառայությանը, ենթադրելի է, որ հենց պանթեոնում հուղարկավորվի:

Սակայն, նույն հաջողությամբ Սիրադեղյանի աճյունը կարող է նաեւ այլ վայրում ամփոփվել: Այդ մարդն այնպիսի հիմնարար դերակատարություն ու հետք ունի 20-րդ դարի Հայաստանի պատմության մեջ, ինչպես եզակիներն են ունեցել, եւ հետեւաբար որտեղ էլ իր աճյունը ամփոփվի, ինչպես Լորդ Բայրոնն է մի բանաստեղծությունում ասել. «My epitaph shall’ be my name alone. …That only that shall single out the spot, By that remembered or with that forgot».
(Մոտավոր թարգմանությամբ. «Իմ տապանագիրը միայն իմ անունն է լինելու, Լոկ դրանով է իմ մարմինն ամփոփած հողն առանձնանալու, Իմ անվան շնորհիվ եմ ես միայն հիշվելու, կամ այդ անվամբ եմ մոռացվելու»):

Արդյոք Սիրադեղյանը հարյուրամյակներ հետո՞ էլ կհիշվի, ինչպես Բայրոնը, կասկածում եմ, բայց հիշվելու առհավատչյան վստահաբար ոչ թե շիրիմի վայրն է լինելու`Երեւանի պանթեոնում կամ մեկ այլ տեղ` այլ իր անունը, որ կապվում է իր գործերի եւ մտքերի հետ: Ինձ թվում է հատկապես մտքերի, քանի որ 20-րդ դարավերջի Հայաստանի մասին ամենախորը ճշմարտությունները բառաձեւել ու բարձրաձայնել է Վանո Սիրադեղյանը, չասելու համար` միայն Վանո Սիրադեղյանը:

Իհարկե, «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամների անգնահատելի պատմական, ազգային, քաղաքական ծառայությունն է, որ նրանք 1990-ականներին առաջնորդեցին ողջ ԽՍՀՄ-ն ցնցած շարժում եւ ԽՍՀՄ փլուզմանը զուգահեռ անցնցում ու անվտանգ Հայաստանը հասցրեցին անկախության հանգրվան: Սակայն այդ ճանապարհին որքա՜ն խութեր են եղել… Իմ հիշողության մեջ անջնջելի մնացել է Սիրադեղյանի` ցնցող ազնվությամբ արված խոստովանությունը մի հոդվածում, երբ գրել էր, որ անկախության հանրաքվեն նշանակելիս դրա արդյունքների հանդեպ սպասման որոշակիություն եւ վստահություն չկար, եւ եթե Աստված մի արասցե, անկախության կողմնակիցները մեծամասնություն չկազմեին, «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին կմնար ինքնասպանություն գործել: Հասկանալի է, որ գրողի սովորությամբ Սիրադեղյանը գույները խտացրել է, բայց անկախության ներբողներ ձոնելու ֆասադային, տոնական, բաժակաճառային խմբագրումներ ու աղմուկի մեջ, միայն նա է խոստովանել անպաճույճ իրականությունը:

1990-ին իշխանության եկած «Ղարաբաղ» կոմիտեի եւ ՀՀՇ-ի ընդհանրական ծառայությունն էր նաեւ, որ առանց հեղափոխություն բառը երբեւէ օգտագործելու, Ղարաբաղյան պատերազմին ու Սպիտակի երկրաշարժի հետեւանքները հաղթահարելուն զուգահեռ, այդ մարդիկ անցնցում ու անվտանգ ամենամասշտաբային բեկումն ու տրանսֆորմացիան իրականացրեցին Հայաստանի տնտեսական, քաղաքական, պետական, իրավական համակարգերում` խորհրդային տոտալիտարիզմից անցնելով քաղաքական բազմակուսակցության, շուկայական տնտեսության, սահմանադրական հանրապետության: Ձեւավորվեցին երկրի արտաքին հարաբերությունները, զինված ուժերը, անկախ պետության այլ ատրիբուտները: Նորանկախ Հայաստանի իշխանությունը հնարավոր դարձրեց ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակը` քաղաքական, դիվանագիտական, ռազմական առումներով:

Սակայն իրական փորձությունը «Ղարաբաղ» կոմիտեի, իշխանության, Հայաստանի եւ նրա ժողովրդի համար եկավ այդ ամենից հետո, 1997-ին, երբ գծվեց ջրբաժանը քաղաքական մտածողության եւ բախտախնդիր բաժակաճառության միջեւ: Եվ դարձյալ Վանո Սիրադեղյանը, չնայած ընդհանուր առմամբ աշխարհի գեղարվեստական ընկալում ունենալուն, առանձնացավ իրականությունը գիտակցելու եւ ճշմարտությունը տարբերելու իր կարողությամբ` կանգնելով Տեր-Պետրոսյանի հետ ջրբաժանի նույն կողմում: «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածով պարագծվեց այն ճամբարը Հայաստանում, որը գիտակցում էր, որ ղարաբաղյան պատերազմի էջը պետք է փակել, դրա նպաստավոր արդյունքերը պետք է օր առաջ, ժամ առաջ վերածել հաշտության եւ խաղաղության, որպեսզի Հայաստանը խուսափի ոչ պատերազմ – ոչ խաղաղություն վիճակից, տնտեսական շրջափակումից, արդյունաբերության կոլափսից, ռուսական ուղեծրից, միջազգային մեկուսացումից, հասարակության ճահճացումից, ի վերջո բոլոր այն քսան տարվա սխալներից, զրկանքներից ու կորուստներից, որ 98-ից ի վեր վիճակվեց Հայաստանին: Եւ այդ ճամբարում ամենաերեւացող ֆիգուրը Տեր -Պետրոսյանից հետո Վանո Սիրադեղյանն էր:

