ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը 75 տարեկան է: Հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով: Առաջին դիտաշտարակների շինարարությանը զուգընթաց, Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ, սկսվել է նաև մասնագետների ուսուցումը Երևանի պետական համալսարանում: Այդ նույն ժամանակ բաց երկնքի տակ տեղակայված շատ համեստ աստղադիտակներով կատարվել են անդրանիկ դիտումները: 1956 թվականին, երբ տեղի է ունեցել աստղադիտարանի պաշտոնական բացումը, ստացված կարևոր արդյունքների շնորհիվ գիտական հաստատությունը հայտնի է դարձել ամբողջ աշխարհում: Հիմնադրման օրվանից մինչև 1988 թ. աստղագիտական այդ կենտրոնի անփոփոխ տնօրենն է եղել Վիկտոր Համբարձումյանը:
20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկի՝ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի գործունեության զգալի մասը կապված է Բյուրականի աստղադիտարանի հետ: Նրա տուն-թանգարանը ևս գտնվում է աստղադիտարանի տարածքում:
Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի էքսկուրսավար Փիրուզա Փիլիպոսյանը 168.am–ի հետ զրույցում խոսելով աստղագետ և աստղաֆիզիկոսի մասին, ասաց․
«Վիկտոր Համբարձումյանը մանկուց տարբերվել է իր ընկերներից, 5-6 տարեկանում երկնիշ և եռանիշ թվեր է բազմապատկել, 15 տարեկանում դասախոսություն կարդացել: Հիմնականում երբ թանգարան այցելող մարդիկ Համբարձումյանի կենսագրականին են ծանոթանում՝ զարմանում են, թե մեկ մարդն ինչպե՞ս կարող էր այսքան տարբեր աշխատանքներ կատարել:
Գաղտնիք չէ, որ նա եղել է ակտիվ քաղաքական գործիչ, մեծ գիտնական, աստղագետ, մաթեմատիկոս, ֆիզիկոս: Ղեկավարել է մի շարք գիտական հիմնարկներ: Լինելով մեծ հայրենասեր՝ անտարբեր չի եղել Արցախի հարցի հանդեպ. տարբեր ամբիոններից միշտ բարձրացրել է այդ հարցը: 82 տարեկանում 9 օր շարունակ Մոսկվայում հացադուլ է արել Արցախի հարցի համար՝ չնայած ունեցած առողջական խնդիրներին, և միայն իր ծննդյան նախօրեին է վերադարձել հայրենիք, և այդ կապակցության Երևանի կոնյակի գործարանն անհատական կոնյակ է թողարկել, որտեղ գրված է՝ «Վիկտոր Համբարձումյան՝ 82»:
Հացադուլը մեծ իրարանցում է առաջացրել ամբողջ աշխարհում, քանի որ հացադուլ էր անում այն մարդը, ով կառավարել է ողջ աշխարհի ողջ գիտությունները: Ինչպես գիտեք՝ 1968-72թթ. Վ.Համբարձումյանը ղեկավարել է միջազգային գիտությունների միության խորհուրդը, որը կառավարել է աշխարհի գրեթե բոլոր պետությունների բոլոր գիտությունները: Խորհրդային Միությունից միակ մարդն է եղել, որ ընտրվել է այդ պաշտոնում: Նա առաջին մարդն է եղել, ով Օպերայի դահլիճում բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը՝ Հայոց ցեղասպանության 50-ամյակին նվիված միջոցառման ժամանակ»:
Խոսելով մեծ գիտնականի՝ վառարանի մոտ նստած հայտնի լուսանկարի մասին, որն ակտիվորեն տարածվում է սոցիալական հարթակներում, և այդ պայմաններում գիտնականի ապրելու մասին, մեր զրուցակիցը որոշ մանրամասներ հայտնեց.
«Նա մեծ հնարավորություն ուներ կյանքի վերջին տարիներն անցկացնել եվրոպական ցանկացած երկրում. զավակների մի մասն այդ տարիներին Հայաստանում չէին բնակվում, նրանք նույնպես ուրախ կլինեին, որպեսզի հայրիկը միանար իրենց, սակայն Համբարձումյանն ինքն էր որոշել կյանքի վերջին տարիներն անցկացնել Հայաստանում: Քանի որ կինն իրենից մեկ տարի շուտ էր մահացել, այդ տարվա ձմռանը 3-4 ամիս բնակվել է դստեր տանը՝ Աշտարակի Բագավանում: Եվ այդ լուսանկարն արված է հենց դստեր տանը:
Աշտարակի քաղաքապետարանը, իմանալով, որ աշխարհահռչակ գիտնականն այնտեղ է, հատուկ էլեկտրաէներգիա է անցկացրել Համբարձումյանի դստեր բնակարան, սակայն, երբ Համբարձումյանն իմացել է, որ հարևաններից ոչ ոք լույս չունի՝ բացի իրենցից, պահանջել է, որպեսզի իրենց էլեկտրաէներգիան անջատեն: Իր «Կյանքի դրվագներ» գրքում նա գրում է, որ իր համար այդ տարիներին մեծ լույս էր իր ծոռնիկի հայերենի մաքուր իմացությունը»:
Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի էքսկուրսավարի փոխանցմամբ՝ Համբարձումյան թանգարանն ամեն օր աշխատում է, 2020 թվականին այցելուների թիվը պակասել է, բայց 2021թ. արդեն նման խնդիր չկա:
«Ճիշտ է՝ արտասահմանցի այցելուների քանակը նվազել է, բայց աճել է ներքին տուրիզմը։ Մեր այցելուների մեծ մասը դպրոցականներն ու ուսանողներն են, միշտ էլ այդպես է եղել»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Անի Կարապետյան