Սակայն այդ ճամբարը դժբախտաբար չհաղթեց: Աղմկարարության ու դատարկախոսության հաշվին, որով ծխածածկվեցին Քոչարյանի պարագլխությամբ իրականացված պալատական հեղաշրջումն ու իշխանազավթումը, Հայաստանը 1998-ից կանգնեցվեց ինքնավնասման կործանարար ուղու վրա: Քսան տարի շարունակ ղարաբաղյան խնդիր քարշ տալը այն բախտախնդիր, իրականության ընկալումից զուրկ, ապագայի հանդեպ կատարելապես անպատասխանատու արկածախնդրությունն էր, որ հասցնելու էր եւ դժբախտաբար հասցրեց փողոցի ընդվզման ու օխլոկրատիկ իշխանազավթման: Իսկ դրանից հետո արդեն թե իմաստակ Փաշինյանի վարչապետություն էր հնարավոր, թե 44-oրյա պատերազմ, թե երեք հազարից ավելի զոհեր, թե ԼՂՀ-ում վերադարձման ենթակա շրջաններից դուրս տարածքների ու վերահսկողության կորուստ:

Ով գիտե, եթե չլինեին Տեր-Պետրոսյանի` իմ խորին համոզմամբ` չափազանցված վախերը քաղաքացիական բախման ուրվականից, եթե Վանո Սիրադեղյանը ավելի հետեւողական գտնվեր եւ Տեր-Պետրոսյանի վրա ազդեցություն ունենար, եթե որեւէ կերպ «պատերազմի ճամբարի» իրագործած պալատական հեղաշրջումն ու իշխանազավթումը 1997-98-ին կանխվեր, եթե… այդ դեպքում այսօր ի՜նչ հանիրավի զրկանքներից ու կորուստներից խուսափած կլիներ Հայաստանը, ի՜նչ միջազգային տնտեսական, առեւտրային դարպասի ու գործոնի վերածված կլիներ` դեպի Միջերկրական ծով ելք ունենալով, ի՜նչ գիտական, մշակութային, արդյունաբերական ինտեգրման հասած կլիներ աշխարհի հետ, բարգավաճման ու հզորացման ի՜նչ հիմքեր դրված կլինեին քսան տարում…

Ավաղ, քսան երկար ու ձիգ տարիներ անիմաստ վատնելուց, աններելի զոհեր տալուց, ու ղարաբաղյան խնդրում ի շրջանս յուր վերադառնալուց, հասարակությանը մարգինալացնելուց ու ճահճացնելուց հետո միայն բոլորը գիտակցեցին կատարված սխալները: Հիմա ինչպե՞ս չհիշես Սիրադեղյանի բառերը, ով 2000-ին էր ասում, որ ղարաբաղյան հակամարտությունը չլուծված պահելը դառնում է Հայաստանի ուժերից վեր, դա կկոտրի այս երկրի մեջքը: Եվ դա ասում էր այն Վանո Սիրադեղյանը, ում 90-ականների պատերազմի ժամանակ ընդդիմությունը մեղադրում էր կամայական ու իշխանազանց միջոցներով Լաչինի միջանցքը բաց պահելու համար, առանց իրենց հաշիվ տալու, որ եթե այդ միջանցքը փակվեր, այսօրվա Ղարաբաղի վիճակին էլ երանի կտային:

Սիրադեղյանի եզակիությունն ու մեծությունը ըստ իս հենց նրանում է, որ Հայաստանի անկախացման առաջնորդներից ու ղարաբաղյան պատերազմի հաղթանակը կերտողներից մեկը լինելով, նա երբեք իր ինքնարժեվորման ու ինքնագիտակցության հիմքում չդրեց ղարաբաղյան պատերազմի հաղթանակը, երբեք գլխավորը երկրորդականին չստորադասեց, «առանց Ղարաբաղի չկա Հայաստան կարգի» իմաստակություններ շաղ չտվեց, ինչպես 90-ականների գործիչներից շատերը, ու հատկապես պատերազմի բովով «from zero to hero» (ոչնչությունից` հերոս) դարձածները:

Սիրադեղյանի գիտակցության մեջ միշտ ելման կետը եղել է Հայաստանը, Հայաստանի շահը, Հայաստանի ապագան: Բարձրյալը Սիրադեղյանին այնքան մտքի ուժ էր տվել, որ համատարած ժխորի մեջ տարբերում էր ճշմարտությունը եւ Հայաստանի շահը, եւ այնքան քաջություն, որ գործում էր դրա համաձայն եւ բարձրաձայնում էր դա: Մնացյալն արդեն այլոց խնդիրն էր իր կենդանության օրոք, եւ իր անձին, գործին ու մտքերին վերադառնալու գրավական է առհավետ:

hraparak.am